09:40 28 մայիսի, 2012Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներից մեկը` ռուսական «Կրասնոդարի» ռմբարկու Յուրա Մովսիսյանը, ծանր մրցաշրջանից հետո միացել է հավաքականի իր խաղընկերներին եւ նախապատրաստվում է առաջիկա ընկերական խաղերին: Ռուսաստանի ավարտված առաջնությունն անցումային էր, եւ Յուրան «Կրասնոդարի» կազմում անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 14 գոլի հեղինակ: Չնայած անցկացրած ծանր մրցաշրջանին, 24-ամյա հարձակվողը լի է վճռականությամբ հավաքականի կազմում նոր գոլեր հեղինակելու համար: Հավաքականի կազմում Մովսիսյանն առայժմ հանդես է եկել 12 անգամ եւ դարձել է չորս գոլի հեղինակ:
NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Յուրա Մովսիսյանի հետ:
Յուրա, պարզ է, որ ծանրաբեռնված մրցաշրջան ես անցկացրել «Կրասնոդարի» կազմում: Հոգնածություն զգո՞ւմ ես:
Որոշակի հոգնածություն, իհարկե, կա, սակայն արդեն հասցրել եմ հանգստանալ: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ սովորում է այն գրաֆիկին, որը պարտադրում է խաղացանկը: Առաջին տարին չէ, որ նման ծանրաբեռնվածություն կա, ես էլ եմ սովոր: Պրոֆեսիոնալների համար արտասովոր ոչինչ չկա: Ես ինձ շատ լավ եմ զգում ու պատրաստվում եմ առաջիկա խաղերին:
Մրցաշրջանի ավարտից հետո քեզ առաջատար զգու՞մ ես «Կրասնոդարում»:
Եթե թիմի հարձակվողն արդյունավետ է գործում, գոլեր է խփում, մեխանիկորեն նրա հետ արդեն մեծ հույսեր են կապվում յուրաքանչյուր թիմում: Կարծում եմ, որ բոլոր ֆուտբոլիստները պետք է իրենց առաջատար զգան խաղի ընթացքում ու գործեն համարձակ: Այդ առումով ես էլ առաջատարներից մեկն եմ: Այդպես պետք է լինի, որ թիմը լավ ու արդյունավետ խաղ ցուցադրի:
Մրցաշրջանի ավարտից հետո խոսակցություններ եղան այլ թիմերի կողմից քո նկատմամբ հետաքրքրության մասին: Այլ ակումբ տեղափոխվելու տարբերակներ կա՞ն:
Ես նման բաների մասին չեմ էլ մտածում: Կան գործակալներ, ոորոնց հետ աշխատում ենք, թող իրենք էլ մտածեն: Գործակալների աշխատանքին խառնվել չեմ ուզում, իսկ այս պահին ես «Կրասնոդարի» ֆուտբոլիստ եմ:
«Կրասնոդարի» կազմում քո ելույթներից գո՞հ ես:
Ինչ էլ որ արած լինեմ, ինչի էլ որ հասած լինեմ երբեք չեմ բավարարվի: Կարող էի ավելի լավ խաղալ ու ավելի շատ գոլեր խփել, կարող է եւ ավելի քիչ խփեի: Պետք է միշտ ձգտել արդյունքների բարելավմանը:
Ընտանիքիդ հետ արդեն հարմարվե՞լ ես Կրասնոդարի ապրելակերպին:
Ասեմ, որ շատ դժվար է հարմարվելը: Ավելի ճիշտ դեռ չեմ հարմարվել: Ընտանիքիս հետ ինձ համար իսկապես շատ դժվար է Կրասնոդարում ապրելը: Ռուսերեն լեզուն սովորել եմ, կարող եմ խոսել եւ հասկանում եմ դիմացինին: ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ ապրելակերպի առումով մեծ տարբերություն կա, իսկ Ռուսաստանում լրիվ տարբերություն կա: Սակայն ես Ռուսաստանում ապրելու համար չէ, որ տեղափոխվել եմ «Կրասնոդար»: Այստեղ իմ գործը ֆուտբոլ խաղալն է, եւ ես արել եւ անելու եմ դա մեծ նվիրվածությամբ:
Փոքրիկ աղջնակդ ինչպե՞ս է:
Շատ լավ, շնորհակալություն, մեծանում է (ժպտում է):
Առաջիկա ընկերական խաղերն ի՞նչ նշանակություն ունեն քեզ համար: Տարբերություն կա՞ խաղն ընկերական, թե պաշտոնական:
Եթե թիմը Եվրոպայի կամ աշխարհի առաջնության ընտրական հանդիպում չի անցկացնում, չի նշանակում, որ խաղն այլ բնույթ է կրում: Հավաքականի մակարդակով բոլոր խաղերն էլ շատ կարեւոր ու նպատակային են: Միայն անունն է ընկերական, իսկ մենք միշտ էլ խաղադաշտ են դուրս գալիս հաղթանակի հասնելու համար: Միգուցե, մարզիչներին նման խաղերում ավելի հեշտ է փորձարկել նոր ֆուտբոլիստների, կամ տեսնել թիմի խաղացողների վիճակը գործում, կամ էլ տակտիկական ինչ-որ սխեմա փորձարկել, բայց այս ամենի հետ մեկտեղ մեր հավաքականը լի է վճռականությամբ բոլոր խաղերում, լինի ընկերական, թե՝ պաշտոնական:
Ըստ քեզ՝ Եվրո-2012-ում ո՞ր թիմը չեմպիոն կհռչակվի:
Դժվար է ասել, թե ով կդառնա հին աշխարհամասի չեմպիոն: Շատ ուժեղ թիմ է Հոլանդիան, հավակնորդ եմ համարում Ֆրանսիային, Գերմանիային եւ, իհարկե, Իսպանիային:
Զրուցեց Խաչիկ Չախոյանը
Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.