21:21  ,  22 մայիսի, 2014

Արթուր Դավթյան. Շատ դժվար է համատեղել սպորտն ու զինծառայությունը

Դժվար է համատեղել զինծառայությունն ու սպորտային կարիեան: Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար չորս ամսով թույլտվությամբ ազատվեցի ծառայությունից, հուլիսի 27-ից կվերադառնամ ծառայության: Եվրոպայի առաջնությունում ցանկանում եմ պայքարել ոսկու կամ արծաթի համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության 2013թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը, որը Սոֆիայում այս օրերին մասնակցում է Եվրոպայի առաջնությանը:

Արթուր, ի՞նչ մեդալի ակնկալիք ունես այս Եվրոպայի առաջնությունից:

Անցյալ տարի ես կարողացա միայն բրոնզե մեդալ նվաճել: Այս տարի ցանկանում եմ ամեն ինչ անել, որ հասնեմ արծաթին կամ ոսկուն, կամ այն նույն հաջողությունը գրանցեմ, ինչ աշխարհի գավաթի խաղարկությունում:

Այս Եվրոպայի առաջնությունում հանդես եմ գալիս բազմամարտում եւ անհատական մրցաձեւերում հենացատկում: Անհատական մրցումում ես պետք է միավորներ վաստակեմ, որպեսզի Ադրբեջանում կայանալիք վարկանիշային մրցաշարում Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերեմ: Այս Եվրոպայի առաջնությունը կարեւորվում է ինձ համար այդ առումով, որպեսզի Օլիմպիական խաղերի վարկանիշ հավաքելու հնարավորություն ունենամ: Վարկանիշային մրցաշարին մասնակցելու միավորներ հույս ունեմ այս Եվրոպայի առաջնությունում կվաստակեմ: Հնարավորություններ ունեմ: Ես ինձ տրամադրում եմ, որ պետք է մեդալով վերադառնամ, չեմ մտնելու մրցահարթակ զուտ մասնակցության համար:

Արթուր, դու նաեւ զինծառայության մեջ ես գտնվում այժմ: Կարողանո՞ւմ ես համատեղել ծառայությունդ եւ մարզումներդ` մրցումներ, հավաքներ: Ունե՞ս հնարավորություն վաշտում մարզավիճակդ պահպանել:

Ծառայում եմ սպորտային վաշտում: Շատ դժվար է ինձ համար համատեղել սպորտն ու ծառայությունը: Այս առաջնության համար երկար ժամանակով թույլտվությամբ ազատվել եմ ծառայությունից, մինչեւ հուլիսի 27-ը կլինեմ մարզումների մեջ: Իսկ հուլիսի 27-ից կրկին կվերադառնամ իմ ծառայությանը: Այս պահին դժվարություն չեմ զգում, քանի որ վաշտից դուրս եմ, լավ մարզավիճակում եմ, բայց երբ վերադառնում եմ վաշտ, շատ դժվար է լինում ինձ համար մարզավիճակս պահպանելը:

Չնայած ես շուտ եմ վերականգնում մարզավիճակս, բայց դադարն իր գործն անում է: Մարմնամարզությունն այն մարզաձեւերից է, որ մշտապես պետք է մարզվես` մարզավիճակդ պահպանելու համար: Պետք է մարզվես անդադար: Իսկ ծառայության ընթացքում ես երկարաեւ դադարներ եմ ունենում: Եվ երբ մրցումներից առաջ գալիս եմ մարզումների, երկար ժամանակ է պահանջվում վերականգնվելու համար: Իսկ վաշտում չկա ոչ մի հնարավորություն մարզվելու համար, ոչ մի պայման չկա: Այնտեղ ոչ ոքին չի հետաքրքրում դու ինչ ես անում, ինչպես ես անում, պետք է մարզվես, չպետք է մարզվես, մարզավիճակդ պահպանել է պետք: Ասում են` գնա պարապի «տուրնիկների» վրա: Դրանք մասնագիտական չեն, սովորական, «ժանգոտած տուրնիկներ» են: Բայց ես չեմ կարող նման ձողերի վրա մարզվեմ` չկա ոչ փոս, ոչ մատ, ձեռնոցներս ինձ հետ չի, այդ ձողերեը պետք է մագնեզիումով պատես, որ վարժությունները կարողանաս անել:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Շուշանիկ Հակոբյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով