19:58  ,  3 նոյեմբերի, 2013

Յուրա Մովսիսյանի գոլն ու «Սպարտակի» պարտությունը մոսկովյան դերբիում

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում «Սպարտակը» 1:3 հաշվով պարտվեց «Լոկոմոտիվին»:

«Սպարտակը» դաշտի տիրոջ կարգավիճակ ուներ «Լոկոմոտիվի» ստադիոնում կայացած խաղում, սակայն Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) կարգապահական կոմիտեի որոշման համաձայն՝ թիմերը հանդես էին գալիս առանց երկրպագուների:

Մոսկովյան դերբիի սկզբնամասը շատ անհաջող ստացվեց «Սպարտակի» համար, քանի որ 17-րդ րոպեին «Լոկոմոտիվը» սենեգալցի հարձակվող Դամե Ն՛Դոյեի եւ ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսանդր Սոմեդովի խփած գոլերի շնորհիվ 2 գնդակի առավելություն ուներ: Առաջին գոլի դրվագում անհաջող խաղաց «Սպարտակի» պաշտպան Սերգեյ Պարշավլյուկը, իսկ երկրորդ գոլում կոպիտ սխալ թույլ տվեց ռուս պաշտպան Սերգեյ Պեսյակովը: 27-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կրճատեց հաշվի տարբերությունը՝ խփելով իր 9-րդ գոլը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում: Առաջին խաղակեսն ավարտվեց 2:1 հաշվով:

Ընդմիջումից հետո «Սպարտակի» կազմում փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, սակայն Վալերի Կարպինի թիմին չհաջողվեց խուսափել պարտությունից, իսկ «Լոկոմոտիվը» խփեց նաեւ երրորդ գոլը՝ տանելով չափազանց կարեւոր հաղթանակ: 70-րդ րոպեին պարագվայցի հարձակվող Լուկաս Բարիոսը փոխարինեց Յուրա Մովսիսյանին, իսկ 7 րոպե անց Ն՛Դոյեն դարձավ դուբլի հեղինակ՝ վերջակետ դնելով խաղին:

15-րդ տուրից հետո առաջատար Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» ունի 36 միավոր, «Լոկոմոտիվը»՝ 33, իսկ «Սպարտակը» 30 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Ռուսաստանի առաջնություն, 15-րդ տուր 

«Սպարտակ» - «Լոկոմոտիվ»՝ 1:3

Յուրա Մովսիսյան, 27 – Դամե Ն՛Դոյե, 7, 77, Ալեքսանդր Սոմեդով, 17

«Ռոստով» - «Ռուբին»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում