00:35  ,  16 հոկտեմբերի, 2013

Իտալիա - Հայաստան՝ 2:2

Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարն ավարտեց 5-րդ տեղում: Վերջին խաղում Վարդան Մինասյանի թիմը Նեապոլում հյուրընկալվեց խմբի անվիճելի առաջատար Իտալիայի թիմին եւ հանդիպումն ավարտեց ոչ ոքի՝ 2:2: 60 հազար տեղ ունեցող «Սան Պաոլո» ստադիոնում ներկա էր 22 հազար երկրպագու:

Մեկնարկային րոպեներին Հայաստանի հավաքականը ճնշում գործադրեց եւ երկու անգամ հարվածային դիրք դուրս եկավ Յուրա Մովսիսյանը: Երկրորդ փորձից նա կարողացավ գրավել Ֆեդերիկո Մարկետիի պաշտպանած դարպասը: Գոլային դրվագում սխալվեց Բոնուչին եւ Մովսիսյանը հնարավորությունը բաց չթողեց՝ հաշիվը բացելով արդեն 5-րդ րոպեին: Դրանից հետո Իտալիայի հավաքականը տիրեց նախաձեռնությանը եւ մի քանի անգամ ստիպեց սխալվել Հայաստանի հավաքականի պաշտպանությանը: 22-րդ րոպեին Պաբլո Օսվալդոյի հարվածից հետո Վարդան Մինասյանի թիմին գոլից փրկեց դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Երեք րոպե անց դրությունը չկարողացավ փրկել նաեւ Բերեզովսկին: 25-րդ րոպեին Ալեսանդրո Ֆլորենցին հավասարեցրեց հաշիվը:

Երկրորդ խաղակեսում իտալացիները դարձյալ դրության տերն էին, սակայն առաջինը գնդակ խփեցին հյուրերը: Դարպասապահ Մարկետին սխալվեց գնդակն ընդունելիս եւ բաց թողեց այն դիմային գծից դուրս: Անկյունայինի խաղարկումից հետո Հենրիխ Մխիթարյանը 70-րդ րոպեին հաղթող դուրս եկավ իտալացիների պաշտպանների հետ եւ գլխի հարվածով գրավեց Մարկետիի դարպասը: Հենրիխ Մխիթարյանը 12 գոլով դարձավ Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն: Նա շրջանցեց Արթուր Պետրոսյանին (11 գոլ):

Վեց րոպե անց Մարիո Բալոտելին հավասարեցրեց հաշիվը: Անդրեա Պիրլոյի փոխանցումից հետո Բալոտելին դուրս եկավ հարվածային դիրք եւ չվրիպեց: 81-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը իտալացիների անհաջող արհեստական խաղից դուրս վիճակից հետո անսպասելիորեն հայտնվեց հարվածային դիրքում, սակայն բարձր հարվածեց: 84-րդ րոպեին Բալոտելին դարձյալ գրավեց Հայաստանի հավաքականի դարպասը, սակայն տուգանային հրապարակում Արզումանյանին հրելուց եւ գցելու հետո: Մրցավարն արդեն սուլել էր եւ գոլը չգրանցվեց: Ավելացված րոպեին Մարիո Բալոտելին դարձյալ ուներ Բերեզովսկու դարպասը գրավելու հիանալի հնարավորություն, սակայն վրիպեց:

Իտալիայի հավաքականը երկրորդ հանդիպումն անընդմեջ ավարտեց ոչ ոքի՝ 2:2: Իսկ Հայաստանի հավաքականն առաջին ոչ ոքին խաղաց ընտրական մրցաշարում եւ 13 միավորով գրավեց նախավերջին տեղը: Իտալիան ունի 22, Դանիան՝ 16, Չեխիան՝ 15, Բուլղարիան՝ 13, Մալթան՝ 3 միավոր:

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշար

B խումբ

Իտալիա - Հայաստան՝ 2:2

Ֆլորենցի, 25, Բալոտելի, 76 - Մովսիսյան, 5, Մխիթարյան, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով