20:26  ,  23 մարտի, 2014

Մոտոկրոսի տարվա առաջին առաջնության հաղթողները (ֆոտոշարք)

Քանաքեռի «Ավտո-մոտո» ակումբում ավարտվեց մոտոկրոսի Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի եւ ՀԱՄՍՏԱ-ի (Հանրապետական ավտո-մոտո սպորտի տեխնիկական ակումբ) համատեղ կազմակերպած 2014-ի առաջին առաջնությունը, որի անցկացման աջակիցն էր «Վիվառո» հայաստանյան բուքմեյքերական ընկերությունը:

Մրցումներն անցկացվեցին երկու դասում՝ 125սմᵌ  եւ 250-500սմᵌ: Մասնակիցների թվում էին Երեւանի եւ Արտաշատի մոտ երկու տասնյակ մարզիկներ:

250-500սմᵌ դասում առաջին տեղը գրավեց Կարեն Մխիթարյանը, իսկ 125սմᵌ դասում հաղթեց Հրանտ Սարգիսովը, ով երկար ժամանակ է անգերազանցելի է այս ձեւում:

Հրանտ Սարգիսովը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսեց նոր մրցուղու դժվարությունների եւ առաջիկա ծրագրերի մասին:

«Այս տարվա առաջին մրցումն էր: Կարող եմ ասել՝ բարդ է, քանի որ մրցակցությունը գնալով մեծանում է: Այս անգամ փոխվել է մրցուղին, որը բոլորովին նոր էր: Այն նույնիսկ չէի փորձարկել, սակայն, ինչպես տեսաք, հաղթել ստացվեց:

Մրցումներին մասնակցելու հրավերներ ունենք Թուրքիայից եւ Վրաստանից: Իրան գնալ չենք կարող, քանի որ տեխնիկան անցկացնել չեն թույլատրում: Երկու առաջնություններին կմասնակցեմ «Վիվառոյի» աջակցությամբ: Ինչ վերաբերում է Հայաստանում կայանալիք մրցումներին, ապա այս տարվա կանոնադրությունը դեռ չենք ստացել: Այս մրցումներից անմիջապես հետո կստանանք: Հաճելի է, երբ հաղթում ես»,- ասաց Սարգիսովը:

Մրցումների կազմակերպիչ  ՀԱՄՍՏԱ-ի (Հանրապետական ավտո-մոտո սպորտի տեխնիկական ակումբ) ներկայացուցիչ Յուրիկ Մատինյանը նշեց, որ նմանատիպ միջոցառումները նպաստում են մոտոկրոսի այն բարի ավանդույթների վերականգնմանը, որոնք Հայաստանը ունեցել է ԽՍՀՄ-ի տարիներին:

«Սա ԴՕՍԱԱՖ-ի եւ ՀԱՄՍՏԱ-ի համատեղ կազմակերպած 2014-ի անդրանիկ մրցումներն են, այդ պատճառով մասնակիցները քիչ են: Չի բացառվում, որ ապագայում այս մրցումներին կմասնակցեն նաեւ դրսից հրավիրված մասնակիցներ:

Այս մրցումը մեզ հնարավորություն կտա տեսնել մեր թերությունները: Ընդհանրապես, նմանատիպ միջոցառումները նպաստում են մոտոկրոսի այն բարի ավանդույթների վերականգնմանը, որոնք Հայաստանը ունեցել է ԽՍՀՄ-ի տարիներին»,- ասաց Մատինյանը:

Շուշանիկ Հակոբյան

 

 


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում