15:24  ,  20 հոկտեմբերի, 2013

Յուրա Մովսիսյանը հաղթանակ պարգեւեց «Սպարտակին»

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» Յուրա Մովսիսյանի խփած գոլի շնորհիվ նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ Մախաչկալայի «Անժիի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի 26-ամյա հարձակվողն աչքի ընկավ 27-րդ րոպեին՝ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցնելով 7-ի: Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» մեկնարկային կազմում խաղաց 69 րոպե՝ խաղադաշտում իր տեղը զիջելով պարագվայցի հարձակվող Լուկաս Բարիոսին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Սպարտակի» կազմում փոխարինման դուրս եկավ 90-րդ րոպեին, իսկ Կառլեն Մկրտչյանի անունը բացակայում է «Անժիի» հայտացուցակից:

Վալերի Կարպինի թիմը 27 միավորով երկրորդ տեղում է եւ 5 միավոր զիջում է առաջատար «Զենիթին»: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հաղթանակ չտարած «Անժին» 6 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Ռուսաստանի առաջնություն, 13-րդ տուր

«Անժի» - «Սպարտակ»՝ 0:1

Յուրա Մովսիսյան, 27

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում