18:52 17 նոյեմբերի, 2014Շատ գոհ եմ իմ ելույթից: Աճ կա, ինչպես ես, այնպես էլ մարզիչներս նկատում են այդ աճը: Եվրոպայի առաջնության արդյունքից 11 կգ աճել եմ: Ուրախ եմ, որ ինձ հաջողվում է մայր դառնալուց հետո աստիճանաբար վերադառնալ նախկին մարզավիճակիս:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում իր մրցելույթը ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսպես մեկնաբանեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, +75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը:
«Գոհ եմ իմ ցույց տված արդյունքիցս, իմ ելույթից: Բոլոր 6 մոտեցումները չկարողացա իրականանցնել: Որքան շատ կիլոգրամներ էինք ավելացնում, այնքան գիտակցում էի, որ այդ քաշը չեմ կարողանալու բարձրացնել, քանի որ գիտեմ իմ հնարավորությունների չափը: Երկամարտում 243 կգ արդյունքը ինձ համար լավ արդյունք է, քանի որ 11 կգ-ով բարելավել եմ Եվրոպայի առաջնության արդյունքս: Սա ինձ ուրախացնում է, քանի որ նշանակում է՝ աճ կա: Եվ եթե այս տեմպերով շարունակեմ, կկարողանամ վերադառնալ իմ նախկին մարզավիճակին: Ինձ դա հաջողվում է մայրանալուց հետո: Արդեն հաջորդ տարի Եվրոպայի, աշխարհի առաջնություններում բարձր, մրցանակային տեղերի համար կպայքարեմ:
Իմ մրցելույթից գոհ են նաեւ մարզիչներս: Նրանք էլ հասկացան, որ Եվրոպայի առաջնությունից հետո միանշանակ աճ կա: Կշարունակեմ այս տեմպերով, քանի որ իմ նպատակը Ռիո-2016-ն է»,- ասաց Հռիփսիմե Խուրշուդյանը:
Նոյեմբերի 16-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հռիփսիմե Խուրշուդյանը գրավեց 15-րդ տեղը՝ երկամարտում գրանցելով 243 կգ արդյունք:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.