17:40  ,  22 փետրվարի, 2015

Արթուր Աբրահամի հաղթական շոուն. Այն ամենը, ինչը դուրս է մնում կադրից (ֆոտոշարք)

Արթուր Աբրահամը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը King Artհur-ն է: Գերմանիայում հենց այդպես են կոչում Արթուր Աբրահամին, ում մասին խոսելիս պարտադիր շեշտադրում են՝ King Arthur: Եվ իսկապես կրկին ու կրկին համոզվեցի, որ Արթուր Աբրահամը Գերմանիայում կուռք է:

Այն, ինչ ցուցադրվում է հեռուստաէկրանին, այն ինչ մատուցվում է ինտերնետային կայքերում, չեն կարող փոխանցել այն էներգիան, որը կա մենամարտի անցկացման վայրում: Իրականում ամեն ինչ այլ է, ամեն ինչ այնքան շատ է՝ լի հույզերով, որ դժվար է բառերով փոխանցել: Երբ ներս ես մտնում մարզապալատ, արդեն այդ պահից քեզ կլանում է անհասկանալի ու անբացատրելի մի ոգեւորություն: Հիացնում է տեսածդ ամեն բան՝ լուսաձայնային վերջին սերնդի համակարգեր, հանդիսատեսի համար տեսանելի համապատասխան հեռուստառադիոհեռարձակման վահանակներ, անվտանգության աշխատակիցների աչալրջություն, լրատվամիջոցների աշխատանքի համար ստեղծված պայմաններ, հատուկ հրավիրված vip հյուրերի համար նախատեսված սրահներ:

Մենամարտից արդեն մեկ ժամ առաջ 17 հազար տեղ ունեցող O2 World-ն արդեն թնդում էր: Այնքան էներգիա էր գալիս դահլիճից, որ չտրվել այդ էմոցիաներին ուղղակի չէր լինում: Մարդիկ վայելում էին ամեն վայրկյանը: Մարդիկ այստեղ այնպես են նախապատրաստվում Արթուր Աբրահամի մենամարտերին, այնպես են շպարվում, հագնվում, ինչպես դա անում են հոլիվուդյան աստղերը «Օսկարի» մրցանակաբաշխությանը գնալիս: Բոլորի համար մեծ տոն է:

Մենամարտը սկսվեց հայտարարված ժամին: Ռինգի շուրջը իրենց տեղերն էին զբաղեցրել Արթուր Աբրահամի հյուրերը Երեւանից՝ հայրը, եղբայր Ալեքսը, հարազատները, բարեկամները: Նույնիսկ մի պահ թվաց, թե այդ ամենը տեղի է ունենում Հայաստանում, հայերեն վանկարկումներ շատ քին՝ «Արթուր թագավոր», «Արթուր», «ախպերս»: Միայն մեկն էր Արթուրին կոչում Ավո, այլ ոչ Արթուր. «Ավո, խփի», «Ավո, զգույշ», «Ավո, շնչի», «Ավո, երկու անգամ խորը շնչի», «Ապրես». Դա Արթուր Աբրահամի եղբայրն էր՝ Ալեքսը:

Ամբողջ մենամարտի ընթացքում հետեւեցի Արթուր եւ Ալեքս Աբրահամ եղբայրների շփմանը: O2 World մարզապալատը թնդում էր, ասես ուր որ է էներգիայի ճնշումից կպայթի, դահլիճը միաձայն վանկարկում էր «Արթուր», «Արթուր»: Արթուր Աբրահամի ամեն միավորային հարվածից հետո ծափահարությունների, գոռում-գոչյունների տարափ, իսկ այդ ամենը ռինգում կռվող Արթուրին ասես հասանելի չէր: Այնպիսի տպավորություն էր, թե Արթուրը խլացրել է բոլոր ձայները, ռինգից տեսնում, լսում, հայացնքերով փոխանակվում է միայն մեկ մարդու՝ եղբոր Ալեքս Աբրահամի հետ: Անմիջապես ռինգի կապույտ անկյունի հարեւանությամբ հանդիսատեսի առաջին շարքը զբաղեցրած Ալեքս Աբրահամը եղբոր հետ հավասար պայքարի մեջ էր, մենամարտում էր, այնպես էր զգում Արթուրի ամեն մի քայլը, հարվածը, եկող հարվածը, ասես ինքն էր այդ հարվածները ստանում եւ պատասխան տալիս: Ալեքս Աբրահամը վայրկյանների հաշվարկով ամեն պահ Արթուրին հիշեցնում էր՝ որքան է մնացել՝ «Ավո՝ 1 րոպե, 10 վայրկյան, Ավո 50 վայրկյան, 40, 30, 20, հարձակվի, պաշտպանվի, մնաց 10 վայրկյան, ձախից ա գալիս հարվածը, զգույշ»: Իսկ երբ Արթուր Աբրահամը միավորային հարվածներ է հասցնում մրցակցին, Ալեքս Աբրահամը արձագանքում է՝ «Ապրիիիիիի»: Միայն այս արտահայտությունը լսելուց հետո Արթուրն ամեն անգամ շրջվում եւ ժպտում է եղբոր կողքը նստած հորը, ապա եղբորը, ասես այդ ժպիտով հասկացնում է, որ ամեն ինչ հրաշալի է: Արթուր Աբրահամն այդ 12 ռաունդների ընթացքում այլեւս ոչինչ չի տեսնում, չի լսում, ականջին հասանելի չի դարձնում որեւիցե մեկի խոսքը, բղավոցը, ծափերը: Արթուրի հենասյունը նաեւ ռինգում իր մարզիչ Ուիլի Վենգերն է: Նա եւս Ալեքս Աբրահամի պես հենասյուն է համարվում Արթուրի համար:

Արթուրին O2 World մարզապալատում դիմավորեցին եւ ճանապարհեցին գերաստղի, իսկական արքայի, Գերմանիայի աստղի, կուռքի նման ու հաղթանակած:

Լուսինե Շահբազյան՝ Բեռլինից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով