09:05  ,  22 դեկտեմբերի, 2014

Արթուր Ալեքսանյան. Հայաստանի լավագույն մարզիկի կոչումը մեծ նվաճում եմ համարում

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին ներկայացնելը գնալով ավելի բարդ է դառնում: Տարեցտարի այս տաղանդավոր մարզիկին ներկայացնելուց առաջ նշվող տիտղոսներն ավելանում են: Այս տարի «Ճերմակ արջի» տիտղոսներին ավելացավ Եվրոպայի չեմպիոնի հեթական եւ, իհարկե, աշխարհի չեմպիոնի կոչումը:

Եվ այսպես՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, Հայաստանի հավաքականի 98կգ քաշային կարգի առաջատար, Եվրոպայի եռակի չեմպիոն, 2013թ. աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն, 23-ամյա Արթուր Ալեքսանյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ամփոփեց անցնող տարին:

Արթուր, տարին մոտենում է ավարտին եւ այն ամփոփելու ճիշտ ժամանակն է: Ինչպիսի՞ն էր քեզ համար 2014-ը:

Կարող եմ ասել՝ հաղթական: Դարձա Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն, հաղթել եմ բոլոր մրցաշարերում, պարտություն չեմ ունեցել: Տարին իսկապես հաջողված կարելի է համարել:

Ի՞նչ է փոխվել Արթուր Ալեքսանյան մարդու եւ մարզիկի մեջ, աշխարհի չեմպիոն դառնալուց հետո:

Ես փոփոխություն չեմ զգում (ժպտում է): Այդ հարցին երեւի պետք է պատասխանեն այն մարդիկ, ովքեր շրջապատում են ինձ: Պատասխանատվությունն է ավելացել:

Արթուր, 2014թ. Հայաստանի լավագույն մարզիկն ես: Պարտավորեցնո՞ղ կոչում է:

Իհարկե: Հայաստանի լավագույն մարզիկի կոչումը մեծ նվաճում եմ համարում: Այն եւ պարտավորեցնող է, եւ հպարտանալու առիթ է տալիս յուրաքանչյուր մարզիկին: Ամեն ինչ կանեմ կոչմանն արժանապատիվ լինել:

Հաղթել եւ դառնալ առաջինը բարդ է, սակայն ավելի դժվար է պահել այդ նշաձողը: Հիմա, երբ դու աշխարհի չեմպիոն ես, սպասելիքները քեզանից ավելի շատ են:

Այո բարդ է լինել ու մնալ առաջինը: Բայց պետք չէ բավարարվել եղածով, պետք է շարունակել մարզվել ու ձգտել միշտ առաջ:

Այս տարի նորամուտդ նշեցիր ակումբային առաջնությունում:

Այո, հանդես եմ գալիս գերմանական «Մայնց-88» ակումբում: Անցկացրել եմ չորս գոտեմարտ, հաղթել եմ բոլորում:  

Ինչպիսի՞նն է ակումբային առաջնությունը քեզ համար: Մրցակիցների մասին ի՞նչ կասես:

Մրցակիցների մասին կասեմ, որ նրանք բոլորն էլ տիտղոսակիր ըմբիշներ են: Անցկացրածս չորս գոտեմարտերից ամենաբարդը աշխարհի չեմպիոն, 85կգ քաշային կարգը ներկայացնող ֆրանսիացի Մելոնին Նումոնվի հետ էր: Ընդհանուր առմամբ՝ բարդ չէ ակումբային առաջնությունում հանդես գալը:

Դու ակումբում նորեկ ես, ո՞վ էր քեզ  օգնում այնտեղ հարմարվել:

Ակումբում ես թարգմանիչ ունեի, բացի այդ մարզիչներից շատերը ռուսերեն գիտեին, հեշտ էր շփվել նրանց հետ: Հարմարվել օգնում էր հորեղբայրս, ով այնտեղ է ապրում:

Արթուր, 2015-ին Բաքվում առաջին անգամ կանցկացվեն Եվրոպական խաղեր: Ինչպիսի՞նն է քո տեսակետը խաղերին մասնակցելու կամ բոյկոտելու վերաբերյալ:

Կարծում եմ, դա իմ որոշելու հարցը չէ: Եթե որոշեն, որ պետք է մեկնենք, ուրեմն կմեկնենք եւ այդ դեպքում ամեն ինչ կանենք հաղթելու համար:

Ինչպե՞ս ես արտրաստվում դիմավորել Ամանորը:

Անկեղծ ասած՝ դեռ չեմ որոշել, թե որտեղ կդիմավորեմ Նոր տարին: Ամենայն հավանականությամբ՝ Հայաստանում չեմ լինի:

Սիրո՞ւմ ես Ամանորը:

Այո, շատ: Նաեւ ցանկանում եմ օգտվել առիթից եւ շնորհավորել բոլորին գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Բոլորին մաղթում եմ ամենագլխավորը՝ առողջություն, երջանկություն:

Շնորհակալություն: Իսկ Ամանորից բացի ո՞ր տոնն է քեզ դուր գալիս:

Սիրում եմ իմ ծննդյան օրը (ծիծաղում է):

Ի՞նչ ծրագրեր ունես հաջորդ տարի:

Դե եթե մասնակցենք Եվրապական խաղերին, կապատրաստվեմ դրան: Եթե չմասնակցնեք, կպատրաստվենք արդեն աշխարհի առաջնությանը: Պետք է մարզվել եւ շարունակել հաղթել:

Շուշանիկ Հակոբյան (ֆոտո՝ NEWS.am Sport)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով