12:32  ,  21 ապրիլի, 2012

Կողմ եւ դեմ. «Բարսելոնա» - «Ռեալ»

NEWS.am Sport-ը սկսում է «Կողմ եւ դեմ» շարքը: Մեծ ֆուտբոլային դիմակայություններից առաջ կվերհանվեն թիմերի ուժեղ եւ թույլ կողմերը: Նախագծի մեկնարկը տրվում է «Բարսելոնա» - «Ռեալ» խաղով: Կատալոնական ակումբի պաշտպանը Դավիթ Եղիազարյանն է, մադրիդցիների շահերը ներկայացնում է Հակոբ Վարդանյանը: «Փաստաբանները» թիմն ընտրել են պատահականության սկզբունքով եւ չունեն ակումբային նախապատվություն:

Ապրիլի 21-ին Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում կկայանա տարվա ամենասպասված եւ ամենաանկանխատեսելի ֆուտբոլային հանդիպումներից մեկը: Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի կենտրոնական խաղում կհանդիպեն չեմպիոնի երկու հավակնորդները՝ «Բարսելոնան» ու «Ռեալը», մրցակցությունից դուրս են Իսպանիայում: Այս մրցավեճն ավելին է, քան տուրի կենտրոնական հանդիպում: Առաջնության ավարտից 5 տուր առաջ Մուորինյոյի թիմը 4 միավոր գերազանցում է կատալոնացիներին: Հաղթանակի դեպքում «Բարսելոնան» ընդհուպ կմոտենա «Ռալին» եւ չեմպիոնության պայքարն ավելի կսրվի վերջին տուրերում:

Հակոբ Վարդանյան. «Ռեալի» փաստաբան

1. Մրցաշարային դրություն

«Ռեալն» առաջատարն է եւ ոխերիմ հակառակորդի նկատմամբ ունի 4 միավորի առավելություն: Նույնիսկ, պարտության դեպքում, չեմպիոնության ճակատագիրը կմնա Ժոզե Մոուրինյոյի թիմի ձեռքերում, եւ դա չի կարող չհանգստացնել թիմին: 

«Բարսելոնան» ավելի մեծ ճնշման տակ է, քան «Ռեալը», եւ այդ նյարդայնությունը կարող է չար կատակ խաղալ կատալոնացիների հետ:

Իրավիճակը Գվարդիոլայի թիմին ստիպում է ռիսկի դիմել: Կատալոնացիները ստիպված կլինեն սովորականից շատ բացվել: Եթե հիշենք, թե «Բարսելոնայի» պաշտպանությունը  ինչպես բաց թողեց «Չելսիի» հակագրոհը (ո՞ւր էր Դանի Ալվեսը), ապա կատալոնացիների համար սկսում ես անհանգստանալ:

2. Մրցավար

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 38-ամյա Ալբերտո Ունդիանո Մալյենկոն: Այս մրցավարը սպասակրում է Իսպանիայի գավաթի անցած տարվա խաղարկության եզրափակիչը, որտեղ «Ռեալը» հաղթեց 1:0 հաշվով: Ոչ մի ակնարկ չկա, թե Մալյենկոն հաջողություն է բերում մադրիդցիներին: Սակայն Մալյենկոյի նշանակման փաստն ընդամենը նշանակում է, որ «Ռեալը» կարող է արդար մրցավարության հույս ունենալ: Սա մեծ պլյուս է «Բարսելոնայի» դեմ խաղում:

3. Գոլային պահերի իրացում

Ոչ ոք չի հերքի, որ «Բարսելոնան» ամեն խաղում ստեղծում է բազմաթիվ գոլային պահեր (Պետր Չեխը թույլ չի տա ստել), սակայն դրանց իրացումը ցածր մակարդակի վրա է:

«Սարագոսայի» կամ «Գրանադայի» նման թիմերի հետ կարելի է հինգ անգամ բաց թողնել դարպասապահի դեմ մեն-մենակ դուրս գալը եւ խփել հինգերորդ փորձից, բայց ուժեղագույնների հետ այդ համարը չի անցնի:

«Ռեալն» իր պահերին ավելի հոգատար է վերաբերվում եւ սկսում է դրանք մսխել միայն, երբ ունենում է 2-3 գնդկի առավելություն: «Բավարիայի» հետ խաղում մադրիդցիները խփեցին հենց առաջին մտածված հակագրոհից հետո եւ ստացան մրցակցի խաղադաշտում խփած գնդակի առավելություն:

 Հիշեցնենք նաեւ հարձակման գծում «Բարսելոնայի» հիմնախնդիրները. Վիլյան վնասվածք ունի, իսկ Սանչեսը, Պեդրոն, Կուենկան եւ Տելյոն միասին ավելի քիչ են խփել, քան ոչ ամեն խաղում ասպարեզ դուսր եկող Իգուանը:

4. «Իդեալական պահ, որպեսզի…»

«Բարսելոնայի» երկպագուների վստահությունը, թե հաղթելու են, առաջին հերթին հիմնված է վերջին մի քանի հանդիպումների վիճակագրության վրա: Սակայն բոլոր թվերը կմոռացվեն, երբ Մալյենկոյի սուլիչn ազդարարի հանդիպման մեկնարկը:

Առաջիկա խաղում Արքայական ակումբը կարող է ջնջել բոլոր նախորդ անհաջողությունները, քանի որ հաղթանակը «Բարսելոնայի» նկատմամբ կնշանակի չեմպիոնություն:

«Ռեալը» կորցրեց 10 միավորի առավելությունը եւ կատալոնացիներին նվիրեց չեմպիոնության հույս, իսկ այժմ դուրս կգա «Կամ Նոու» ստադիոնի խաղադաշտ այդ հույսերին վերջ տալու մղումով:  Իդեալական պահ, որպեսզի հաղթել:

Դավիթ Եղիազարյան. «Բարսելոնայի» փաստաբան

1. Մարզավիճակ

«Բարսելոնան» գտնվում է գերազնաց մարզավիճակում, չնայած օրեր առաջ պարտվեց Լոնդոնի «Չելսիին»: Պարտվեց, սակայն գերազանցեց բոլոր հասկանալի ու անհասկանալի իմաստներով: Լոնդոնցիները գերազանց էին պաշտպանվում՝ ապացուցելով, որ բացառապես պաշտպանողական գործողությունները նույնպես կարող են հիացմունք պատճառել ֆուտբոլասերներին: Ի տարբերություն կատալոնացիենրի, «Ռեալի» մարզավիճակն այնքան էլ տպավորիչ չէ: Մադրիդցիները նախորդ չորս խաղերից միայն երկուսում են հաղթել, այն էլ՝ դժվարին պայքարում: Չորս խաղերից առաջինում «Ռեալը» չկարողացավ սեփական խաղադաշտում պարտության մատնել «Վալենսիային»: Այդ խաղում Մոուրինյոյի թիմը պարտավոր էր հաղթել, սակայն բազմաթիվ չիրացրած գոլային պահերը թույլ չտվեցին դա:

Մադրիդի «Աթլետիկոն» ու Խիխոնի «Սպորտինգը» չնայած պարտվեցին, սակայն լուրջ խնդրիներ առաջացրեցին «Ռեալի» համար: Երկու խաղերում էլ Արքայական ակումբը կարող էր միավորներ կորցնել, սակայն հաղթեց վառ անհատականությունների շնորհիվ: Այդ խաղերին հաջորդեց «Բավարիայի» հետ մյունխենյան հանդիպումը: «Ռեալը» պարտվեց: Մրցակիցը շատ լավ էր պատրաստված: Մադրիդցիներն առաջատարի կարիք ունեին, որն իր հետեւից կտաներ խաղընկերներին: Ռոնալդուն աննկատ էր գործում կարեւոր խաղում՝ մոռանալով, որ ինքը Կրիշտիանու Ռոնալդուն է, որը երեքական գնդակ է խփում «Ռեալ Սոսյեդադի», «Ռայո Վալեկանոյի», «Բետիսի» եւ նմանատիպ այլ ակումբների հետ խաղերում:

«Բարսելոնայում» պատկերն այլ է: Մեսին շարունակում է փայլատակել, իսկ թիմակիցները մեծապես օգնում են նրան այդ գործում: Թվում է, թե «Բարսելոնային» ոչինի չի խանգարի 12-րդ անընդմեջ հաղթանակը տանել Պրիմերայում, եթե նույնիսկ մրցակիցը Մոուրինյոյի կառուցած «Ռեալն» է, որը չեմպիոն հռչակվելու ավելի մեծ հավակնություններ ունի:

2. Տակտիկական պայքար 

Ճիշտ է, խաղադաշտում գլխավոր գործող անձինք ֆուտբոլիստներն են, սակայն մարզիչների դերն ավելի քան մեծ է: Գվարդիոլան դժվար թե փոխի մարտավարությունը կարեւոր հանդիպումից առաջ, իսկ Մոուրինյոն, բնականաբար, կխաղա իր սիրած ֆուտբոլը՝ պաշտպանվել, պաշտպանվել, պաշտպանվել: Միգուցե այս անգամ Մոուրինյոյի պաշտպանողական ֆուտբոլն արդարացված է, քանի որ ոչ ոքին եւս հիանալի արդյունք կլինի մադրիդցիների համար: Օրեր առաջ «Չելսին» ապացուցեց, որ «Բարսելոնային» կարելի է հաղթել՝ հիմնականում պաշտպանվելով: «Ռեալը» բոլորից լավ է կիրառում 4-2-3-1 տակտիկական սխեման, որն ավելի միտված է պաշտպանությանը եւ հակագրոհների մարտավարությանը: «Բարսելոնայի» միջին գիծն ուժեղագույնն է աշխարհում, սակայն «Ռեալի» հենակետայինների զույգը նույնպես շատ ուժեղ է: Խեդիրան ու Ալոնսոն, միանշանակ, կարող են լուրջ խնդիրներ առաջացնել Չավի, Ինյեստա, Մեսի եռյակի համար: Հնարավոր է, որ կլինեն նաեւ փոփոխություններ: Հիշենք նախորդ մրցաշրջանի խաղերը, երբ Մոուրինյոն Պեպեին տեղափոխեց հենակետայինի գոտի, եւ պորտուգալացին բավական հաջող խաղաց՝ որոշակի դժվարություններ առաջացնելով Մեսիի համար: Սա «Բարսելոնայի» վերջին հնարավորությունն է չեմպիոնական լուրջ հավակնություններ ունենալու համար: «Կամպ Նոուում» Գվարդիոլայի թիմը շատ ավելի վտանգավոր է, քան այլ ստադիոնում եւ պարտադիր պետք է հաղթի Արքայական ակումբին:  

3. Մեսի vs Ռոնալդու

«Ռեալն» ու «Բարսելոնան» աշխարհի ուժեղագույն ակումբներից են եւ համալրված են բարձրակարգ ֆուտբոլիստներով, սակայն մի բան միանշանակ է, որ Մեսին ու Ռոնալդուն իրենց թիմերի գլխավոր գործող անձինք են: Չնայած «Ռեալի» ու «Բարսելոնայի» աստղային կազմերին` այս ֆուտբոլիստների բացակայությունը բացասաբար է ազդում թիմերի խաղի վրա: «Ռեալի» եւ «Բարսելոնայի» չեմպիոնական մրցավազքից բացի կա եւս մեկ դիմակայություն: Մեսին ու Ռոնալդուն պայքարում են ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվելու համար: Շատ է խոսվում այն մասին, որ Ռոնալդուն այնքան էլ հաջող չի գործում կարեւոր հանդիպումներում: Պորտուգալացին հատկապես վտանգավոր է միջին կարգի թիմերի դեմ խաղերում: «Բարսելոնայի» պաշտպանությունն ուժեղագույններից մեկը չէ աշխարհում, սակայն այն միշտ մեծ անհարմարություններ է առաջացրել Ռոնալդուի համար: Մեսին շատ հաջող է խաղում «Ռեալի» դեմ: Չնայած, նախորդ մրցաշրջանում Պեպեն շատ էր խոչընդոտում արգենտինացու գործողությունները: Այս պահին երկու հարձակվողներն էլ 41-ական գնդակ են խփել Պրիմերայում (երրորդ տեղում գտնվող Ֆալկաոն խփել է 22 գոլ) եւ շարունակում են պայքարել առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվելու համար: Թե Մեսին, թե Ռոնալդուն բազմիցս նշել են, որ իրենց համար ավելի կարեւոր է թիմի հաջողությունը, սակայն, անուամենայնիվ, Մեսի VS Ռոնալդու դիմակայութունը եւս շատ կարեւոր է Իսպանիայում (երկուսն էլ ձգտում են գերազանցել միմյանց):

P.S. Մեկ ամիս առաջ դժվար էր հավատալ, որ «Բարսելոնան» կարող է զրկել «Ռեալին» այսքան մոտ թվացող չեմպիոնական տիտղոսից, սակայն 10 միավորի առավելությունը հասավ 4-ի, իսկ այսօր կարող է հասնել ընդամենը մեկի: Եկել է ճշմարտության պահը եւ «Բարսելոնան» պետք է հաղթի, քանի որ սա վերջին հրարավորությունն է:

«Բարսելոնա» - «Ռեալ», «Կամպ Նոու»` 22:00

Մրցավար` Ունդիանա Մալյենկո (Պամպլոնա)

Բուքմեքերական կանխատեսում.

«Բարսելոնայի» հաղթանակ` 1.62

Ոչ ոքի՝ 4

«Ռեալի» հաղթանակ` 5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով