14:27  ,  14 օգոստոսի, 2014

NEWS.am Sport-ը ներկայացնում է. Օլիմպիական Վիգեն Խաչատրյան

NEWS.am Sport-ը ներկայացնում է օգոստոսի 16-ին Չինաստանի Նանջինգ քաղաքում մեկնարկող 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիականներին:

Վիգեն Խաչատրյան, սպորտային մարմնամարզություն

Ծնվել է 1996 թվականին, Երեւանում: Անձնական մարզիչն է Արտյոմ Ավետյանը:

Նանջինգ-2014 պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել է՝  սպորտային մարմնամարզության Եվրոպայի երիտասարդական առաջնության բազմամարտի մրցաշարում գրավելով  6-րդ տեղը:

Ես` մարմնամարզիկ

«Մարմնամարզությունն իմ  կյանքն է` մարզադահլիճը, ամենօրյա մարզումները, դժվարությունները, մրցաշարերը, հաղթանակները, պարտությունները, արդյունքիցս գոհ կամ դժգոհ մարզիչներս, նրանց հետ զրույցները, մեր ընդհանուր ծրագրերը, նպատակները: Չեմ կարող ասել, թե առաջին օրից սիրել եմ այս մարզաձեւը, քանի որ շատ փոքր եմ եղել եւ ավելի շատ որպես խաղ եմ ընկալել այս մարզումները: Հետագայում արդեն, երբ սկսեցի պրոֆեսիոնալ զբաղվել, մրցումների մասնակցել, աստիճանաբար լրջացավ ամեն ինչ, եւ ես դարձրեցի այն իմ կյանքի մեծ մասը»:

Արտյոմ Ավետյան, Վիգեն Խաչատրյան

Ես` պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից

«Իմ մարզական կարիերայում սա իմ առաջին ամենալուրջ եւ ամենակարեւոր մրցաշարն է, իմ առաջին Օլիմպիական խաղերը: Ուրախ եմ, որ կարողացել եմ նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիրը : Սա ինձ համար մեծ ձեռքբերում է: Մեկնում եմ Նանջինգ  Հայաստանի, հայ պատանի մարմնամարզիկների անունը բարձր պահելու, մրցանակային տեղեր զբաղեցնելու համար: Յուրաքանչյուր մարզիկի համար, լինի նա պատանի, երիտասարդ, թե արդեն մեծահասակ, Օլիմպիական խաղերը յուրաքանչյուրիս համար կան եւ մնում են ամենաբարձր կետը, որին պետք է հասնել: Ես ուրախ եմ, որ դա ինձ հաջողվեց պատանեկան տարիքում, այդպես կփորձեմ շարունակել մինչեւ մեծահասակների Օլիմպիական խաղերը»:

Ակնկալիքներ

«Գտնվում եմ լավ մարզավիճակում: Չեմ ասում, թե ես մեդալ կբերեմ, մինչեւ ելույթի դուրս չգամ, մարզիչներիս դրած խնդիրը լիարժեք չկատարեմ, չեմ հայտարարի երբեք նախապես, որ ես մեդալով կվերադառնամ Օլիմպիական խաղերից: Բայց խոստանում եմ, որ լավ ելույթ կցուցադրեմ եւ կկատարեմ իմ առջեւ դրված խնդիրը: Մնացածը` ինչպես Աստված կկամենա»:

Վիգեն Խաչատրյանը մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 17-ին:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Շուշանիկ Հակոբյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով