20:52  ,  11 հոկտեմբերի, 2013

Հայաստանի հավաքականի ռեւանշը. Բուլղարացիները սայթաքեցին Երեւանում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-ին առաջին հաղթանակը տարավ աշխարհի 2014թ․ առաջնության ընտրական մրցաշարի տնային խաղում: Նախավերջին՝ 8-րդ տուրում B խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականն ընդունել էր Բուլղարիայի թիմին, որին առաջին շրջանում պարտվել էր 0:1 հաշվով: Երեւանյան խաղում դաշտի տերերի ռեւանշը կայացավ: Վարդան Մինասյանի թիմը 2:1 հաշվով հաղթեց խաղի 63-րդ րոպեից 9 ֆուտբոլիստներով խաղացող բուլղարացիներին:

Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղի մեկնարկն այնքան էլ հաջող չստացվեց դաշտի տերերի համար, քանի որ 13-րդ րոպեին վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց ղազախական «Ակտոբեի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, ում փոխարինեց Վալերի Ալեքսանյանը: Առաջին խաղակեսը հարուստ չէր գոլային պահերով եւ անցավ հավասար պայքարում: Առաջին ամենաիրական գոլային պահը 36-րդ րոպեին ունեցավ Կրասնոդարի «Կուբանի» բուլղարացի կիսապաշտպան Իվելին Պոպովը, ով մեն-մենակ դուրս եկավ Ռոման Բերեզովսկու դեմ, բայց չկարողացավ գրավել դարպասը: Խաղի հաշիվը բացվեց 45-րդ րոպեին: Վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ստացավ բուլղարացի պաշտպան Նիկոլայ Բոդուրովը, իսկ Մոկսվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը տուգանային հարվածով խփեց առաջին խաղակեսի միակ գնդակը:

Ընդմիջումից հետո 10 ֆուտբոլիստներով մնացած բուլղարացիները կերպարանափոխվեցին եւ մի քանի իրական գոլային պահ ստեղծեցին Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասի մոտ: Հայաստանի հավաքականը չափազանց անվստահ էր գործում պաշտպանությունում, իսկ հյուրերը վրիպում էին հարմար դիրքերից: 61-րդ րոպեին Իվելին Պոպովը տուգանային հարվածով խփեց հյուրերի պատասխան գնդակը՝ հավասարեցնելով հաշիվը: Անցավ եւս 2 րոպե եւ բուլղարացիներն արդեն մնացին 9 խաղացողներով: Երկրորդ անգամ զգուշացվելով՝ կարմիր քարտ ստացավ «Լուդոգորեցի» բուլղարացի պաշտպան Սվետոսլավ Դյակովը: Քանակական առավելությունը ստացած Հայաստանի հավաքականին կարող էր առաջ մղել փոխարինման դուրս եկած Մարկոս Պիզելին, ով վրիպեց հարմար դիրքից: Այնուամենայնիվ, խաղի վերջնամասում դաշտի տերերը կորզեցին հաղթանակը: Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը 87-րդ րոպեին հաղթանակ պարգեւեց Վարդան Մինասյանի թիմին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի հավաքականը դեռ պահպանում է խմբում երկրորդ տեղը գրավելու հնարավորությունը: Վերջին տուրից առաջ երկրորդ տեղում գտնվող բուլղարացիները հավաքել են 13 միավոր, իսկ Հայաստանի հավաքականն ունի 12 միավոր: Հոկտեմբերի 15-ին կայանալիք վերջին տուրում Հայաստանի հավաքականը Նեապոլում կմրցի խմբում առաջին տեղն ապահոված իտալացիների հետ, իսկ Բուլղարիայի թիմը կընդունի չեխերին:

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշար 

B խումբ , 9-րդ տուր

ՀայաստանԲուլղարիա՝ 2:1

Արաս Օզբիլիս, 45, Յուրա Մովսիսյան, 87 – Իվելին Պոպով, 61

Հեռացումներ՝ Նիկոլայ Բոդուրով, 45, Սվետոսլավ Դյակով, 63 (երկուսն էլ՝ Բուլղարիա)

Հայաստան. Ռոման Բերեզովսկի, Կամո Հովհաննիսյան, Հրայր Մկոյան, Ռոբերտ Արզումանյան (Վալերի Ալեքսանյան, 12), Լեւոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Արաս Օզբիլիս (Մարկոս Պիզելի, 54), Գեւորգ Ղազարյան, Արթուր Սարկիսով (Դավիթ Մանոյան, 90), Յուրա Մովսիսյան։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով