18:36  ,  17 դեկտեմբերի, 2013

Վլադիմիր Ստոգնիենկո. Հավանում եմ Մովսիսյանի եւ Օզբիլիսի խաղը, բայց Մխիթարյանը լրիվ այլ մակարդակ ունի

Չնայած, ես հավանում եմ Մովսիսյանի եւ Օզբիլիզի խաղը, բայց Մխիթարյանը լրիվ այլ մակարդակ ունի: Մի բան է լավ խաղալ Ռուսաստանում, այլ բան՝ Բունդեսլիգայում եւ Չեմպիոնների լիգայում:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետո զրույցում ասել է ռուսական երկրորդ հեռուստաալիքի մարզական մեկնաբան Վլադիմիր Ստոգնիենկոն՝ ամփոփելով ֆուտբոլային տարին։

Անցնող տարվա ո՞ր ֆուտբոլային իրադարձություններն եք ամենանշանակալին համարում:

Ինձ համար տարվա ամենակարեւոր ֆուտբոլային իրադարձությունը Ռուսաստանի հավաքականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելն է, քանի որ այս տարի ակումբային ֆուտբոլում, բացի «Զենիթի» փլեյ-օֆֆ դուրս գալուց, ոչ մի այլ բան չկա: Տպավորիչ էր նաեւ «Բավարիայի» համոզիչ հաղթանակը «Բարսելոնայի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում: Շատերն ասում են, որ դա սերնդափոխության հետեւանք էր, բայց այդպես չէ: «Բավարիան» վերջին չորս տարում արդեն երեք անգամ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Գերմանական ֆուտբոլը շատ է առաջադիմել եւ հավակնում է Եվրոպայում առաջատար դառնալ: Դա բավականին հետաքրքիր է, քանի որ գերմանական առաջնությունում այդչափ մեծ գումարներ չեն պտտվում, քան այլ առաջնություններում: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է զարգանում գերմանական առաջնությունը:

Իսկ ո՞րն էր ամենավատ բանը ինչ կատարվել է ֆուտբոլում:

Տեսեք, թե մեզ հետ ինչ է կատարվում Չեմպիոնների լիգայում: «Զենիթը» դուրս եկավ խմբից միայն այն բանի շնորհիվ, որ «Պորտուն» ձախողվեց: Թե՛ պետերբուրգցիները, թե՛ ԲԿՄԱ-ն վատ խաղացին: Ռուսաստանի առաջնությունը հիասթափեցնում է: Այն ոչ միայն չի առաջադիմում, այլեւ հետադիմում է, ինչն այս տարի ավելի ակներեւ էր: Յուրաքանչյուր թիմ էլ կարող է ցանկացած մրցակցից պարտություն կրել, բայց դա ոչ թե կապված է մնացած ակումբների մակարդակի բարձրացման հետ, այլ ուղղակի առաջատար ակումբների մակարդակն ընկել է: Չեմպիոնների լիգայում մեր ակումբները ուրախանալու առիթ չեն տալիս:

Ի՞նչ կասեք ԱԱ-2014 եզրափակիչ փուլի վիճակահանության մասին: Ռուսաստանը ընդգրկվել է «կյանքի խմբում»: Դուք, պետք է գոհ լինեք:

Թիմերը անհավասարաչափ են տեղաբաշխվել: Շատ սխալ համակարգ է: Այդպես էլ չես հասկանում, թե ինչու է Շվեյցարիան ընդգրկվել առաջին զամբյուղում: Ինչ վերաբերում է մեր խմբին, բնականաբար, ես շատ գոհ եմ: Անցողիկ խումբ է: Մենք շատ ուժեղ մարզիչ ունենք, այդպիսիք աշխարհում շատ քիչ են: Ընդհանուր առմամբ, մենք փլեյ-օֆֆ դուրս գալու լավ հնարավորություններ ունենք: Վերջին անգամ այդպիսի արդյունք գրանցել ենք 1986-ին, երբ մեր երկրները հանդես էին գալիս ընդհանուր հավաքականում: 1/8 եզրափակիչում մեզ կարող է բաժին հասնել Գերմանիայի կամ Պորտուգալիայի հավաքականը, բայց ես պորտուգալացիներից վախենալու առիթ չեմ տեսնում:

Անվանեք ԱԱ-2014-ի երեք հիմնական ֆավորիտներին:

Երեւի բոլորն էլ նույն թիմերին են ֆավորիտ համարում, ամեն դեպքում՝ Բրազիլիա, Գերմանիա, Իսպանիա: Ֆավորիտների երկրորդ խմբում կընդգրկեի Արգենտինայի, Հոլանդիայի հավաքականներին, միգուցե նաեւ Իտալիային:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլը, «Զենիթի» 6 միավորով խմբից դուրս գալուց ու «Նապոլիի» 12 միավորով խմբից դուրս մնալուց բացի, ինչո՞վ էր հիշարժան:

Կրկին հիշենք, որ չորս գերմանական թիմեր փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր են նվաճել: Բնականաբար, «Բավարիան» ու «Բորուսիան» լրիվ այլ մակարդակ ունեն, «Շալկեն»՝ լրիվ այլ, բայց միանգամից չորս թիմ գերազանց արդյունքի են հասել: Բացի այդ, հավանեցի «Այաքսի» երիտասարդ թիմին: Չնայած նրանց հաջորդ տարի երեւի կրկին կվաճառեն:

Դուք մի քանի անգամ մեկնաբանել եք «Բորուսիայի» հանդիպումները: Հենրիխի ելույթները ինչպե՞ս կգնահատեիք: Նրա տրանսֆերը արդարացվա՞ծ էր:

Նա լիովին հարմարվել է: Պետք չէ նրան անընդհատ համեմատել Գյոտցեի հետ: Նրանք տարբեր խաղաոճ ունեցող ֆուտբոլիստներ են: Երկուսին էլ հավանում եմ: Մխիթարյանն, արդեն այսօր, «Բորուսիայի» համար կարեւոր ֆուտբոլիստ է, դա ակներեւ է հատկապես այն ժամանակ, երբ «Բորուսիան» օգտագործում է պաշտպանությունից եզրային հակագրոհներ կազմակերպելու ֆիրմային անցումները: Հենրիխին միգուցե կայունությունը չի հերիքում: Բայց դա առաջին մրցաշրջանի համար, ոչ միայն ներելի է, այլեւ նորմալ երեւույթ է: Պետք է հաշվի առնել, որ նոր երկիր է նրա համար, կենցաղային հարցեր կան: Կարծում եմ՝ նա ժամանակի ընթացքում ի զորու է դառնալ «Բորուսիայի» առաջատարը:

Գիտե՞ք, որ հայ ֆուտբոլասերների մեծ մասը դժգոհ են Ձեր ընկեր Կիրիլ Դեմենտեւից: Նա հաճախ է մեկնաբանում «Բորուսիայի» հանդիպումները, եւ շատերի կարծիքով, հաճախ ոչ օբյեկտիվ է մեկնաբանում:

Ես նրա հետ հաճախ եմ խոսում: Կիրիլը Մխիթարյանին նորմալ է վերաբերվում: Այնպես է ստացվել, որ նա մեկնաբանել է «Բորուսիայի» այն հանդիպումները, որտեղ Մխիթարյանի խաղն այդքան էլ չի ստացվել: Միգուցե, այդ պատճառով է այդպիսի կարծիք ձեւավորվել: Օրերս մենք «Բորուսիայի» մասին խոսում էինք, նա Մխիթարյանի խաղը շատ բարձր է գնահատում:

Ի՞նչ կասեք «Սպարտակում» հանդես եկող Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի մասին:

Հիմա գրեթե բոլոր ռուսական թիմերը խնդիրներ ունեն: «Սպարտակը» էմոցիոնալ ու անկայուն թիմ է: Այդպիսի թիմում դժվար է ընդհանուր համատեքստից առանձնանալ: Յուրան ու Արասն էլ հայտնվում են այդ անկումների ազդեցության տակ: Բայց եթե ես հայ երկրպագու լինեի, ապա նրանցից գոհ կլինեի: Նրանք խաղում են, նրանց մոտ ամեն ինչ լավ է: Որքանով տեղյակ եմ, Պիզելիի մոտ գործերն այդքան էլ լավ չեն:

Շատ հայ ֆուտբոլիստներ տարբեր պատճառներով տեղափոխվում են Ղազախստան: Նույն Պիզելին շուտով կարող է այնտեղ հայտնվել: Դուք էլ, մեծամասնության նման, կարծո՞ւմ եք, որ դա մի քայլ դեպի հետ է, թե՞ դա ավելի լավ է, քան նստել պահեստայինների նստարանին:

Չնայած ղազախական ակումբները եվրագավաթներում լավ են հանդես եկել, Ղազախստան տեղափոխվելը, միանշանակ, մի քայլ հետ է: Ռուսաստանի առաջնությունն ավելի ուժեղ է: Որքանով տեղյակ եմ ղազախական առաջնությունում ֆինանսական առումով ոչ վատ պայմաններ կան: Ընդհանուր առմամբ, դա ֆուտբոլիստների որոշելիքն է: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր ճանապարհը:

Փետրվարին կկայանա Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Ռուսաստանի հավաքականը ո՞ր թիմերի դեմ կցանկանայիք ընդգրկվեր:

Եթե Կապելոն հավաքականի հետ երկարաձգի պայմանագիրը, ապա միեւնույն է: Ռուսաստանի հավաքականը կարող է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալ, միայն հրեշավոր ձախողումը կարող է դրան խանգարել: Ես հասկանում եմ, որ Հայաստանի հավաքականը այդ վիճակահանության հետ մեծ հույսեր է կապում: Հայաստանի հավաքականի ներկայիս սերունդը Եվրոպայի առաջնության ժամանակ կլինի իր ուժերի ծաղկման շրջանում:

Մոտ օրերս հայտնի կդառնա 2013թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի անունը: Եթե Դուք հայ լրագրող լինեիք, Ձեր ձայնը ո՞ւմ կտայիք:

Եթե Հայաստանում կա մի ֆուտբոլիստ, ով խաղում է Եվրոպայի առաջատար ակումբներից մեկում, ապա այստեղ հարցեր չպետք է ծագեն:

Հենրիխն արդեն մի քանի տարի ճանաչվում է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Եթե այսպես շարունակվի, ապա մոտակա տարիներին, նա անդադար կճանաչվի լավագույնը: Մեսիի պատմությունն է հիշեցնում:

Մեսիի դեպքում մի փոքր այլ է: Չնայած, ես հավանում եմ Մովսիսյանի եւ Օզբիլիզի խաղը, բայց Մխիթարյանը լրիվ այլ մակարդակ ունի: Մի բան է լավ խաղալ Ռուսաստանում, այլ բան՝ Բունդեսլիգայում եւ Չեմպիոնների լիգայում:

Գալիք տարի մարզական առումով շատ հետաքրքիր է լինելու: Գուշակեք, թե որ թիմը կդառնա աշխարհի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող եւ Ռուսաստանի առաջնության չեմպիոն:

Աշխարհի չեմպիոն կդառնա Բրազիլիան, Չեմպիոնների լիգայի գավաթը կնվաճի «Բավարիան», չնայած չէի ուզի, իսկ Ռուսաստանի չեմպիոն ով ասես կարող է դառնալ: Չնայած, կարծում եմ «Զենիթի» հնարավորությունները մեծ են: Այդ տարի, բացի ֆուտբոլից, ինձ համար մեծ իրադարձություն կլինի նաեւ Օլիմպիական խաղերում տափօղակով հոկեյի մրցաշարը: Մեր երկիրը մեծ անհամբերությամբ սպասում է օլիմպիական հոկեյի մրցաշարին:

Ի՞նչ կասեք Չեմպինոների լիգայի վիճակահանության մասին:

Եթե պետերբուրգցիները չավելացնեն, ապա ես չեմ հասկանում՝ մեր թիմը հաջողության հասնելու հնարավորություններ ունի, թե ոչ: Այն ֆուտբոլը, որը «Զենիթը» ցուցադրում էր աշնանը, բավարար չէ, որպեսզի նրանք հաղթեն «Բորուսիային»: «Բորուսիան» պաշտպանության կենտրոնում բավական խնդիրներ ունի, բայց հնարավոր է, մինչեւ «Զենիթի» դեմ հանդիպումը այդ խնդիրները քչանան:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով