15:52 8 հոկտեմբերի, 2013Լեհաստանի Վրոցլավ քաղաքում հոկտեմբերի 16-27-ը կանցկացվի ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը NEWS.am Sport-ի հետ զրույցում խոսեց հավաքականի ընդհանուր մարզավիճակի մասին, ինչպես նաեւ հայտնեց Վրոցլավ մեկնող մարզիկների անունները:
Հայաստանը կներկայացնեն չորս ծանրորդներ: Ինչպես նշված էր աշխարհի առաջնության պաշտոնական կայքի նախնական հայտացուցակում, առաջնությանը կմասնակցեն 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը, 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը, +105 կգ քաշայիններ Ռուբեն Ալեքսանյանն ու Հայկ Հակոբյանը:
«Հայաստանից աշխարհի առաջնությանը կմեկնեն չորս ծանրորդներ, ովքեր այս պահին գերազանց մարզավիճակում են: Բոլոր ուսումնամարզական հավաքներն անցել են նորմալ, վնասվածքներ չունեն:
Թիմում սերնդափոխություն է եղել: Հավաքականը համալրվել է երիտասարդ մարզիկներով: Այժմ մենք պետք է նրանց փորձենք, որպեսզի նրանք կարողանան ուժեղագույնների հետ նորմալ պայքարի մեջ մտնել: Համոզված եմ, որ լավ է լինելու»,- ասաց նա:
Հարցին, թե ինչու Վրոցլավ չեն մեկնում թիմի փորձառու մարզիկները, հավաքականի գլխավոր մարզիչը պատասխանեց. «Մեր գերխնդիրը հաջորդ տարվա աշխարհի առաջնությունն է: Այն Օլիմպիական խաղերի վարկանիշային է: Մեր անվանի մարզիկները թեթեւ վնասվածքներ ունեն, մտավախություն ունենք, որ վնասվածքները կարող են կրկնվել: Այդ պատճառով նրանք բաց կթողնեն այս առաջնությունը եւ հնարավորինս լավ կպատրաստվեն հաջորդ տարվա աշխարհի առաջնությանը»:
Շուշանիկ Հակոբյան
Ֆոտո՝ NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.