18:52  ,  17 նոյեմբերի, 2014

Հռիփսիմե Խուրշուդյան. Ուրախ եմ, որ մայր դառնալուց հետո հաջողվում է վերադառնալ նախկին մարզավիճակիս

Շատ գոհ եմ իմ ելույթից: Աճ կա, ինչպես ես, այնպես էլ մարզիչներս նկատում են այդ աճը: Եվրոպայի առաջնության արդյունքից 11 կգ աճել եմ: Ուրախ եմ, որ ինձ հաջողվում է մայր դառնալուց հետո աստիճանաբար վերադառնալ նախկին մարզավիճակիս:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում իր մրցելույթը ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսպես մեկնաբանեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, +75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը:

«Գոհ եմ իմ ցույց տված արդյունքիցս, իմ ելույթից: Բոլոր 6 մոտեցումները չկարողացա իրականանցնել: Որքան շատ կիլոգրամներ էինք ավելացնում, այնքան գիտակցում էի, որ այդ քաշը չեմ կարողանալու բարձրացնել, քանի որ գիտեմ իմ հնարավորությունների չափը: Երկամարտում 243 կգ արդյունքը ինձ համար լավ արդյունք է, քանի որ 11 կգ-ով բարելավել եմ Եվրոպայի առաջնության արդյունքս: Սա ինձ ուրախացնում է, քանի որ նշանակում է՝ աճ կա: Եվ եթե այս տեմպերով շարունակեմ, կկարողանամ վերադառնալ իմ նախկին մարզավիճակին: Ինձ դա հաջողվում է մայրանալուց հետո: Արդեն հաջորդ տարի Եվրոպայի, աշխարհի առաջնություններում բարձր, մրցանակային տեղերի համար կպայքարեմ:

Իմ մրցելույթից գոհ են նաեւ մարզիչներս: Նրանք էլ հասկացան, որ Եվրոպայի առաջնությունից հետո միանշանակ աճ կա: Կշարունակեմ այս տեմպերով, քանի որ իմ նպատակը Ռիո-2016-ն է»,- ասաց Հռիփսիմե Խուրշուդյանը:

Նոյեմբերի 16-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հռիփսիմե Խուրշուդյանը գրավեց 15-րդ տեղը՝ երկամարտում գրանցելով 243 կգ արդյունք:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով