15:20  ,  26 մարտի, 2012

Հայկական ջրագնդակի ներկայացուցիչներին վրդովեցրել է NEWS.am Sport-ի հրապարակումը

NEWS.am Sport-ի մարտի 20-ի հրապարակած  Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Հովհաննիսյանի հարցազրույցը մեծ իրարանցում առաջացրեց  կայքում հայտնվելու առաջին իսկ րոպեներից: Եղան բազմաթիվ մեկնաբանություններ NEWS.am Sport-ում եւ Facebook-ում:

Այսօր  NEWS.am Sport-ի թղթակցի հետ կապվեց ֆեդերացիայի նախագահ Գ.Հովհաննիսյանը, խնդրելով այցելել Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտե եւ NEWS.am Sport-ում հերքում տալ հարցազրույցում` սպորտի նախարարության եւ ՀԱՕԿ-ի աջակցության բացակայությանը վերաբերող բողոքի մասին: ՀԱՕԿ-ում Գ. Հովհաննիսյանի հետ մեզ սպասում էին նաեւ հայ վետերան ջրագնդորդներ:

Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նախկին նախագահ Արայիկ Կեսոյանը ներկայացրեց իր նախագահության օրոք Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի հաղոջությունները եւ պնդեց, որ NEWS.am Sport-ին տված հարցազրույցի ինֆորմացիան սխալմունք է:

«Ֆեդերացիայի նախագահ դարձել եմ  2005 թվականից, սակայն Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիան հիմնվել է դեռեւս 1999-ից: Միայն անցյալ տարի ինչ-ինչ խնդիրների պատճառով հրաժարվեցի ֆեդերացիայի նախագահ լինելուց եւ քանի որ այդ ժամանակ Գագիկ Հովհաննիսյանը իմ տեղակալն էր, նրան նշանակեցինք նախագահ: Այդ ժամանակից մինչ օրս այս մարզաձեւին օգնում է միայն ՀԱՕԿ-ը` նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Մենք բազմիցս վետերան ջրագնդորդների հետ մտել ենք պարոն Ծառուկյանի մոտ եւ խնդրել նրա աջակցությունը, նա էլ` օլիմպիական կոմիտեից իր աջակցությունն արել է, մինչեւ բյուջեի կազմումը: Խոսքը մեծ գումարների մասին է, որի շնորհիվ մենք կարողացել ենք ունենալ եւս երկու մարզիչ` իրենց աշխատավարձով, բացել ենք խմբեր Երեւանի գործող լողավազաններում: Այս մարզաձեւը կարողացել ենք տեղից շարժել ՀԱՕԿ-ի աջակցությամբ` իրենց գումարների հաշվին: Նույնը շարունակվում է նաեւ հիմա: Այսօրվա դրությամբ միակ աջակցությունը տեսել ենք միայն Գագիկ Ծառուկյանից: Եթե պետք է փաստաթղթերով, հաշվապահական գրանցումներով, փոխանցումների կտրոններով կարող ենք ներկայացնել, որպեսզի պարզ դառնա` ջրագնդակի ֆեդերացիան աջակցություն ստանում է կոմիտեից»:

Մարզիչ, միջազգային կարգի մրցավար Բենիամին Սիմոնյանին անհանգստացրել էին հոդվածում տեղ գտած պատմական տարեթվերն ու իրադարձությունները. «Ո՞վ է տվել այդ տվյալները, դրանք սխալ են»: Ապա իմանալով, որ այդ ինֆորմացիան տեղադրված է Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, ավելի զայրացավ, խոստանալով NEWS.am Sport-ի համար անձամբ գրել Հայաստանի ջրագնդակի պատմությունը:

«Թողել եք մեր անվանի վարպետներին, նշել, որ ջրագնդակը հիմնել է Մարկարովը: Բա մե՞նք… »:

Վետերան ջրագնդորդ Ռուբիկ Եսայանն էլ խորհուրդ տվեց ջրագնդակին վերաբերվող հրապարակումներից առաջ պարզել դրանց իսկությունը ջրագնդակի վետերանների եւ վարպետների հետ:

Ֆեդերացիայի ներկայիս նախագահ Գագիկ Հովհաննիսյանը վետերան ջրագնդորդների եւ նախկին ղեկավարների ներկայությամբ շնորհակալություն հայտնեց ՀԱՕԿ-ին:

«Թյուրիմացություն է եղել: Մենք աջակցություն ստանում ենք Գագիկ Ծառուկյանից»,- հայտարարեց Գագիկ Հովհաննիսյանը:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով