00:32  ,  7 հունիսի, 2014

Գերմանիա - Հայաստան՝ 6:1. Աշխարհի առաջնության ֆավորիտների գերազանցությամբ (ֆոտո)

Բրազիլիա մեկնելուց առաջ աշխարհի առաջնության ֆավորիտ Գերմանիայի հավաքականը Մայնցում հսկայական առավելությամբ ընկերական հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի հետ եւ առավելության հասավ 6:1 հաշվով: Հայաստանի հավաքականի միակ գնդակը 11 մետրանոցից խփեց Հենրիխ Մխիթարյանը:

Առաջին րոպեներից թիմերը դիմեցին հարձակողական գործողություններին՝ գնդակը երկար չպահելով միջին գծում: 3-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո ներխուժեց Գերմանիայի հավաքականի տուգանային հրապարակ, սակայն որոշեց փոխանցում կատարել հրապարակի կենտրոնում գտնվող Գեւորգ Ղազարյանին, որը վրիպեց: 10-րդ րոպեին Ֆիլիպ Լամի փոխանցումից հետո Անդրե Շյուրլեն դուրս եկավ Ռոման Բերեզովսկու դեմ, սակայն նրա կատարած գլխով հարվածը շեղ ստացվեց:

Մեկնարկային փոխադարձ ակտիվությունից հետո խաղային եւ տարածքային առավելությունն անցավ աշխարհի առաջնության ֆավորիտին: 13-րդ րոպեին Մարկո Ռոյսի հարվածից հետո Հրայր Մկոյանը գնդակը դուրս բերեց Հայաստանի հավաքականի դատարկ դարպասից:  22-րդ րոպեին հեռվից չափազանց ուժեղ հարված կատարեց Տոնի Կրոսը: Հարվածը մի փոքր բարձր էր:

32-րդ րոպեին անկյունային խաղարկումից Ռոյսի փոխանցումն ընդունեց Բոատենգը մոտ հինգ մետրից շեղ հարվածեց: Մեկ րոպե անց արդեն Ռոյսը մեն-մենակ դուրս եկավ Ռոման Բերեզովսկու դեմ, սակայն նրա հարվածը Հայաստանի հավաքականի դարպասապահը հետ մղեց:

Հայաստանի հավաքականը սեփական կիսադաշտից դուրս գալու հնարավորություն գրեթե չուներ: 36-րդ րոպեին Բոատենգն աջ եզրից հզոր հարվածով փորձեց անակնկալի բերել Բերեզովսկուն, որը վստահ փակեց դարպասի մոտակա անկյունը: 40-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Բերեզովսկու հետ բախվեց Գեւորգ Ղազարյանը՝ ստանալով վնասվածք: Մեր րոպե անց արդեն Բոատենգը կոպիտ խաղաց Ղազարյանի դեմ՝ հետեւից հարված հասցնելով նրա ոտքերին:

Առաջին խաղակեսի վերջին րոպեին Արթուր Եդիգարյանի հետ պայքարում լուրջ վնասվածք ստացավ  Մարկո Ռոյսը, որին փոխարինեց Լուկաս Պոդոլսկին: Ռոյսի մասնակցությունն աշխարհի առաջնությանը հարցականի տակ է:

Երկրորդ խաղակեսում Յոահիմ Լյովի կատարած փոփոխություններն անմիջապես տվեցին արդյունք: Դաշտի տերերը 6 գնդակ խփեցին: Իսկ Հայաստանի հավաքականը պատասխանեց միայն Հենրիխ Մխիթարյանի դիպուկ իրացրած 11 մետրանոցով: Գրոսկրոյցը կանոնները խախտել էր Գեւորգ Ղազարյանի նկատմամբ: Հայաստանի հավաքականը 17 րոպեում 5 գնդակ բաց թողեց: Դուբլի հեղինակ դարձավ Մարիո Գյոտցեն:

71-րդ րոպեին Մեսութ Օզիլի փոխանցումից հետո Լուկաս Պոդոլսկին գրավեց Բերեզովսկու դարպասը: Հենց հաջորդ գրոհի ժամանակ Հյովեդեսը օգնության հասավ հարձակմանը Շվայնշտայգերի հարվածից հետո եւ դիպուկ հարվածեց: 3 րոպե անց Միրոսլավ Կլոզեն 69-րդ գնդակը խփեց ազգային հավաքականում եւ բարելավեց Գերդ Մյուլերի ռեկորդը:

77-րդ րոպեին Էդգար Մանուչարյանին փոխարինեց Ալեքսանդր Թումասյանը: Գերմանիայի վերջին երկու գոլերը խփեց Մարիո Գյոտցեն:

Հայաստանի եւ Գերմանիայի հավաքականները չէին հանդիպել 1998 թվականից: Այն ժամանակ աշխարհի առաջնության ընտրական փուլում Գերմանիան հաղթել էր 5:1 (Երեւան) եւ 4:0 (Դորտմունդ) հաշվով:  

Ընկերական հանդիպում

Գերմանիա - Հայաստան՝ 6:1

Շյուրլե, 52, Պոդոլսկի, 71, Հյովեդես, 73, Կլոզե, 76, Գյոտցե, 82, 86 - Հենրիխ Միխիթարյան, 69, 11 մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում