10:12  ,  30 ապրիլի, 2015

Հրանտ Մելքումյան. Նորամուտս հաջող ստացվեց Հայաստանի հավաքականում

Աշխարհի թիմային առաջնությունում նշեցի նորամուտս Հայաստանի հավաքականում: Հաջող եմ համարում առաջնությունում իմ խաղը։ Գրանցեցի երեք հաղթանակ, որի շնորհիվ թիմը միավորներ վաստակեց։

Այս մասին ասել է Հայաստանի հավաքականի նորեկ, 2015թ. Հայաստանի չեմպիոն Հրանտ Մելքումյանը՝ ամփոփելով Ծաղկաձորում ավարտված շախմատի աշխարհի թիմային առաջնությունում իր մասնակցությունը։

«Գտնում եմ, որ իմ նորամուտը հաջող ստացվեց, թեեւ երկու պարտություն կրեցի: Մասնավորապես, Հունգարիայի հետ խաղում շատ ցավոտ պարտություն կրեցի: Ամեն դեպքում, երեք հաղթանակ գրանցեցի, ինչի շնորհիվ թիմը միավորներ վաստակեց: Կարող եմ հաջող համարել առաջնությունում իմ խաղը:

Այդքան էլ կայուն չէր, քանի որ մի պարտիայում կոպիտ վրիպեցի, բայց ընդհանուր առմամբ համեմատած անցյալ առաջնության, այս առաջնությունում խաղս այդքան էլ կայուն չէր: Բայց մյուս կողմից հաղթանակներ ունեցա, ինչն ավելի կարեւոր էր»,- ասաց Հրանտ Մելքումյան:

Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոն է դարձել Չինաստանի թիմը, արծաթե մեդալը նվաճել է Ուկրաինայի հավաքականը, իսկ հայ գրոսմայստերները բավարարվել էին բրոնզե մեդալով։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ tsaghkadzor2015.fide.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով