11:59  ,  12 նոյեմբերի, 2013

Յուրա Մովսիսյանը դեռ բազմաթիվ անգամ կուրախացնի ֆուտբոլասերներին

«Թերեկի» հետ մեկնարկային խաղում Մովսիսյանը հեթ-տրիկ ձեւակերպեց։ Գոլերից յուրաքանչյուրն օրիգինալ ստացվեց եւ ցուդարեց այն որակները, որով օժտված է այս հարձակվողը, գրում է «Սպորտ-Էքսպրեսը»՝ անդրադառնալով Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ ռուսական ակումբի կազմում ցուցադրած խաղին։

«Դա մեծ հույսեր առաջացրեց «Սպարտակի» երկրպագուների մոտ։ Հաջորդ 7 խաղերում Յուրան դարձավ մեկ գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ, եւ դա անհանգստացրեց բոլորին։ Սակայն ֆուտբոլիստին հարկավոր էր հարմարվել նոր թիմի խաղաոճին, եւ Մովսիսյանը հաջողությամբ լուծեց այդ խնդիրը նախամրցաշրջանային հավաքների ընթացքում։

Ընթացիկ մրցաշրջանում նա մեկնարկեց՝ ամբողջովին հարմարված ռուսական ակումբի մարտավարությանը եւ թիմակիցներին։ Նա առաջնության լավագույն ռմբարկուներից է։ Հարձակվողը տիրապետում է հիանալի դրիբլինգի, գնդակը լավ է փակում թիկունքով, ինչի շնորհիվ մրցակիցները չեն կարողանում «մաքուր» սահանկումներ կատարել։ Մովսիսյանի երկու ոտքերը հարվածային են։

Այս բոլոր որակները նա ցուցադրեց «Զենիթի» դեմ խաղում։ Հերթական հեթ-տրիկը նպաստեց Մովսիսյանի վերադարձին։ Կան բոլոր հիմքերը փաստելու՝ հարձակվողը դեռ բազմաթիվ անգամ կուրախացնի ֆուտբոլասերներին»,- գրում է ռուսական կայքը։

Հիշեցնենք, որ «Զենիթի» հետ խաղում 26-ամյա հարձակվողը խորացրել էր ծնկահոդի վնասվածքը։ Մովսիսյանը տարեվերջյան հանդիպումներին կմասնակցի ցավազրկող ներարկումների ազդեցության տակ եւ կխաղա մոտ 60 րոպե։ Ձմեռային դադարի ժամանակ նա կվիրահատվի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում