18:56  ,  23 նոյեմբերի, 2013

«Սպարտակը» պարտվեց դերբիում

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում ԲԿՄԱ-ն մոսկովյան դերբիում նվազագույն հաշվով հաղթեց «Սպարտակին», որին առաջին շրջանում պարտվել էր 0:3 հաշվով:

«Խիմկի Արենա» ստադիոնում կայացած խաղի հաշիվը 7-րդ րոպեին բացեց ԲԿՄԱ-ի կոտդիվուարցի հարձակվող Սեյդու Դումբիան, ով օգտվեց հյուրերի դարպասապահի եւ պաշտպանի անհամաձայնեցված գործողություններից: Վնասվածքից ապաքինված Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» մեկնարկային կազմում էր, սակայն առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականի հարձակվողը չունեցավ իրական գոլային պահեր, իսկ 47-րդ րոպեին ստացավ դեղին քարտ:  

Երկրորդ խաղակեսի մեկնարկային 15 րոպեներին ԲԿՄԱ-ն կարող էր խփել 3 գոլ, սակայն բանակայինները վրիպում էին հարմար դիրքերից: 59-րդ րոպեին Յուրա Մովսիսյանին փոխարինեց պարագվայցի հարձակվող Լուկաս Բարիոսը, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը խաղադաշտ դուրս եկավ Պավել Յակովլեւի փոխարեն, բայց «Սպարտակին» չհաջողվեց խուսափել պարտությունից:

Այս հաղթանակից հետո ԲԿՄԱ-ն հավասարվեց 2-3-րդ տեղերը բաժանող «Լոկոմոտիվին» ու «Սպարտակին», որոնք հավաքել են 33-ական միավոր: 36 միավոր ունեցող առաջատար «Զենիթին» կարող է հավասարվել «Լոկոմոտիվը», որը նոյեմբերի 24-ին կընդունի «Դինամոյին»:

Ռուսաստանի առաջնություն, 17-րդ տուր 

ԲԿՄԱ – «Սպարտակ»՝ 1:0

Սեյդու Դումբիա, 7

«Տոմ» - «Ռուբին»՝ 0:1

Սերգեյ Կիսլյակ, 80

Հեռացում՝ Պավել Գոլիշեւ, 63 («Տոմ»)

«Ամկար» - «Կուբան»՝ 3:1

Իգորի Պիկուսկիաչ, 77, Իվան Չերենչիկով, 81, Գեորգի Պեեւ, 86 (11մ.) – Դեալբերտ, 27

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում