17:06  ,  23 ապրիլի, 2015

Ռոնդա Ռոուզի. Հայաստանում ինձ հրաշալի եմ զգում (մարզումն ու ճեպազրույցը տեսանյութով)

Հայաստանն ինձ շատ է դուր եկել։ Տպավորություն է, թե նախկինում մի քանի անգամ եղել եմ Հայաստանում, բայց սա իմ առաջին այցն է։ Հայաստանում ինձ հրաշալի եմ զգում։ Հույս ունեմ՝ իմ բաց մարզումը բոլորին դուր եկավ։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ամերիկացի հայտնի մարզուհի եւ դերասանուհի, խառը մենամարտերի MMA, UFC-ի չեմպիոն, ձյուդոյի 2007թ. աշխարհի փոխչեմպիոն, 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոնդա Ռոուզին, որն ապրիլի 22-ի երեկոյան ժամանել է Հայաստան: Ապրիլի 23-ին «Դինամո» մարզադահլիճում մարզուհին ցուցադրական մարզում անցկացրեց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի համար։

Մոտ մեկ ժամ տեւած բաց մարզումից հետո Ռոնդա Ռոոզուին հետեւեց նաեւ հայ բնռցքամարտիկների մարզմանն ու մարզումային մենամարտերին։

«Հուսով եմ՝ իմ այսօրվա ցուցադրական մարզումը դուր եկավ երկրպագուներին, բռնցքամարտիկներին։ Այս մարզաձեւով սկսեցի զբաղվել սպորտային կառուցվածք, կազմվածք ունենալու համար։ Հետագայում մարզվելն ինձ համար դարձավ նպատակային եւ սկսեցի ավելի մասնագիտանալ, տիտղոսներ ունենալ, նվաճումներ ձեռք բերել։ Սկզբում դրանք կարճաժամկետ նպատակներ էին՝ դառնալ չեմպիոն, այժմ՝ երբ մարզական կարիերաս մոտենում է ավարտին, ավելի շատ մտածում եմ այս մարզաձեւի զարգացման հարցում ներդրում ունենալու, իմ փորձը եկող սերունդներին փոխանցելու մասին։

Հայաստանում ինձ հրաշալի եմ զգում։ Տպավորություն է, թե նախկինում էլ եմ այստեղ եղել, թեեւ առաջին անգամ եմ Հայաստանում։ Ինձ այստեղ շատ ջերմ են ընդունում։ Իմ այցի նպատակն է նպաստել Հայոց ցեղապանության մասին իրազեկման մեծացմանը եւ աջակցել միջազգային ճանաչման ջանքերին»,- ասել է Ռոնդա Ռոուզին։

Ապրիլի 24-ին մարզուհին կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, իսկ ուշ երեկոյան կմեկնի Հայաստանից:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով