01:35  ,  20 մարտի, 2014

Չեմպիոնների լիգա. Դորտմունդի «Բորուսիան» պարտվեց, բայց շարունակում է պայքարը

Դորտմունդի «Բորուսիան» նվաճեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր՝ 2 խաղերի արդյունքում պայքարից դուրս թողնելով Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»:

Առաջին խաղում դորտմունդցիները 4:2 հաշվով արտագնա հաղթանակ էին տարել, իսկ Դորտմունդում առավելության հասան պետերբուրգցիները՝ 2:1:

Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով: Բրազիլացի հարձակվող Հալկի գեղեցիկ գոլին դորտմունցիները պատասխանեցին գերմանացի կիսապաշտպան Սեբաստիան Կելի դիպուկ հարվածով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր, սակայն այնքան էլ հաջող հանդիպում չէր անցկացնում եւ փոխարինվեց 69-րդ րոպեին: Դրանից քիչ անց փոխարինման դուրս եկած վենեսուելացի հարձակվող Սալոմոն Ռոնդոնը խփեց «Զենիթի» հաղթական գոլը:

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում երրորդ դեղին քարտը ստացավ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, ով քառորդ եզրափակիչի առաջին խաղում չի օգնի «Բորուսիային»:

Ռուսաստան ակումբը հաղթանակով լքեց պայքարը, քանի որ 2 խաղերի արդյունքում պարտվեց 5:4 հաշվով:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանության արդյունքում:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչպատասխան խաղ 

«Բորուսիա» (Գերմանիա) - «Զենիթ» (Ռուսաստան)՝ 1:2 (առաջին խաղ՝ 4:2)

Սեբաստիան Կել, 38 – Հալկ, 16, Սալոմոն Ռոնդոն, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում