08:54 26 ապրիլի, 2012Հայկական ջրագնդակի խեղաթյուրված պատմությունը պետք է փոխել: Ինքնուրույն որոշումներ չեմ կայացնի, ինչպես դա արել է ջրագնդակի ֆեդերացիայի նախկին նախագահը: Ֆեդերացիայի նախագահ ասելով` չեմ հասկանա միայն իմ անձը, դա կլինեմ ես, վետերան ջրագնդորդները եւ բոլոր նրանք ովքեր զբաղվում են այս մարզաձեւով, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նորընտիր նախագահ, վետերան ջրագնդորդ Կարեն Գյունաշյանը:
NEWS.am Sport-ի մարտի 20-ի հրապարակած Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Հովհաննիսյանի հարցազրույցը վրդովեցրել էր վետերան ջրագնդորդներին: Մի քանի օր անց` մարտի 26-ին, վետերան ջրագնդորդները Գ.Հովհաննիսյանին հրավիրեցին ՀԱՕԿ:
Հանդիպման վերջում Գ. Հովհաննիսյանը NEWS.am Sport-ի թղթակցին ակնարկեց ՀԱՕԿ հրավիրվելու դրդապատճառը. այն, որ ֆեդերացիայի ժողովում իրեն կհեռացնեն պաշտոնից:
Ապրիլի 22-ին Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիան հրավիրեց արտահերթ ժողով: Արտահերթ ժողովի օրակագրում ըստ ՀԱՕԿ-ի տարածած հաղորդագրության, ֆեդերացիայի ղեկավար մարմնի ընտրությունն էր, այսինքն` նոր նախագահի նշանակումը:
Նոր նախագահ ընտրվեց վետերան ջրագնդորդ, 51-ամյա Կարեն Գյունաշյանը, նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցրեց Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նախկին նախագահ Արայիկ Կեսոյանը, գլխավոր քարտուղարը Էդվարդ Մանթաշյանն է , վերստուգիչ հանձնաժողովի նախագահը` Գագիկ Աֆրիկյանը: Ջրագնդակի ֆեդերացիայի գործկոմի կազմում ընդգրկվել է 11 անդամ, որոնք նախկին ջրագնդորդներ են:
NEWS.am Sport-ի թղթակիցը հայկական ջրանդակի ծրագրերի եւ առկա խնդիրների մասին խոսեց Կ. Գյունաշյանի հետ:
Պարոն Գյունաշյան, շնորհավորում եմ Ձեզ նոր պաշտոնում: Ներկայացրեք Ձեր կապը ջրագնդակի հետ: Ի՞նչ հիմքերով են ֆեդերացիայի անդամները ընտրել Ձեզ նախագահի պաշտոնում:
Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Ես զբաղվել եմ միայն ջրագնդակով, ուրիշ ոչ մի մարզաձեւով չեմ զբաղվել: Ջրանդակի հետ իմ կապը երկար տարիների պատմություն ունի. այս մարզաձեւով սկսել եմ զբաղվել երկրորդ դասարանից, նախ լողով, ապա ջրագնդակով: 1970-ական թվականներից այն ժամանակվա ջրագնդորդների «Սպարտակ» թիմի անդամ էի, ակտիվ մասնակցում էի մրցումների, երիտասարդական առաջնությունների, սպարտակիադաների: 1975 թվականից, չնայած ես փոքր էի, հավաքականի մեծահասակների կազմով սկսեցի մասնակցել մրցաշարերի: Այդպես մինչեւ 1979 թվական, բանակ զորակոչվելը: Ծառայությունից հետո ավարտել եմ Երեւանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը եւ ստացել ջրագնդակի մարզիչի մասնագիտություն: Երկար տարիներ, մինչեւ 90-ական թվականները աշխատել եմ որպես մարզիչ: Այդ տարիներին ջրագնդորդներով շատ համախմբված էին, միշտ գտնում էինք տեղ, որտեղ մարզվենք, մարզումներ անցկացնենք: Բայց որոշակի դադար այդ ընթացքում եղել է: 2000 թվականից գործընկեր-ջրագնդորդներով որոշեցինք շարունակել այս մարզաձեւը: Հիմնեցինք վետերան-ջրագնդորդների հայկական ասոցիացիան, ես ընտրվեցի ասոցիացիայի փոխնախագահ: Ասոցիացիայում բոլորը եղել են ջրագնդորդներ, մասնագետներ:
Իսկ ինչո՞վ էիք զբաղվում մինչեւ ֆեդերացիայի նախագահ ընտրվելը:
Մինչեւ ֆեդերացիայի նախագահ ընտրվելը աշխատել եմ տարբեր հիմնարկներում, պետական կառույցներում, ոստիկանությունում: Սպորտն ընդհանրապես չեմ լքել, միշտ եղել եմ սպորտի մեջ: Նույնիսկ մութ ու ցուրտ տարիների պայմանների բացակայությունը ինձ չեն խանգարել: Այս պահին ոչ մի տեղ չեմ աշխատում:
Ի՞նչ է նշանակում լինել ֆեդերացիայի նախագահ:
Նշանակում է ամբողջությամբ նվիրվել մարզաձեւին: Ամբողջությամբ ասելով նկատի ունեմ բոլոր խնդիրները, բացի ֆինանսականից: Քանի որ հիմա դժվար ժամանակներ են, հասկանալի է, որ ոչ ոք չի կարող ֆինանսական մեծ ներդրումներ կատարել: Պետք է կարողանանք առողջ սերունդ մեծացնել, եւ այլն, եւ այլն: Իմ նպատակը միայն առողջ սերունդ մեծացնելն է, վերականգնել հին ավանդույթները, որը ունեցել է հայկական ջրագնդակը: Ես հրավիրել եմ նախկին վետերաններին, նախկին մասնագետներին, որոնք աշխատում են արտերկրում: Մոտակա օրերս կհանդիպեմ բոլորին եւ կառաջարկեմ մնալ Հայաստանում, աշխատել իմ հետ, ընդհանուր թիմ կազմենք, որ կարողանանք զարգացնել Հայաստանը:
Ի՞նչ կապ եք ունեցել ֆեդերացիայի նախկին աշխատանքների հետ:
Ընդհանրապես կապ չեմ ունեցել: Ավելին` մեր տղաներից ոչ մեկն էլ կապ չի ունեցել ֆեդերացիայի աշխատանքների հետ: Մեր ամբողջ վրդովմունքը դա էր: Խոսում եմ բոլորի անունից` ինչ որոշվելու է ֆեդերացիայում, լինելու է բոլորի գիտությամբ եւ մասնակցությամբ: Ֆեդերացիայի նախկին նախագահն ամեն ինչ արել է ինքնուրույն: Նրան չեմ ուզում փնովել, նրա աշխատանքները չեմ ուզում գնահատել: Նա խեղաթյուրել է ջրագդնակի պատմությունը, կայացրել է ինքնակամ որոշումներ, ընտրել է փոխնախագահ, ֆեդերացիայի կազմ… Այս ամենից մենք ընդհանրապես տեղյակ չենք եղել, ինչը կանոնադրության խախտում է: Կանոնադրության խախտումից բացի, մարդկային կողմից էլ ճիշտ չի: Նա ընտրել է ֆեդերացիայի անդամ մարդիկ, որոնք ընդհանրապես ջրագնդակի հետ կապ չունեն, մենք չենք էլ ճանաչում այդ մարդկանց: Կարգն այդպես չէ: Գոյություն ունի ընդհանուր ժողով, որով ընտրվում են անդամները, որտեղ որոշվում է, տվյալ մարդը պետք է մեզ, թե ոչ: Մեր խնդիրը միայն այդ ինքնակամ որոշումներն են: Նրա աշխատանքների հետ մենք որեւէ խնդիր չունենք: Նա չի համագործակցել որեւէ մեկի հետ:
Փաստորեն, նախկին նախագահի կատարած աշխատանքներից ոչինչը ձեզ չի գոհացրե՞լ:
Ինձ միայն դուր է եկել այն, որ Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում ջրագնդակի խումբ է բացվել: Մենք կպահենք խումբը, ավելին` կաջակցենք, որքան հնարավոր է: Ըստ ինձ հասած տեղեկությունների, այդ խումբը մարզվում է ջրագնդակով: Բանն այն է, որ այս պահին հնարավոր չէ ջրագնդակով մարզվել: Ջրագնդակը հատուկ մասնագիտական մարզումներ է պահանջում:
Նույնիսկ, ԱՄՆ-ում գործող հայկական թիմի աշխատանքներն ու հաջողությունները Ձեզ չեն գոհացրե՞լ:
Շատ ուրախ եմ, որ նման թիմ կա: Անձամբ ճանաչում եմ մարզիչին: Մենք, այսինքն` վետերանների ասոցիացիան է առաջին անգամ Ամերիկայի թիմի մարզիչին հրավիրել այստեղ, այսինքն` Հայաստանի հավաքական: Այդ ժամանակ էլ ծանոթացանք: Հիմա նրանք ուզում են պաշտոնապես հանդես գալ Հայաստանի դրոշի տակ, ինչի համար մենք ամեն ինչ կանենք նրանց օգնելու համար:
Որեւէ մշակված ծրագրով առաջնորդվո՞ւմ եք արդեն, թե՞ դեռ ընթացքի մեջ է ծրագրերի կազմումը:
Ընթացքի մեջ է: Ծրագիր առայժմ չկա: Անելիքներ շատ կան: Առաջնային շեշտը պետք է դնենք Հայաստանի վրա:
Պարոն Գյունաշյան, դո՞ւք եք առաջարկել ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ձեր թեկնածությունը, թե՞ ձեզ ընտրել են:
Ես մասնակից եմ եղել այս գործընթացին, ես եմ առաջարկել տարբեր թեկնածուների: Ավելին, նախկին նախագահին` Գագիկ Հովհաննիսյանին, ես եմ առաջարկել այդ պաշտոնի թեկնածու, որ նա ընտրվել է: Ինձ չեմ պատկերացրել նախագահի պաշտոնում: Ինձ համարում եմ ջրագնդակի բանվորներից մեկը: Երբ ես այս անգամ էլ ներկայացրեցի մի քանի թեկնածուների, տղաները որոշեցին, որ ես էլ դնեմ իմ թեկնածությունը: Միաձայն անցա ես:
Նախկին նախագահի հետ ես ոչ մի խնդիր չունեմ: Նույնիսկ, նրան ուզում եմ ընդգրկել ֆեդերացիայի խորհրդի կազմում, աշխատի մեզ հետ, եթե ցանկություն կունենա: Գ. Հովհաննիսյանը ԱՄՆ-ի թիմի հետ սերտ կապերի մեջ է եղել, մենք դա, ինչպես նաեւ Գ. Հովհաննիսյանի փորձը կօգտագործենք մեծ սիրով:
Այս պաշտոնում ես կփորձեմ արդարացնել բոլոր ջրագնդորդների հույսերը, ու վստահեցնում եմ` ես, դա բոլոր ջրագնդոդրներն են, վետերանները, այս մարզաձեւի սիրահարները:
Զրուցեց Լուսինե Շահբազյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.