Ծանրաձողի քաշի հետ կապված մրցավարների սխալը հոգեբանորեն ինձ չխանգարեց, սակայն ֆիզիկապես խանգարեց, ասել է 20-ամյա Ռազմիկ Հունանյանը, որը Իսրայելում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշայինների պայքարում երկամարտի բրոնզե մեդալ նվաճեց Ռուսաստանի համար՝ հավաքելով 344 կգ: Առաջին եւ երկրորդ տեղերը գրավեցին ալբանացիներ Էրկանդ Քերիմայը եւ Դանիել Գոդելին՝ 349 կգ:
«Այս առաջնությունում մեծ պատասխանատվություն էր ինձ վրա դրված, քանի որ առաջին անգամ էի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում: Կարծում եմ՝ նորամուտս նորմալ էր: Եթե կարողանայի պոկում վարժության երրորդ փորձը կատարել, ապա կկարողանայի պայքարել ոսկե մեդալի համար: Իմ ուժեղ մրցաձեւը հրումն է: Ընդհանուր առմամբ, գոհ եմ արդյունքիցս»,- Ռազմիկ Հունանյանի խոսքը մեջբերում է Rsport-ը:
«Հունանյանը բնավորություն դրսեւորեց այս առաջնությունում: Նրա համար մրցման օրը չստացվեց: Ամեն ինչ նրա դեմ էր: Մրցավարները նույնպես դեր խաղացին: Բայց նա կարողացավ այդ ամենը հաղթահարել: Ռազմիկը մեծ ապագա ունի»,- ասել է Ռուսաստանի հավաքականը ներկայացնող Օլեգ Չենը, որը Իսրայելում նվաճեց Եվրոպաի չեմպիոնի տիտղոսը 69 կգ քաշային կարգում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում