18:47  ,  23 ապրիլի, 2015

Էդմոնդ Թարվերդյան. Ռոնդա Ռոուզին մարզվում է «Գլենդեյլ ֆայթինգ քլաբում» եւ շատ կապված է Հայաստանի հետ

Ռոնդա Ռոուզին ինքն է ինձ գտել եւ խնդրել, որ աշխատեմ իր հետ, լինեմ իր մարզիչը։ Ցուցադրական մարզում անցկացրեցինք, որը կարծում եմ օգտակար կլինի հայ մարզիկների համար։ Հայ բռնցքամարտիկները շատ տաղանդավոր են, նրանց պակասում է հոգեբանական պատրաստվածությունը։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց խառը մենամարտերի MMA, UFC-ի չեմպիոն, ձյուդոյի 2007թ. աշխարհի փոխչեմպիոն, 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոնդա Ռոուզիի անձնական մարզիչ, ԱՄՆ «Գլենդեյլ ֆայթինգ քլաբի» ղեկավար, հայազգի Էդմոնդ Թարվերդյանը։

Էդմոնդ Թարվերդյանը Ռոնդա Ռոուզիի հետ ապրիլի 22-ին ժամանել է Հայաստան։

«ԱՄՆ տեղափոխվել եմ 1989 թվականին, այնտեղ մարզվում էի «Գլենդեյլ ֆայթինգ քլաբում»։ Որոշ ժամանակ անց մարզիչս լքեց ակումբը, եւ ես սկսեցի ղեկավարել այն։ 16 տարեկան էի այդ ժամանակ եւ սկսեցի մարզել երեխաների եւ այդպես 18 տարի է։

Ռոնդա Ռոուզիի հետ ծանոթացել եմ «Գլենդեյլ ֆայթինգ քլաբի» մարզադահլիճում։ Նա պարբերաբար հաճախում էր մեր ակումբ եւ ցանկանում էր մեզ մոտ մարզվել։ Սկզբում ես չէի ցանկանում նրա հետ մարզվել, բայց նա ինձ համոզեց, չորս ամիս գնաց, եկավ եւ ես համաձայնեցի։ Կարելի է ասել՝ Ռոնդա Ռոուզին է ինձ գտել։

Ռոնդան շատ կապված է Հայաստանի հետ։ Նրա ապրելակերպը նման է հայի ապրելակերպին։ Նա սիրում է հայերին եւ ցանկանում էր անպայման այցելել Հայաստան։ Այցը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում է։ Նա մեծ ցանկություն ունի աջակցել միջազգային ճանաչման գործընթացին։

Նաեւ կազմակերպեցինք բաց մարզում։ Մենք ցանկանացանք հայ մարզիկներին ցուցադրել, թե ինչպես ենք մենք մարզվում։ Կարծում եմ՝ օգտակար կլինի այս ցուցադրական մարզումը մեր հայ մարզիկների համար։ Ես ցանկացա ցույց տալ հայ բռնցքամարտիկներին, թե հոգեպես որքան պատրաստված է Ռոնդա Ռոուզին։ Շատ կարեւոր է մարզիկի համար հոգեպես պատրաստ ռինգ մտնելը, մենամարտ անցկացնելը։ Իսկ հայ մարզիկներին պակասում է հոգեբանական պատրաստվածությունը։ Ես գիտեմ, նաեւ տեսնում եմ, որ հայ մարզիկները շատ տաղանդավոր են։ Բայց միայն տաղանդը չէ, որ օգնում է հասնել հաղթանակի։ Նաեւ անհրաժեշտ է հոգեբանորեն տրամադրվել եւ պատրաստ լինել միայն հաղթանակի»,- ասաց Էդմոնդ Թարվերդյանը։

Ապրիլի 24-ին Ռոնդա Ռոոզւին կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ուշ երեկոյան կմեկնի Հայաստանից:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով