08:54  ,  26 ապրիլի, 2012

ՀՋՖ նորընտիր նախագահ. Նախկին նախագահը խեղաթյուրել է հայկական ջրագնդակի պատմությունը

Հայկական ջրագնդակի խեղաթյուրված պատմությունը պետք է փոխել: Ինքնուրույն որոշումներ չեմ կայացնի, ինչպես դա արել է ջրագնդակի ֆեդերացիայի նախկին նախագահը: Ֆեդերացիայի նախագահ ասելով` չեմ հասկանա միայն իմ անձը, դա կլինեմ ես, վետերան ջրագնդորդները եւ բոլոր նրանք ովքեր զբաղվում են այս մարզաձեւով, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նորընտիր նախագահ, վետերան ջրագնդորդ Կարեն Գյունաշյանը:

NEWS.am Sport-ի մարտի 20-ի հրապարակած  Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Հովհաննիսյանի հարցազրույցը վրդովեցրել էր վետերան ջրագնդորդներին: Մի քանի օր անց` մարտի 26-ին, վետերան ջրագնդորդները Գ.Հովհաննիսյանին հրավիրեցին ՀԱՕԿ:

Հանդիպման վերջում Գ. Հովհաննիսյանը NEWS.am Sport-ի թղթակցին ակնարկեց ՀԱՕԿ հրավիրվելու դրդապատճառը. այն, որ ֆեդերացիայի ժողովում իրեն կհեռացնեն պաշտոնից:

Ապրիլի 22-ին Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիան հրավիրեց արտահերթ ժողով: Արտահերթ ժողովի օրակագրում ըստ ՀԱՕԿ-ի տարածած հաղորդագրության, ֆեդերացիայի  ղեկավար մարմնի ընտրությունն էր, այսինքն` նոր նախագահի նշանակումը:

Նոր նախագահ ընտրվեց  վետերան ջրագնդորդ, 51-ամյա Կարեն Գյունաշյանը, նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցրեց Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նախկին նախագահ Արայիկ Կեսոյանը, գլխավոր  քարտուղարը Էդվարդ Մանթաշյանն է , վերստուգիչ հանձնաժողովի նախագահը` Գագիկ Աֆրիկյանը: Ջրագնդակի ֆեդերացիայի գործկոմի կազմում ընդգրկվել է 11 անդամ, որոնք  նախկին ջրագնդորդներ են:

NEWS.am Sport-ի թղթակիցը հայկական ջրանդակի ծրագրերի եւ առկա խնդիրների մասին խոսեց Կ. Գյունաշյանի հետ: 

Պարոն Գյունաշյան, շնորհավորում եմ Ձեզ նոր պաշտոնում: Ներկայացրեք Ձեր կապը ջրագնդակի հետ: Ի՞նչ հիմքերով են ֆեդերացիայի անդամները ընտրել Ձեզ նախագահի պաշտոնում:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Ես զբաղվել եմ միայն ջրագնդակով, ուրիշ ոչ մի մարզաձեւով չեմ զբաղվել: Ջրանդակի հետ իմ կապը երկար տարիների պատմություն ունի. այս մարզաձեւով սկսել եմ զբաղվել երկրորդ դասարանից, նախ լողով, ապա ջրագնդակով: 1970-ական թվականներից այն ժամանակվա ջրագնդորդների «Սպարտակ» թիմի անդամ էի, ակտիվ մասնակցում էի մրցումների, երիտասարդական առաջնությունների, սպարտակիադաների: 1975 թվականից, չնայած ես փոքր էի, հավաքականի մեծահասակների կազմով սկսեցի մասնակցել մրցաշարերի: Այդպես մինչեւ 1979 թվական, բանակ զորակոչվելը: Ծառայությունից հետո ավարտել եմ Երեւանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը եւ ստացել ջրագնդակի մարզիչի մասնագիտություն: Երկար տարիներ, մինչեւ 90-ական թվականները աշխատել եմ որպես մարզիչ: Այդ տարիներին ջրագնդորդներով շատ համախմբված էին, միշտ գտնում էինք տեղ, որտեղ մարզվենք, մարզումներ անցկացնենք: Բայց որոշակի դադար այդ ընթացքում եղել է: 2000 թվականից գործընկեր-ջրագնդորդներով որոշեցինք շարունակել այս մարզաձեւը: Հիմնեցինք վետերան-ջրագնդորդների հայկական  ասոցիացիան, ես ընտրվեցի ասոցիացիայի փոխնախագահ: Ասոցիացիայում բոլորը եղել են ջրագնդորդներ, մասնագետներ:

Իսկ ինչո՞վ էիք զբաղվում մինչեւ  ֆեդերացիայի նախագահ ընտրվելը:

Մինչեւ  ֆեդերացիայի նախագահ ընտրվելը աշխատել եմ տարբեր հիմնարկներում, պետական կառույցներում, ոստիկանությունում: Սպորտն ընդհանրապես չեմ լքել, միշտ եղել եմ սպորտի մեջ: Նույնիսկ մութ ու ցուրտ տարիների պայմանների բացակայությունը ինձ չեն խանգարել: Այս պահին ոչ մի տեղ չեմ աշխատում:

Ի՞նչ է նշանակում լինել ֆեդերացիայի նախագահ:

Նշանակում է ամբողջությամբ նվիրվել մարզաձեւին: Ամբողջությամբ ասելով նկատի ունեմ բոլոր խնդիրները, բացի ֆինանսականից: Քանի որ հիմա դժվար ժամանակներ են, հասկանալի է, որ ոչ ոք չի կարող ֆինանսական մեծ ներդրումներ կատարել: Պետք է կարողանանք առողջ սերունդ մեծացնել, եւ այլն, եւ այլն: Իմ նպատակը միայն առողջ սերունդ մեծացնելն է, վերականգնել հին ավանդույթները, որը ունեցել է հայկական ջրագնդակը: Ես հրավիրել եմ նախկին վետերաններին, նախկին մասնագետներին, որոնք աշխատում են արտերկրում: Մոտակա օրերս կհանդիպեմ բոլորին եւ կառաջարկեմ մնալ Հայաստանում, աշխատել իմ հետ, ընդհանուր թիմ կազմենք, որ կարողանանք զարգացնել Հայաստանը:

Ի՞նչ կապ եք ունեցել ֆեդերացիայի նախկին աշխատանքների հետ:

Ընդհանրապես կապ չեմ ունեցել: Ավելին` մեր տղաներից ոչ մեկն էլ կապ չի ունեցել ֆեդերացիայի աշխատանքների հետ: Մեր ամբողջ վրդովմունքը դա էր: Խոսում եմ բոլորի անունից` ինչ որոշվելու է ֆեդերացիայում, լինելու է բոլորի գիտությամբ եւ մասնակցությամբ: Ֆեդերացիայի նախկին նախագահն ամեն ինչ արել է ինքնուրույն: Նրան չեմ ուզում փնովել, նրա աշխատանքները չեմ ուզում գնահատել: Նա խեղաթյուրել է ջրագդնակի պատմությունը, կայացրել է ինքնակամ որոշումներ, ընտրել է փոխնախագահ, ֆեդերացիայի կազմ… Այս ամենից մենք ընդհանրապես տեղյակ չենք եղել, ինչը կանոնադրության խախտում է: Կանոնադրության խախտումից բացի, մարդկային կողմից էլ ճիշտ չի: Նա ընտրել է ֆեդերացիայի անդամ մարդիկ, որոնք ընդհանրապես ջրագնդակի հետ կապ չունեն, մենք չենք էլ ճանաչում այդ մարդկանց: Կարգն այդպես չէ: Գոյություն ունի ընդհանուր ժողով, որով ընտրվում են անդամները, որտեղ որոշվում է, տվյալ մարդը պետք է մեզ, թե ոչ: Մեր խնդիրը միայն այդ ինքնակամ որոշումներն են: Նրա աշխատանքների հետ մենք որեւէ խնդիր չունենք: Նա չի համագործակցել որեւէ մեկի հետ:

Փաստորեն, նախկին նախագահի կատարած աշխատանքներից  ոչինչը ձեզ չի գոհացրե՞լ:

Ինձ միայն դուր է եկել այն, որ Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում ջրագնդակի խումբ է բացվել: Մենք կպահենք խումբը, ավելին` կաջակցենք, որքան հնարավոր է: Ըստ ինձ հասած տեղեկությունների, այդ խումբը մարզվում է ջրագնդակով: Բանն այն է, որ այս պահին հնարավոր չէ ջրագնդակով մարզվել: Ջրագնդակը հատուկ մասնագիտական մարզումներ է պահանջում:

Նույնիսկ, ԱՄՆ-ում գործող հայկական թիմի աշխատանքներն ու հաջողությունները Ձեզ չեն գոհացրե՞լ:

Շատ ուրախ եմ, որ նման թիմ կա: Անձամբ ճանաչում եմ մարզիչին: Մենք, այսինքն` վետերանների ասոցիացիան է առաջին անգամ Ամերիկայի թիմի մարզիչին հրավիրել այստեղ, այսինքն` Հայաստանի հավաքական: Այդ ժամանակ էլ ծանոթացանք: Հիմա նրանք ուզում են պաշտոնապես հանդես գալ Հայաստանի դրոշի տակ, ինչի համար մենք ամեն ինչ կանենք նրանց օգնելու համար:

Որեւէ մշակված ծրագրով առաջնորդվո՞ւմ եք արդեն, թե՞ դեռ ընթացքի մեջ է ծրագրերի կազմումը:

Ընթացքի մեջ է: Ծրագիր առայժմ չկա: Անելիքներ շատ կան: Առաջնային շեշտը պետք է դնենք Հայաստանի վրա:

Պարոն Գյունաշյան, դո՞ւք եք առաջարկել ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ձեր թեկնածությունը, թե՞ ձեզ ընտրել  են:

Ես մասնակից եմ եղել այս գործընթացին, ես եմ առաջարկել տարբեր թեկնածուների: Ավելին, նախկին նախագահին` Գագիկ Հովհաննիսյանին, ես եմ առաջարկել այդ պաշտոնի թեկնածու, որ նա ընտրվել է: Ինձ չեմ պատկերացրել նախագահի պաշտոնում: Ինձ համարում եմ ջրագնդակի բանվորներից մեկը: Երբ ես այս անգամ էլ ներկայացրեցի մի քանի թեկնածուների, տղաները որոշեցին, որ ես էլ դնեմ իմ թեկնածությունը: Միաձայն անցա ես:

Նախկին նախագահի հետ ես ոչ մի խնդիր չունեմ: Նույնիսկ, նրան ուզում եմ ընդգրկել ֆեդերացիայի խորհրդի կազմում, աշխատի մեզ հետ, եթե ցանկություն կունենա: Գ. Հովհաննիսյանը ԱՄՆ-ի թիմի հետ սերտ կապերի մեջ է եղել, մենք դա, ինչպես նաեւ Գ. Հովհաննիսյանի փորձը կօգտագործենք մեծ սիրով:

Այս պաշտոնում ես կփորձեմ արդարացնել բոլոր ջրագնդորդների հույսերը, ու վստահեցնում եմ` ես, դա բոլոր ջրագնդոդրներն են, վետերանները, այս մարզաձեւի սիրահարները:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով