15:52  ,  8 հոկտեմբերի, 2013

Ծանրամարտի աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականի կազմը

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում հոկտեմբերի 16-27-ը կանցկացվի ծանրամարտի աշխարհի առաջնությունը:

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը NEWS.am Sport-ի հետ զրույցում խոսեց  հավաքականի ընդհանուր մարզավիճակի մասին, ինչպես նաեւ հայտնեց Վրոցլավ մեկնող մարզիկների անունները:

Հայաստանը կներկայացնեն չորս ծանրորդներ: Ինչպես նշված էր աշխարհի առաջնության պաշտոնական կայքի նախնական հայտացուցակում, առաջնությանը կմասնակցեն 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը, 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը, +105 կգ քաշայիններ Ռուբեն Ալեքսանյանն ու Հայկ Հակոբյանը:

«Հայաստանից աշխարհի առաջնությանը կմեկնեն չորս ծանրորդներ, ովքեր այս պահին գերազանց մարզավիճակում են: Բոլոր ուսումնամարզական հավաքներն անցել են նորմալ, վնասվածքներ չունեն:

Թիմում սերնդափոխություն է եղել: Հավաքականը համալրվել է երիտասարդ մարզիկներով: Այժմ մենք պետք է նրանց փորձենք, որպեսզի նրանք կարողանան ուժեղագույնների հետ նորմալ պայքարի մեջ մտնել: Համոզված եմ, որ լավ է լինելու»,- ասաց նա:

Հարցին, թե ինչու Վրոցլավ չեն մեկնում թիմի փորձառու մարզիկները, հավաքականի գլխավոր մարզիչը պատասխանեց. «Մեր գերխնդիրը հաջորդ տարվա աշխարհի առաջնությունն է: Այն Օլիմպիական խաղերի վարկանիշային է: Մեր անվանի մարզիկները թեթեւ վնասվածքներ ունեն, մտավախություն ունենք, որ վնասվածքները կարող են կրկնվել: Այդ  պատճառով նրանք բաց կթողնեն այս առաջնությունը եւ հնարավորինս լավ կպատրաստվեն հաջորդ տարվա աշխարհի առաջնությանը»:

Շուշանիկ Հակոբյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով