10:28  ,  15 մարտի, 2014

Ռոջերս. Հենրիխ Մխիթարյանն ընտրեց «Բորուսիան», քանի որ «Լիվերպուլը» չէր մասնակցում Չեմպիոնների լիգային

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը Պրեմյեր լիգայի 30-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումից առաջ անդրադարձել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ անգլիական ակումբ չտեղափոխվելու պատճառներին։ Նրա խոսքով՝ 25-ամյա կիսապաշտպանն ընտրեց Դորտմունդի «Բորուսիան», քանի որ «Լիվերպուլը» չէր մասնակցում Չեմպիոնների լիգային։

«Լիվերպուլը» համաշխարհային ճանաչում ունեցող թիմ է, սակայն մեզ համար դժվար էր իրականացնել այդ տրանսֆերը, քանի որ լավագույն ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ լավագույն մրցաշարերում։ Բոլոր թիմերը տառապում են նույն կերպ, երբ չեն խաղում Չեմպիոնների լիգայում։

Սակայն ամեն ինչ շատ արագ կարող է փոխվել։ Մեր նպատակն է լավագույն քառյակում հայտնվելը։ Հավատում եմ, որ եթե մեզ հաջողվի հասնել դրան, ապա որպես ակումբ մեծ առավելություն կստանանք»,- անգլիացի մասնագետի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ 2013-ի ամռանը Մխիթարյանը «Լիվերպուլի» գլխավոր տրանսֆերային նպատակն էր։ Սակայն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նախընտրեց տեղափոխվել «Բորուսիա»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում