23:55  ,  8 փետրվարի, 2014

Օլիմպիական խաղերի ամենագեղեցիկ բացումները տեսանյութով

Փետրվարի 7-ին համայն աշխարհի ուշադրությունը բեւեռված էր Ռուսաստանի Սոչի քաղաքին: 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարը տրված է: Բացման արարողությունը տեղի ունեցավ: Այդ առիթով NEWS.am Sport-ը վերհիշում է բոլոր ժամանակների  Օլիմպիական խաղերի ամենագեղեցիկ բացման արարողությունները:

Աթենք 1896

Օլիմպիական խաղերը ծնունդ են առել Հունաստանում մեր թվարկությունից առաջ 776-ին, բայց ցավոք մենք ոչ մի պատկերացում չունենք, թե ինչպես էին բացում այդ խաղերը: Իսկ ահա առաջին ժամանակակից խաղերը անցկացվեցին կրկին  Հունաստանում՝ 1896-ին Աթենքում: Ուշագրավ ոչինչ չի գրանցվել այնտեղ: Միայն այն, որ թագավոր Գեորգ Առաջինը հայտարարեց խաղերը բացված: Կանայք առաջին Խաղերին չէին մասնակցում:

Բեռլին 1936

Նոր փուլ Օլիմպիական խաղերում բերեց նացիստական Գերմանիան, որի համար Խաղերը ոչ միայն մարզական իրադարձություն էին, այլ նաեւ իրենց ուժը աշխարհին ցուցադրելու լավագույն միջոց: Բեռլինում կառուցվեց հարյուր հազար հանդիսականի համար նախատեսված ստադիոն: Մասնակիցների երթը վերածվեց Հիտլերին տուրք տալու նացիստական արարողակարգի: Գերմանացիները ներմուծեցին օլիմպիական կրակը Հունաստանից բերելու գաղափարը: Բեռլինի ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը վերածվեց մի մեծ ներկայացման:

Տոկիո 1964

Օլիմպիական խաղերն առաջին անգամ անցկացվեցին Ասիայում: Ատոմային ռմբակոծությունից ընդամենը 19 տարի անց Ճապոնիան կարողացավ ընդունել Օլիմպիական խաղեր: Օլիմպիական կրակը վառեց Եսինոր Սակային, ով ծնվել էր Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության օրը: Տոկիոյում առաջին անգամ բացման արարողության ժամանակ տեղի ունեցավ հրավառություն:

Մոկսվա 1980

Այս Օլիմպիական խաղերը հիշում են բոլորը: Մոսկվայի խաղերը Սառը պատերազմնի արտացոլումն էին: Ի նշան ԽՍՀՄ-ի զորքերը Աֆղանստան մտցնելու դեմ բողոքի ԱՄՆ-ի գլավորությամբ 65 երկրներ բոյկոտեցին Խաղերը: ԽՍՀՄ ղեկավարությունն արեց ամեն բան, որպեսզի խաղերի բացման արարողությունն ամեն ինչով գերազանցի նախորդները: Մոսկվայի խաղերը իսկապես նոր փուլ բերեցին բացման արարողությունների պատմության մեջ: Տարիներ շարունակ քաղաքը պատրաստում էին Խաղերին: Քաղաքից հեռացնում էին բոլոր անցանկալի մարդկանց: Օլիմպիականներին ուղիղ եթերում ուղեծրից ողջունեցին  տիեզերագնացներ Պոպովն ու Ռյումինը: Տրիբունաները պատրաստված մարդկանց շնորհիվ նույնպես վերածվում էին թատերաբեմի՝ պատկերելով տարբեր կերպարներ: Բեմահարթակում պարում էին միանգամից հարյուրավոր մասնակցիներ: Իսկ վերջում Օլիմպիական արջուկը երկինք բարձրացավ:

Լոս Անջելոս 1984

Չորս տարի անց պատասխան քայլ անելու հերթը ԱՄՆ-ի Լոս Անջելեսինն էր: ԽՍՀՄ-ն ու սոցիալիստական ճամբարի երկրները բոյկոտեցին Խաղերը: Ամերկիացիների բացումը չզիջեց նախորդ Օլիմպիադայի բացմանը: Նրանք ցուցադրեցին իրենց պատմությունը: Իսկ ամենից հիշվողը եղավ մարզադաշտում թռչող մարդու հայտնվելը:

Բարսելոնա 1992

Անկեղծության համար պետք է ասել, որ Բարսելոնայի Օլիմպիական խաղերի բացումը ստիպեց մոռանալ մինչ այդ եղած բոլոր օլիմպիական բացումները:  Այդպիսի ճաշակ եւ հնարամտություն ոչ մի երկիր ցույց չէր տվել: Ամբողջ մարզադաշտը դարձել էր ծով, որում լողում էր մեծ նավը: Բեմականացումը գերազանց էր: Իսկ օլիմպիական կրակի վառման արարողությունը երեւի թե ամենաօրիգինալներից մեկն է, Սիդնեյի խաղերի պես: Այն վառեց պարալիմպիկ մարզիկ Անտոնիո Ռեբոլյոն՝ կրակե նետը ուղղելով դեպի նշանակետը: Անվրեպ կատարելով իր առաքելությունը՝ մարզիկը վառեց օլիմպիական ջահը: Այս խաղերը հիշվեցին նաեւ անմահ երաժշտական կատարումներով: Մոնսերատ Կաբալյեն կատարեց հանրահայտ «Բարսելոնա» երգը, սակայն առանց վաղամեռիկ Ֆրեդի Մերքյուրիի, ով նրան ձայնակցում էր էկրանից: Սառա Բրայթմանն էլ երգեց Խոսե Կարերասի հետ:

Սիդնեյ 2000

Ավստրալիան ցնցեց բոլորին: Բացման արարողությունը 13-ամյա աղջկա երազն էր՝ մեծ կրկես կամ իրականացած հեքիաթ: Օլիմպիական կրակը վառեց վազորդ Քեթի Ֆրիմենը: Կրակը վառվեց ջրի միջից: Այսպիսի օրիգինալ բացումից հետո շատերին հետաքրքրում էր, թե ինչպես են հանգցնելու կրակը՝ կրկին ջրի օգնությա՞մբ: Բայց ավստրալացրիներն այս անգամ եւս զարմացրին բոլորին: Ստադինի վրա երեւացին երկու կործանիչ ինքնաթիռներ: Մեկ րոպե անց կրակը այլեւս չէր վառվում: Իսկ հարյուր հազարից ավելի հանդիսականները ապշած էին մնացել դեռ երկար ժամանակ: Օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը խոստովանել է, որ Սիդնեյի Օլիմպական խաղերի բացման արարողությունը ամենից ուժեղն էր իր տեսածներից:

Պեկին 2008

Չինացիները Խաղերի բացման արարողությանն այնքան լուրջ էին վերաբերվում, որ արարողության հիմնական ռեժիսորի կաստինգից դուրս մնաց նույնիսկ Սթիվեն Սփիլբերգը: 2008 թմբկահարներ բացեցին միջոցառումը: Կազմակերպիչները հազարավոր մասնակիցներից յուրաքանչյուրի աշխատանքին հետեւում էին հատուկ սարքերի միջոցով: Չինացիները բացման արարողության համար ծախսել էին 300  միլիոն դոլար: Ներկայացվեց Չինաստանի հետաքրքիր պատմությունը՝ չինական պատը, վիշապներ: Կրակը վառող մարզուհին «վազում էր» օդում: Ներկայացումն անչափ գունեղ էր: Երբեք ոչ մի այլ արարողության ժամանակ այդպիսի էֆեկտների չէին հասել: Սակայն վերջում պարզ դարձավ, որ հեռուստադիռողների համար օգտագործվում էր 3D գրաֆիկան, մարզադաշտում ամեն բան այդքան էլ այդպես չէր, բայց միեւնույն է հզոր էր:

Լոնդոն 2012

Անգլիացներն Օլիմպիական խաղերը ատամներով պոկեցին Փարիզից: Պարզվեց, որ բրիտանացիները կաշառել էին քվեարկողներին, բայց այսօր դրա մասին ոչ ոք չի հիշում: Բոլորը հիշում են միայն, թե որքան գեղեցիկ էր Լոնոդի Խաղերի բացումը: Անգլիացիները չինացիների նման ահռելի գումաներ չծախսեցին: Նրանք որոշեցին նորարարություններ անել: Լոնդոնի պատմությունը ներկայացնելուց հետո անգլիացիները գործի դրեցին իրենց հայտնի հումորը: Գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի ուղեկցությամբ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը պետք է ինքնաթիռից ցատկեր ուղիղ ստադիոն: Այս ամենին հավաքվածները հետեւում էին էկրաններով: Եվ ահա, թագուհին հայտնվեց: Միջոցառմանը մասնակցեց նաեւ հայտնի Միստեր Բինը: Երգեցին հանրահայտ անգլիացի երգիչները՝ Փոլ Մաքարթնին, Ջորջ Մայքլը, Muse եւ Spice girls խմբերը: Օլիմպիական կրակը ստադիոն էր գալիս Թեմզայով սլացող նավակով, որի ղեկին Դեվիդ Բեքհեմն էր: Առաջին անգամ Օլիմպիական խաղերի ջահը վառեց ոչ թե մեկ մարզիկ, այլ բազմաթիվ երեխաներ վառեցին իրենց կրակը, որը միանալով իրար դարձավ մի մեծ կրակ:

Սոչի 2014

Սոչիի բացման արարողությունը գեղեցիկ էր: Ինչպես եւ շատ այլ տեղեր եղան վրիպումներ՝ չվառվեց Օլիմպիկան օղակներից մեկը: Առաջին հերթին գեղեցիկ էր մարզիկների երթը՝ կարծես աշխարհի միջից դուրս գալուց լինեին: Ներկայացումը նույնպես գեղեցիկ ստացվեց: Ներկայացվեց Ռուսաստանի պատմությունը՝ պարերով, բեմականացմամբ: Արարողությունը գեղեցիկ էր, բայց ոչ մի նոր բան մենք չտեսանք:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում