Օրեր առաջ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում հայտնվեց երիտասարդ տղայի լուսանկար եւ մեկ ուղերձ, որում ասվում էր, որ երիտասարդ Գեւորգ Եղիազարյանի կյանքը փրկելու համար շտապ վիրահատություն է հարկավոր: Վիրահատությունը, որից կախված է երիտասարդի կյանքը արժե 56 հազար դոլար:
Գեւորգ Եղիազարյնաը հունահռոմեական ոճի ըմբիշ է, նախքան բանակ զորակոչվելը մոտ ութ տարի զբաղվել է ըմբշամարտով եւ ունեցել հաջողություններ:
4 տարի առաջ հայկական բանակում պարտքը կատարելիս, հակառակորդի գնդակից հրազենային լուրջ վնասվածք էր ստացել, որից հրաշքով է փրկվել: Ծանր վնասվածքի բուժման համար ՀՀ Պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ Գեւորգը մեկնել էր Իսրայել եւ ստացել անհրաժեշտ բուժումը, սակայն վերադառնալուց հետո ըմբիշի առողջական վիճակը վատթարացել է, ընդհուպ մինչեւ անկողնային, անշարժ վիճակ: Ըմբիշին հարկավոր է անցնել բուժման եւս մեկ բարդ ու շատ կարեւոր փուլ: Սակայն անհրաժեշտ գումարը Գեւորգի ընտանքինը չունի:
Ֆեյսբուքյան այս հրապարակման հետքերով հայ անվանի ըմբիշներ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը, Վաղինակ Գալստյանը, Կարեն Մնացականյանը եւ Արսեն Բադալյանը այցելել են Գեւորգին եւ աջակցել նրան ու ընտանիքին:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանը NEWS.am Sport-ի թղթակից Շուշանիկ Հակոբյանի հետ զրույցում նշեց, որ այցի նպատակն էր իսկապես օգնել Գեւորգին, որ ոչ մի գովազդ չփտնրեն նրանց արարքի մեջ.
«Ամեն ինչի նախաձեռնողը Արսեն Բադալյանն էր, ով ֆեյսբուքյան հրապարակումն էր տեսել: Մենք բոլորս միացել ենք նրան եւ այցելել Գեւորգին: Չնայած այն փաստին, որ Գեւորգը շատ հայտնի ըմբիշ չէ, նա մինչեւ բանակ զորակոչվելը ունեցել է բազմաթիվ հաղթանակներ իր տարիքային խմբում:
Այս քայլով մենք չենք ցանկացել հայտնվել ուշադրության կենտրոնում: Ընդհակառակը՝ այս քայլը նրա համար էր, որ ոչ միայն մարզաշխարհի ներկայացուցիչները, այլեւ պարզապես քաղաքացիները տեղեկանան եւ օգնեն:
Վերջիվերջո, մենք էլ չէինք իմանա այս երիտասարդի մասին, եթե սոցիալական կայքում տեղադրված չլիներ նրա լուսանկարը: Ուրախ եմ, որ կարողացանք ինչ-որ չափով նպաստել Գեւորգի ապաքինմանը:
Իրականում, այն ինչ մենք տեսանք շատ ցավալի էր. գեղեցիկ, երիտասարդ տղա, սակայն գամված անկողնուն: Հոգեբանական տեսանկյունից բոլորիս համար ծանր էր տեսնել դա: Տա Աստված, որ այդ տղան ապաքինվի, ոտքի կանգնի եւ նրան նորից տեսնենք ըմբշամարտի դահլիճում:
Գեւորգը դժվարությամբ էր խոսում, բայց նրա հետ զրուցեցինք: Իհարկե լինելով ըմբիշ՝ նա բոլորիս լավ էր ճանաչում: Նա ասաց, որ եղել է դեպք, երբ միասին մի մարզադահլիճում մարզվել ենք: Նրան մեր այցը ուրախացրեց:
Ծնողները մեզ ասացին, որ առաջին բուժումը Իսրայելում արդյունավետ էր, սակայն Հայաստան վերադառնալուց հետո նրա առողջական վիճակը կրկին վատթարացել է:
Այժմ նրանց միակ հույսը այդ վիրահատությունն է, որը պետք է արվի արտերկրում»,- ասաց աշխարհի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Վաղինակ Գալստյանը:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն Կարեն Մնացականյանը նշեց, որ դեռեւս ուշքի չի գալիս այն տեսարանից, որին ականատես են եղել. «Անկեղծ, չգիտեմ ինչ ասել: Այցի տպավորություններից դեռ ուշքի չենք գալիս: Այնտեղ տեսանք երիտասարդ տղայի, գեղեցիկ, նախկինում մարզիկ, բայց գրեթե անշարժ ու անկողնուն գամված: Շատ ծանր էր տեսնել Գեւորգին այդ վիճակում: Մենք նրան նաեւ ըմբշամարտի մարզահագուստ եւ վերնաշապիկ նվիրեցինք: Նրան դուր եկավ, նա ժպտում էր:
Հուսանք, որ մեր այցը կնպաստի ոչ միայն նրա ապաքինմանը, այլեւ կգտնվեն մարդիկ, ովքեր նույնպես նրան կօգնեն»,- ասաց Մնացականյանը:
Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Բարսելոնայի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ալֆրեդ Տեր-Մկրտչյանն ասաց, որ Գեւորգը մեծ կամքի ուժի տեր տղա է.
«Ես համարում եմ, որ յուրաքանչյուր հայի պարտքն է այսպիսի պայմաններում գտնվող տղային կամ այցելել կամ գոնե իր ուժերի չափով օգնի նրան, աջակցի:
Գեւորգը իրոք շատ դժվարությամբ էր խոսում՝ հազիվ լսելի ձայնով, բայց երբ մենք եկանք ու զրուցում էինք նրա հետ՝ մոր օգնությամբ, նա չթողեց, որ մայրը օգնի: Նա կամքի մեծ ուժ ունեցող տղա է, տրամադրեց իրեն եւ խոսեց այնպես, որ մենք կարողանայինք նրան լսել ու հասկանալ»,- ասաց Տեր-Մկրտչյանը:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախկին փոխնախագահ Արսեն Բադալյանն, ում նախաձեռնությամբ ըմբիշներն այցելել էին Գեւորգին հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ.
«Առանց մեկնաբանությունների»,- ասաց Բադալյանը:
Հ.Գ. Ապրիլի 3-ը Գեւորգ Եղիազարյանի ծննդյան օրն է: Նա դարձավ 23 տարեկան:
NEWS.am Sport-ը շնորհավորում է Գեւորգին եւ մաղթում արագ ապաքինում:
Փոխանցումներ անելու համար բացվել են հատուկ հաշվեհամարներ՝
UNIBANK,Armenia,SWIFT: UNIJ AM 22
Beneficiary: Yeghiazaryan Edik
Account No: 24100321447502
For transfer in USD:
Intermediary Bank:
Deutsche Bank Trust Company Americas, New York
SWIFT:BKTR US 33
Beneficiary's bank:
UNIBANK,Armenia,SWIFT: UNIJ AM 22
Beneficiary: Yeghiazaryan Edik
Account No:24100321447501
For transfers in EUROPE:
Intermediary Bank:
Deutsche Bank AG,Frankfurt
SWIFT: DEUTDEFF
Beneficiary's bank:
UNIBANK,Armenia,SWIFT: UNIJ AM 22
Beneficiary: Yeghiazaryan Edik
Account No: 24100321447502
Լուսանկարը՝ Սամվել Ղայթմազյանի, տրամադրել է Վաղինակ Գալստյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի