13:12  ,  25 հունվարի, 2014

Սոչի-2014. Հայ օլիմպիական Արման Սերեբրակյան. Սա իմ երազանքի իրականացումն է

Ես , ինչպես բոլոր մարզիկները երազում եմ օլիմպիական չեմպիոն դառնալու մասին: Բայց նախքան այդ երազանքին հասնելը մեկ այլ երազանք էլ ունեի, որը փաստորեն իրականություն դարձավ` Օլիմպիական խաղերին մասնակցելը: Ճիշտ է, ես չեմ ծնվել եւ մեծացել Հայաստանում, բայց իմ ծնողներն ինձ հայեցի են դաստիարակել, եւ ես այս մարզաձեւով արդեն պրոֆեսիոնալ զբաղվելիս, բոլոր հաջողություններս ու ձեռքբերումներս իրականացրել եմ Հայաստանի համար եւ Հայաստանի դրոշի ներքո: Սոչիում ես ուզում եմ բոլորին ապացուցեմ, որ Հայաստանն էլ ունի ուժեղ լեռնադահուկորդ, ով լուրջ մրցակից է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՄՆ-ում բնակվող հայ լեռնադահուկորդ, Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում լեռնադահուկային սպորտում Հայաստանի միակ ներկայացուցիչ Արման Սերեբրակյանը:

Արման Սերեբրակյանը ծնվել է 1987 թվականի ապրիլի 7-ին ԱՄՆ-ում: Լեռնադահուկի վրա առաջին անգամ կանգնել է 2 տարեկանում եւ այդ պահից սիրել է այս մարզաձեւը: Դպրոցական տարիներին երազել է մասնագիտանալ լեռնադահուկային սպորտի ուղղությամբ: Սակայն մարզումներից մեկի ժամանակ ծնկի վնասվածք է  ստացել եւ մարզումները դադարեցրել մինչեւ 2006 թվականը: Արման Սերեբրակյանը 17 անգամ մասնակցել է ԱՄՆ-ի NCAA ազգային առաջնությանը, 2009 եւ 2010 թվականներին գրավել է մրցանակային տեղեր: Արդեն շուրջ 6 տարի ներկայացնում է Հայաստանը միջազգային լեռնադահուկային ֆեդերացիայի մրցումներում: 2011 թվականից Արման Սերեբրակյանը հանդես է գալիս նաեւ որպես մարզիչ: Այժմ Արման Սերեբրակյանը սովորում է Ֆիլադելֆիայի ուսումնական հաստատություններից մեկում` բժշկի մասնագիտացումով: Սոչիի Օլիմպիական խաղերին պատրաստվելու կապակցությամբ, հայ օլիմպիականը մեկ տարով հետաձգել է ուսումը, որպեսզի կարողանար հավաքներ անցկացնել Խաղերից առաջ:

Արման, շնորհավորում եմ Օլիմպիական խաղերի ուղեգիր ստանալու կապակցությամբ: Երբ իմացար, որ դու ես ներկայացնելու Հայաստանը 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում, ի՞նչ զգացիր:  

Իրականում սա իմ երազանքի իրականացումն է:Ես երկար տարիներ երազել եմ հնարավորություն ունենալ մասնակցել Օլիմպիական խաղերին, եւ այն էլ Հայաստանը ներկայացնել: Ծնվել մեծացել եմ Հայաստանից դուրս, բայց երազանքներս միշտ կապված են եղել Հայաստանի հետ: Այսօր երազանքներիցս մեկն իրականություն է դառնում:

Ի՞նչ ուրիշ երազանք ունես Հայաստանի հետ կապված:

Բնականաբար, բոլոր երազանքներս սպորտի ոլորտի հետ են կապվում: Բոլոր մարզիկների պես, ես էլ երազում եմ օլիմպիական չեմպիոն դառնալ իմ մարզաձեւում եւ Հայաստանից ներկայացված լինեմ: Միշտ այս երկու երազանքներով էի շարունակում մարզիկի կարիերաս`դառնալ օլիմպիական չեմպիոն, բայց նախքան այդ հասնել օլիմպիական ուղեգրին:

Ինչպե՞ս ստացվեց քո եւ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի համագործակցությունը: Ո՞ւմ կողմից եղավ առաջարկը Հայաստանը ներկայացնել միջազգային մրցասպարեզում:

Առաջարկը եղել է ֆեդերացիայի կողմից: Մրցումներից մեկի ժամանակ ինձ մոտեցավ մի մարդ, ով ներկայացավ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայից: Պայմանավորվածոթյուն ձեռք բերեցինք հանդիպել եւ քննարկել այդ հարցը: Ես ընդունեցի ֆեդերացիայի առաջարկը հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, ներկայացնել Հայաստանը եւ պայքարել Սոչիի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար: Ուղեգիրը չնվաճեցի, այլ ֆեդերացիան ինձ ընտրեց Միջազգային ֆեդերացիայի կողմից տրամադրած երկու հավելյալ տեղերից մեկում: Դա ինձ համար մեծ ուրախություն է եւ հպարտություն:

Ի՞նչ ակնկալիքներ ունես Սոչիում քո մասնակցությունից:

Բարդ է, դա հասկանում եմ: Ակնկալիքս այս պարագայում լավ մասնակցությունն է ու գոնե 30-յակի  մեջ մտնելը: Մի նպատակ եմ դրել, ցույց տալ աշխարհին, որ Հայաստանն ուժեղ լեռնադահուկորդ ունի եւ մրցակից է շատերի համար: Գիտեմ, որ շատ բարդ մրցակցություն է ինձ սպասվում: Սա իմ առաջին Օլիմպիական խաղերն են եւ դեռ չեմ կարող լիարժեք պատկերացում կազմել, թե ինչ են իրենցից ներկայացնում այս Խաղերը:

Մեդալների մասին չեմ խոսի, ոչ էլ կասեմ, որ հավակնում եմ մրցանակային տեղերի, դա իրականությանը չի համապաասխանում, բայց եթե ամեն ինչ հաջող ստացվի, գուցե լավագույն 20-նյակի մեջ էլ մտնեմ: Այժմ ունեմ բավարար միավորներ, բայց այսօր վերադառնում եմ ԱՄՆ, որտեղ ունենալու եմ եւս երկու մեկնարկ, ավելի բարձր միավորներով Սոչի 2014-ին մասնակցելու համար: Դրանք երկու փոքր մրցումներ են, որոնք միայն կբարելավեն իմ արդյունքները: ԱՄՆ-ից կմեկնեմ Սոչի:

Ես իմ ուժերի վրա վստահ եմ, լավ մարզվել եմ եւ երկար պատրաստվել, մնում է միայն բախտը մեզ ժպտա, սպորտային հաջողությունը: Ես ուզում եմ Հայաստանի անունը բարձր պահել, ինչ մրցում էլ լինի:

Եւս մեկ երազանք ունեմ, լավ արդյունքով վերադառնալ Հայաստան եւ ուրախացնել բոլորին: Հետագայում ես ծրագրում եմ այստեղ ապրել եւ մարզվել` շարունակել մարզիկի իմ կարիերան:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ armanserebrakian.com-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով



  • Լրահոս