02:32  ,  1 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Գերմանիայի դժվարին հաղթանակը լրացուցիչ ժամանակում

Գերմանիայի հավաքականը դարձավ Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի հերթական մասնակիցը եւ կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարի ֆրանսիացիների հետ: 1/8 եզրափակիչում գերմանացիները լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով դժվարին հաղթանակ տարան Ալժիրի հավաքականի նկատմամբ:

Պորտու Ալեգրիում կայացած խաղի սկզբնամասում Բունդեսթիմը վերահսկում էր գնդակը, սակայն չէր կարողանում ստեղծել գոլային պահեր, իսկ աֆրիկացիներն անցկացնում էին բավական վտանգավոր հակագրոհներ: Ալժիրի հավաքականը ոչ միայն հավասարեցրեց խաղն, այլեւ մի պահ ուներ առավելություն: Կարծես անակնկալի եկած գերմանացիների խաղը չէր ստացվում առաջին խաղակեսում, իսկ ալժիրցիները հիանալի էին գործում բոլոր օղակներում:

Ընդմիջումից հետո գերմանացիներն ակտիվացան եւ սկսեցին գրոհել ավելի վստահ ու վտանգավոր: Ալժիրցիներն ամենեւին էլ չէին վախենում հզոր մրցակցից՝ չմոռանալով նաեւ գրոհելու մասին: Գերմանիայի գրոհներում պակասում էր արագությունը, իսկ Ալժիրը շարունակում էր անթերի գործել պաշտպանությունում: Հանդիպման ամենաիրական գոլային պահը 80-րդ րոպեին ունեցավ Տոմաս Մյուլերը, ով վրիպեց շատ հարմար դիրքից: Քիչ անց Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպանը կարող էր ուղղել իր սխալը, բայց դարձյալ չօգտագործեց լավ գոլային հնարավորություն:

90 րոպեներն ավարտվեցին 0:0 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում Բունդեսթիմը շատ արագ բացեց հաշիվը: 92-րդ րոպեին աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Անդրե Շյուրլեն, ում գոլից հետո խաղը բացվեց: Թիմերն անցկացնում էին եկկողմանի գրոհներ: Ալժիրցիներն ունեցան հաշիվը հավասարեցնելու իրական հնարավորություն, բայց չօգտվեցին դրանից: Վերջնամասում Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը նաեւ կրկնապատկեց եվրոպացիների առավելությունը: Այդ գոլը եւս չընկճեց Ալժիրի թիմին, որը վայրկյաններ անց կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չհաջողվեց:

ԱԱ-2014-ը լքեց նաեւ աֆրիկյան վերջին հավաքականը, որը թողեց լավ տպավորություն:

ԱԱ-2014, 1/8 եզրափակիչ

ԳերմանիաԱլժիր՝ 2:1 

Անդրե Շյուրլե, 92, Մեսութ Օզիլ, 119 – Աբդելմումեն Ջաբու, 120+1

Գերմանիա. Մանուել Նոյեր, Շկոդրան Մուստաֆի (Սամի Խեդիրա, 70), Պեր Մերտեզակեր, Ժերոմ Բոատենգ, Բենեդիկտ Հյովեդես, Ֆիլիպ Լամ, Բաստիան Շվայնշտայգեր (Քրիստոֆ Կրամեր, 109), Տոնի Կրոոս, Մեսութ Օզիլ, Մարիո Գյոտցե (Անդրե Շյուրլե, 46), Տոմաս Մյուլեր:

Ալժիր. Ռաիս Մ՛Բոլի, Ֆաուզի Գուլամ, Էսաիդ Բելկալեմ, Ռաֆիկ Հալիշ, Էսա Մանդի, Մեհդի Մոստեֆա, Մեդհի Լասեն, Սոֆիան Ֆեգուլի, Էլ Արաբի Սուդանի (Աբդելմումեն Ջաբու, 110), Սաֆիր Տաիդեր (Յասին Բրահիմի, 78), Իսլամ Սլիմանի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով