00:32 7 հունիսի, 2014Բրազիլիա մեկնելուց առաջ աշխարհի առաջնության ֆավորիտ Գերմանիայի հավաքականը Մայնցում հսկայական առավելությամբ ընկերական հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի հետ եւ առավելության հասավ 6:1 հաշվով: Հայաստանի հավաքականի միակ գնդակը 11 մետրանոցից խփեց Հենրիխ Մխիթարյանը:
Առաջին րոպեներից թիմերը դիմեցին հարձակողական գործողություններին՝ գնդակը երկար չպահելով միջին գծում: 3-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո ներխուժեց Գերմանիայի հավաքականի տուգանային հրապարակ, սակայն որոշեց փոխանցում կատարել հրապարակի կենտրոնում գտնվող Գեւորգ Ղազարյանին, որը վրիպեց: 10-րդ րոպեին Ֆիլիպ Լամի փոխանցումից հետո Անդրե Շյուրլեն դուրս եկավ Ռոման Բերեզովսկու դեմ, սակայն նրա կատարած գլխով հարվածը շեղ ստացվեց:
Մեկնարկային փոխադարձ ակտիվությունից հետո խաղային եւ տարածքային առավելությունն անցավ աշխարհի առաջնության ֆավորիտին: 13-րդ րոպեին Մարկո Ռոյսի հարվածից հետո Հրայր Մկոյանը գնդակը դուրս բերեց Հայաստանի հավաքականի դատարկ դարպասից: 22-րդ րոպեին հեռվից չափազանց ուժեղ հարված կատարեց Տոնի Կրոսը: Հարվածը մի փոքր բարձր էր:
32-րդ րոպեին անկյունային խաղարկումից Ռոյսի փոխանցումն ընդունեց Բոատենգը մոտ հինգ մետրից շեղ հարվածեց: Մեկ րոպե անց արդեն Ռոյսը մեն-մենակ դուրս եկավ Ռոման Բերեզովսկու դեմ, սակայն նրա հարվածը Հայաստանի հավաքականի դարպասապահը հետ մղեց:
Հայաստանի հավաքականը սեփական կիսադաշտից դուրս գալու հնարավորություն գրեթե չուներ: 36-րդ րոպեին Բոատենգն աջ եզրից հզոր հարվածով փորձեց անակնկալի բերել Բերեզովսկուն, որը վստահ փակեց դարպասի մոտակա անկյունը: 40-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Բերեզովսկու հետ բախվեց Գեւորգ Ղազարյանը՝ ստանալով վնասվածք: Մեր րոպե անց արդեն Բոատենգը կոպիտ խաղաց Ղազարյանի դեմ՝ հետեւից հարված հասցնելով նրա ոտքերին:
Առաջին խաղակեսի վերջին րոպեին Արթուր Եդիգարյանի հետ պայքարում լուրջ վնասվածք ստացավ Մարկո Ռոյսը, որին փոխարինեց Լուկաս Պոդոլսկին: Ռոյսի մասնակցությունն աշխարհի առաջնությանը հարցականի տակ է:
Երկրորդ խաղակեսում Յոահիմ Լյովի կատարած փոփոխություններն անմիջապես տվեցին արդյունք: Դաշտի տերերը 6 գնդակ խփեցին: Իսկ Հայաստանի հավաքականը պատասխանեց միայն Հենրիխ Մխիթարյանի դիպուկ իրացրած 11 մետրանոցով: Գրոսկրոյցը կանոնները խախտել էր Գեւորգ Ղազարյանի նկատմամբ: Հայաստանի հավաքականը 17 րոպեում 5 գնդակ բաց թողեց: Դուբլի հեղինակ դարձավ Մարիո Գյոտցեն:
71-րդ րոպեին Մեսութ Օզիլի փոխանցումից հետո Լուկաս Պոդոլսկին գրավեց Բերեզովսկու դարպասը: Հենց հաջորդ գրոհի ժամանակ Հյովեդեսը օգնության հասավ հարձակմանը Շվայնշտայգերի հարվածից հետո եւ դիպուկ հարվածեց: 3 րոպե անց Միրոսլավ Կլոզեն 69-րդ գնդակը խփեց ազգային հավաքականում եւ բարելավեց Գերդ Մյուլերի ռեկորդը:
77-րդ րոպեին Էդգար Մանուչարյանին փոխարինեց Ալեքսանդր Թումասյանը: Գերմանիայի վերջին երկու գոլերը խփեց Մարիո Գյոտցեն:
Հայաստանի եւ Գերմանիայի հավաքականները չէին հանդիպել 1998 թվականից: Այն ժամանակ աշխարհի առաջնության ընտրական փուլում Գերմանիան հաղթել էր 5:1 (Երեւան) եւ 4:0 (Դորտմունդ) հաշվով:
Ընկերական հանդիպում
Գերմանիա - Հայաստան՝ 6:1
Շյուրլե, 52, Պոդոլսկի, 71, Հյովեդես, 73, Կլոզե, 76, Գյոտցե, 82, 86 - Հենրիխ Միխիթարյան, 69, 11 մ









The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.