22:17  ,  10 դեկտեմբերի, 2014

Օգսեն Միրզոյան. Պողոս Պողոսյանը եկավ, տեսավ, գնաց

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը եկավ, տեսավ, գնաց։ Փաշիկ Ալավերդյանը երկար տարիների փորձ ունեցող մարզիչ է։ Կարծում եմ՝ նրան կհաջողվի ծանրամարտը զարգացնել, առաջ մղել։ Փաշիկ Ալավերդյանին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հատուկ նիստը, որն անցկացրել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Նիստի ընթացքում ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը հեռացվել է պաշտոնից: Գլխավոր մարզիչ է նշանակվել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը։

Օգսեն Միրզոյանն այժմ որդու անձնական մարզիչն է եւ ամփոփել է 2014 թվականն Առաքել Միրզոյանի համար։

«Մեզ համար հաջողված տարի էր։ Առաքելն աստիճանաբար վերականգնում է իր նախկին մարզավիճակը։ Հաջող հանդես եկավ Եվրոպայի առաջնությունում։ Կարող էր նաեւ հաջող հանդես գալ աշխարհի առաջնությունում, բայց քանի որ տվյալ մարզավիճակով մեդալ չէր նվաճելու, հարմար գտանք բաց թողնել աշխարհի առաջնությունը։ Ամեն ինչ ընթանում է մեր ծրագրածով։ Մենք դեռ մեդալներ կնվաճենք։ Առաքելը քրտնաջան աշխատում է։ Մեր նպատակը Ռիո-2016-ն է։

Չնայած Առաքելը հավաքականի անդամ է, բայց հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը բացարձակ չէր հետաքրքրվում Առաքել Միրզոյանով։ Նա ոչ մի ուշադրություն չի դարձրել Առաքելին, չի հետաքրքրվել նրա մարզումներով, մարզավիճակով։ Առաքել Միրզոյանը չմասնակցեց աշխարհի առաջնությանը։ Իսկ հավաքականի մարզիչը անհասկանալի եւ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներով հանդես եկավ մամուլում։ Առաքել Միրզոյանը մարզվում է, նա չի գնա մրցման զուտ մասնակցության համար, որպես տուրիստ, այլ կգնա մեդալների հետեւից»,- ասաց Օգսեն Միրզոյանը։

Լուսինե Շահբազյան (ֆոտո՝ NEWS.am Sport)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով