00:35 16 հոկտեմբերի, 2013Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարն ավարտեց 5-րդ տեղում: Վերջին խաղում Վարդան Մինասյանի թիմը Նեապոլում հյուրընկալվեց խմբի անվիճելի առաջատար Իտալիայի թիմին եւ հանդիպումն ավարտեց ոչ ոքի՝ 2:2: 60 հազար տեղ ունեցող «Սան Պաոլո» ստադիոնում ներկա էր 22 հազար երկրպագու:
Մեկնարկային րոպեներին Հայաստանի հավաքականը ճնշում գործադրեց եւ երկու անգամ հարվածային դիրք դուրս եկավ Յուրա Մովսիսյանը: Երկրորդ փորձից նա կարողացավ գրավել Ֆեդերիկո Մարկետիի պաշտպանած դարպասը: Գոլային դրվագում սխալվեց Բոնուչին եւ Մովսիսյանը հնարավորությունը բաց չթողեց՝ հաշիվը բացելով արդեն 5-րդ րոպեին: Դրանից հետո Իտալիայի հավաքականը տիրեց նախաձեռնությանը եւ մի քանի անգամ ստիպեց սխալվել Հայաստանի հավաքականի պաշտպանությանը: 22-րդ րոպեին Պաբլո Օսվալդոյի հարվածից հետո Վարդան Մինասյանի թիմին գոլից փրկեց դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Երեք րոպե անց դրությունը չկարողացավ փրկել նաեւ Բերեզովսկին: 25-րդ րոպեին Ալեսանդրո Ֆլորենցին հավասարեցրեց հաշիվը:
Երկրորդ խաղակեսում իտալացիները դարձյալ դրության տերն էին, սակայն առաջինը գնդակ խփեցին հյուրերը: Դարպասապահ Մարկետին սխալվեց գնդակն ընդունելիս եւ բաց թողեց այն դիմային գծից դուրս: Անկյունայինի խաղարկումից հետո Հենրիխ Մխիթարյանը 70-րդ րոպեին հաղթող դուրս եկավ իտալացիների պաշտպանների հետ եւ գլխի հարվածով գրավեց Մարկետիի դարպասը: Հենրիխ Մխիթարյանը 12 գոլով դարձավ Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն: Նա շրջանցեց Արթուր Պետրոսյանին (11 գոլ):
Վեց րոպե անց Մարիո Բալոտելին հավասարեցրեց հաշիվը: Անդրեա Պիրլոյի փոխանցումից հետո Բալոտելին դուրս եկավ հարվածային դիրք եւ չվրիպեց: 81-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը իտալացիների անհաջող արհեստական խաղից դուրս վիճակից հետո անսպասելիորեն հայտնվեց հարվածային դիրքում, սակայն բարձր հարվածեց: 84-րդ րոպեին Բալոտելին դարձյալ գրավեց Հայաստանի հավաքականի դարպասը, սակայն տուգանային հրապարակում Արզումանյանին հրելուց եւ գցելու հետո: Մրցավարն արդեն սուլել էր եւ գոլը չգրանցվեց: Ավելացված րոպեին Մարիո Բալոտելին դարձյալ ուներ Բերեզովսկու դարպասը գրավելու հիանալի հնարավորություն, սակայն վրիպեց:
Իտալիայի հավաքականը երկրորդ հանդիպումն անընդմեջ ավարտեց ոչ ոքի՝ 2:2: Իսկ Հայաստանի հավաքականն առաջին ոչ ոքին խաղաց ընտրական մրցաշարում եւ 13 միավորով գրավեց նախավերջին տեղը: Իտալիան ունի 22, Դանիան՝ 16, Չեխիան՝ 15, Բուլղարիան՝ 13, Մալթան՝ 3 միավոր:
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշար
B խումբ
Իտալիա - Հայաստան՝ 2:2
Ֆլորենցի, 25, Բալոտելի, 76 - Մովսիսյան, 5, Մխիթարյան, 70
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.