23:21  ,  28 ապրիլի, 2015

Օզբիլիս. Ապրիլի 24-ին հեռացվեցի «Սպարտակի» հիմնական թիմից

Պաշտոնական վարկածով ես դեռ վնասվածք ունեցող ֆուտբոլիստ եմ, իրականում ինձ հրաշալի եմ զգում եւ 100 տոկոս պատրաստ եմ, ասել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Sport-express-ին:

Ռուսական թիմի ազգությամբ թուրք, Շվեյցարիան ներկայացնող Մուրատ Յակինը Օզբիլիսին հեռացրել է հիմնական կազմից եւ տեղափոխել է երկրորդ թիմ:

«Թիմի բժշկական շտաբում իսկական պրոֆեսիոնալներ, ֆիզպատրաստության մարզիչները՝ նույնպես, իսկ մարզչական շտաբի հետ խնդիրները պարբերաբար են: Չկա նրանց հետ պատշաճ հաղորդակցում: Այնքան էլ նորմալ չէ, երբ մարզման ընթացքում չես հասկանում, թե ինչ են քեզնից սպասում: Վերջին անգամ թիմի հետ մարզվել եմ «Մորդովիայի» հետ խաղից առաջ: Սարանսկում հաղթանակից հետո մարզիչը հանգստյան երեք օր տվեց խաղացողներին, ինքն էլ օգնականների հետ մեկնեց Շվեյցարիա:

Վերադառնալուց հետո երկու մարզում անցկացրի: Հաջորդ օրը թեթեւ հոգնածություն զգացի ծնկիս մկաններում: Այդ մասին ասացի մարզիչին: Յակինը կանչեց բոլոր բժիշկներին ու մարզիչներին եւ հայտարարեց, որ ես պատրաստ չեմ: Ես շոկի մեջ էի: Յակինը հայտարարեց, որ վնասվածքով խաղացողների հետ չի ցանկանում աշխատել եւ ինձ ուղարկեց երկրորդ թիմ, որը մարզվում է սինթետիկայի վրա: Այդ ամենը տեղի ունեցավ ապրիլի 24-ին: Այժմ կասկածներ ունեմ, որ այս ամենը հետեւանք է այն բանի, որ ես հայ եմ, իսկ մարզիչը՝ թուրք»,- ասել է Օզբիլիսը:

Ծնկի վնասվածքի հետեւանքով 25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում