09:40  ,  28 մայիսի, 2012

Յուրա Մովսիսյան. Բոլոր ֆուտբոլիստները պետք է իրենց առաջատար զգան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներից մեկը` ռուսական «Կրասնոդարի» ռմբարկու Յուրա Մովսիսյանը, ծանր մրցաշրջանից հետո միացել է հավաքականի իր խաղընկերներին եւ նախապատրաստվում է առաջիկա ընկերական խաղերին: Ռուսաստանի ավարտված առաջնությունն անցումային էր, եւ Յուրան «Կրասնոդարի» կազմում անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 14 գոլի հեղինակ: Չնայած անցկացրած ծանր մրցաշրջանին, 24-ամյա հարձակվողը լի է վճռականությամբ հավաքականի կազմում նոր գոլեր հեղինակելու համար: Հավաքականի կազմում Մովսիսյանն առայժմ հանդես է եկել 12 անգամ եւ դարձել է չորս գոլի հեղինակ:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Յուրա Մովսիսյանի հետ:

Յուրա, պարզ է, որ ծանրաբեռնված մրցաշրջան ես անցկացրել «Կրասնոդարի» կազմում: Հոգնածություն զգո՞ւմ ես:

Որոշակի հոգնածություն, իհարկե, կա, սակայն արդեն հասցրել եմ հանգստանալ: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ սովորում է այն գրաֆիկին, որը պարտադրում է խաղացանկը: Առաջին տարին չէ, որ նման ծանրաբեռնվածություն կա, ես էլ եմ սովոր: Պրոֆեսիոնալների համար արտասովոր ոչինչ չկա: Ես ինձ շատ լավ եմ զգում ու պատրաստվում եմ առաջիկա խաղերին:

Մրցաշրջանի ավարտից հետո քեզ առաջատար զգու՞մ ես «Կրասնոդարում»:

Եթե թիմի հարձակվողն արդյունավետ է գործում, գոլեր է խփում, մեխանիկորեն նրա հետ արդեն մեծ հույսեր են կապվում յուրաքանչյուր թիմում: Կարծում եմ, որ բոլոր ֆուտբոլիստները պետք է իրենց առաջատար զգան խաղի ընթացքում ու գործեն համարձակ: Այդ առումով ես էլ առաջատարներից մեկն եմ: Այդպես պետք է լինի, որ թիմը լավ ու արդյունավետ խաղ ցուցադրի:

Մրցաշրջանի ավարտից հետո խոսակցություններ եղան այլ թիմերի կողմից քո նկատմամբ հետաքրքրության մասին: Այլ ակումբ տեղափոխվելու տարբերակներ կա՞ն:

Ես նման բաների մասին չեմ էլ մտածում: Կան գործակալներ, ոորոնց հետ աշխատում ենք, թող իրենք էլ մտածեն: Գործակալների աշխատանքին խառնվել չեմ ուզում, իսկ այս պահին ես «Կրասնոդարի» ֆուտբոլիստ եմ:

«Կրասնոդարի» կազմում քո ելույթներից գո՞հ ես:

Ինչ էլ որ արած լինեմ, ինչի էլ որ հասած լինեմ երբեք չեմ բավարարվի: Կարող էի ավելի լավ խաղալ ու ավելի շատ գոլեր խփել, կարող է եւ ավելի քիչ խփեի: Պետք է միշտ ձգտել արդյունքների բարելավմանը:

Ընտանիքիդ հետ արդեն հարմարվե՞լ ես Կրասնոդարի ապրելակերպին:

Ասեմ, որ շատ դժվար է հարմարվելը: Ավելի ճիշտ դեռ չեմ հարմարվել: Ընտանիքիս հետ ինձ համար իսկապես շատ դժվար է Կրասնոդարում ապրելը: Ռուսերեն լեզուն սովորել եմ, կարող եմ խոսել եւ հասկանում եմ դիմացինին: ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ ապրելակերպի առումով մեծ տարբերություն կա, իսկ Ռուսաստանում լրիվ տարբերություն կա: Սակայն ես Ռուսաստանում ապրելու համար չէ, որ տեղափոխվել եմ «Կրասնոդար»: Այստեղ իմ գործը ֆուտբոլ խաղալն է, եւ ես արել եւ անելու եմ դա մեծ նվիրվածությամբ:

Փոքրիկ աղջնակդ ինչպե՞ս է:

Շատ լավ, շնորհակալություն, մեծանում է (ժպտում է):

Առաջիկա ընկերական խաղերն ի՞նչ նշանակություն ունեն քեզ համար: Տարբերություն կա՞ խաղն ընկերական, թե պաշտոնական:

Եթե թիմը Եվրոպայի կամ աշխարհի առաջնության ընտրական հանդիպում չի անցկացնում, չի նշանակում, որ խաղն այլ բնույթ է կրում: Հավաքականի մակարդակով բոլոր խաղերն էլ շատ կարեւոր ու նպատակային են: Միայն անունն է ընկերական, իսկ մենք միշտ էլ խաղադաշտ են դուրս գալիս հաղթանակի հասնելու համար: Միգուցե, մարզիչներին նման խաղերում ավելի հեշտ է փորձարկել նոր ֆուտբոլիստների, կամ տեսնել թիմի խաղացողների վիճակը գործում, կամ էլ տակտիկական ինչ-որ սխեմա փորձարկել, բայց այս ամենի հետ մեկտեղ մեր հավաքականը լի է վճռականությամբ բոլոր խաղերում, լինի ընկերական, թե՝ պաշտոնական:

Ըստ քեզ՝ Եվրո-2012-ում ո՞ր թիմը չեմպիոն կհռչակվի:

Դժվար է ասել, թե ով կդառնա հին աշխարհամասի չեմպիոն: Շատ ուժեղ թիմ է Հոլանդիան, հավակնորդ եմ համարում Ֆրանսիային, Գերմանիային եւ, իհարկե, Իսպանիային:


Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս