16:20  ,  12 օգոստոսի, 2014

Տիգրան Պետրոսյան. Հայաստանի հավաքականին թարմ ուժեր են հարկավոր

«Չգիտեմ, գուցե սեւ գիծ է, բայց փոփոխություններ էլ են պետք: Թիմին թարմություն է հարկավոր: Դա չի նշանակում, որ այս շախմատիստները թուլացել են: Պարզապես թարմ ուժերի կարիք կա: Հաջորդ տարի կարելի է երիտասարդական հավաքականին փորձարկել»։

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի կազմում Համաշխարհային շախմատային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը։ Նա մեկնաբանել է Հայաստանի հավաքականի ելույթը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ավարտին մոտեցող 41-րդ համաշխարհային օլիմպիադայում։

Տիգրան, Օլիմպիադայի ավարտից երկու տուր առաջ Հայաստանի հավաքականը 13-րդ տեղում է: Ինչի՞ հետ է կապված մեր թիմի ոչ այդքան լավ ելույթը:

Չեմ կարող հստակ պատասխան տալ, քանի որ ներգրավված չեմ եղել թիմի հավաքներին: Մասնագիտական աչքով կարող եմ ասել, որ Գաբրիելը շատ բարձր մակարդակի վրա սկսեց մրցաշարը, սակայն վերջին տուրերին հոգնեց: Լեւոնի մոտ առանձին խնդիր է: Ես չեմ հիշում, երբ Լեւոնը նման առավելություն ունենալու դեպքում չկարողանար հաղթել: Իսկ այս Օլիմպիադայում նրա հետ այդպես շատ եղավ: Բոլորի մոտ նկատվում են խնդիրներ: Բայց, ինչի արդյունք է դա, երեւի թե նրանք ավելի լավ կիմանան:

Հիմա քննադատությունը շատ է Սերգեյի հասցեին, հատկապես վերջին տուրերում, երբ դեռ  մեդալների համար պայքարելու հույս կար: Վերջին տարին թվում է, որ նա լավ մարզավիճակում չէ:

Չեմ կարող վիճել այն մտքի հետ, որ նա լավ մարզավիճակում չէ: Սերգեյը, անկասկած, լավ շախմատիստ է, բայց վերջին տարին նրա խաղը հավաքականում չի ստացվում:

Օլիմպիադայի սկզբում ասացիր, որ ֆավորիտ են Ռուսաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու ԱՄՆ-ը: Բայց Ֆրանսիան ու Չինաստանն են այս պահին ամենամոտը հաջողությանը:

Չինաստանը նույնպես միշտ ֆավորիտ է եղել: Ֆրանսիան նույնպես լավ թիմ է, բայց Օլիմպիադաներում այդպես չի պայքարել: Ռուսները մեզանից էլ վատ են հանդես գալիս այս մրցաշարում. այնպիսի պարտիաներ են պարտվել, իսկ Կրամնիկն ընդհանրապես ոչինչ չի կարողանում անել այնտեղ: Ուկրաինան արդեն մի քանի հաղթանակից հետո միացավ առաջատարներին եւ կպայքարի առաջին տեղի համար: Կան հավաքականներ, որոնք կարող էին մեկ կամ երկու միավոր ավելի ունենալ:

Ո՞ր թիմն է ավելի արժանի չեմպիոն դառնալուն:

Եթե սուբյեկտիվ չլինենք, ապա Ադրբեջանը վատ չի խաղում: Նրանք նույնպես կարող են հավակնել չեմպիոնությանը: Չինացիները նույնպես շատ լավ թիմ ունեն եւ ադրբեջանցիներին հաղթել են: Այս երեք հավաքականները՝ Չինաստան, Ֆրանսիա, Ադրբեջան, արժանի են չեմպիոնությանը, եթե նրանց խանգարող լինի, ապա միայն Ուկրաինան:

Հայաստանի հավաքականը Ստամբուլից հետո հաջողություններ չի գրանցել: Լուրջ փոփոխություննե՞ր են պետք, թե՞ պարզապես անհաջող շրջան է:

Չգիտեմ, գուցե սեւ գիծ է, բայց փոփոխություններ էլ են պետք: Թիմին թարմություն է հարկավոր: Դա չի նշանակում, որ այս շախմատիստները թուլացել են: Պարզապես թարմ ուժերի կարիք կա: Հաջորդ տարի կարելի է երիտասարդական հավաքականին փորձարկել։

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով