13:30  ,  2 նոյեմբերի, 2013

Մարկոս Պիզելի. Այն էլ ինչպես կնշեմ «Կուբանի» դարպասը խփած գոլը

Եթե կարողանամ աչքի ընկնել կրասնոդարյան դերբիում, ապա խփածս գոլն այնպես կնշեմ, որ Կրասնոդարի ստադիոնը երբեք չի տեսել նման բան, հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին։ 29-ամյա ֆուտբոլիստը խոսել է իր նախկին թիմի՝ «Կուբանի» դեմ Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրի խաղի մասին:

«Այսպիսի խաղերը շատ հատուկ են: Զգացմունքներ, հետաքրքիր խաղ՝ բազմաթիվ մենապայքարներով: Կողմերը՝ թիմերի նախագահները, երկրպագուները, մարզիչներն ու ֆուտբոլիստները, երազում են միայն հաղթանակի մասին: Դերբիում ոչ ոքին պետք չէ թիմերից ոչ մեկին: Մրցաշարային աղյուսակում զբաղեցրած տեղը նույնպես նշանակություն չունի: Այդ պատճառով միշտ խաղադաշտ ես դուրս գալիս մրցակցին գերազանցելու ցանկությամբ:

Շատ եմ հարգում «Կուբանին» ու նրա երկրպագուներին: «Կուբանի» ֆուտբոլիստներից շատերն ընկերներս են, սակայն եթե կարողանամ աչքի ընկնել այդ խաղում, ապա խփածս գոլն այնպես կնշեմ, որ Կրասնոդարի ստադիոնը երբեք չի տեսել նման բան: Ի վերջո, սա դերբի է: Սակայն սկզբի համար պետք է ընդգրկվել թիմի մեկնարկային կազմում, իսկ հետո դառնալ գոլի հեղինակ»,- Մարկոսի խոսքը մեջբերում է «Կրասնոդարի» կայքը:

Հիշեցնենք, որ Պիզելին «Կուբանում» խաղացել է 2012-2013-ը՝ 31 խաղում խփելով 8 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով