20:08  ,  10 մայիսի, 2014

Բունդեսլիգայի հաջողակներն ու անհաջողակները

Ավարտվեց ֆուտբոլի Գերմանիայի 2013/2014թթ. առաջնությունը, որում պայքարից դուրս էր 19 միավորի առավելությամբ հաղթած Մյունխենի «Բավարիան»: Երկրորդ տեղը գրաված Դորտմունդի «Բորուսիան» եւ լավագույն եռյակը եզրափակած Գելզենկիրխենի «Շալկեն» մյունխենցիների պես նվաճեցին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: Չորրորդ տեղը զբաղեցրած Լեւերկուզենի «Բայերը» կմասնակցի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին:

5-րդ տեղում հայտնված «Վոլֆսբուրգն» ուժերը կփորձի Եվրոպայի լիգայի խմբային փուլում, իսկ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ու «Մայնցը» կմասնակցեն այդ մրցաշարի որակավորման փուլին:

«Նյուրնբերգն» ու Բրաունշվեյգի «Այնտրախտը» դուրս մնացին Բունդեսլիգայից, իսկ 16-րդ տեղը գրաված «Համբուրգն» անցումային խաղեր կանցկացնի տեղն ուժեղագույնների լիգայում պահպանելու համար: Համբուրգցիների մրցակիցը լինելու է Երկրորդ Բունդեսլիգայում երրորդ տեղ գրաված թիմը՝ «Գրոյտեր Ֆյուրտը», «Կայզերսլաուտերնը» կամ «Պադերբորնը»: «Քյոլնը» կվերադառնա ուժեղագույնների լիգա:

Առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց Դորտմունդի «Բորուսիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, ով խփեց 20 գոլ: Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջնությունն ավարտեց 9 գոլով եւ 9 գոլային փոխանցումով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում