17:20  ,  20 ապրիլի, 2012

Արայիկ Բաղդադյան. Մրցավարական սխալներն այնքան շատ են, որ ոչ ոք չի կարող արդյունքի մասին խոսել

Ապրիլի 20-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի առաջին վարկանիշային մրցաշարը։ Հայաստանի հավաքականը ներկայացված չէ միայն 55 կգ քաշային կարգում, քանի որ Միհրան Ջաբուրյանն աշխարհի առաջնությունում նվաճել է օլիմպիական ուղեգիր:

Մյուս քաշային կարգերում հայ ըմբիշները դեռ պետք է ապացուցեն իրենց հավակնությունների իրավունքը:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի հետ:

Պարոն Բաղդադյան, ինչպիսի՞ մրցաշար է սպասվում տղաներին:

Հիմա հեշտ մրցաշարեր չեն լինում: Բոլոր երկրներից էլ ըմբիշները Սոֆիա ժամանելու են օլիմպիական վարկանիշ վաստակելու համար: Այնպես որ, թեժ պայքար է լինելու: Եթե հաշվի առնենք նաեւ այն, որ վարկանիշ վաստակելու են միայն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները արդեն պարզ է, որ յուրաքանչյուր գոտեմարտ լինելու է կարեւոր ու անսահման լարված: Չնայած այս ամենին, ես հուսով եմ, որ տղաները աչքի կընկնեն իրենց կամային հատկանիշներով ու կկարողանանք ուրախացնել մեր երկրպագուներին:

Իսկ մեր մարզիկներից ո՞վ է առավել մոտ հաջողությանը:

Ես առանձնացնել չեմ կարող ոչ մեկին: Բոլորն էլ պատրաստվել են ջանասիրաբար ու մեծ ծանրաբեռնվածությամբ, եւ բոլորն էլ կարող են հասնել հաջողության: Սուրեն Մարկոսյանը 74 կգ քաշային կարգում երկար ժամանակ է, ինչ նման մարզավիճակում չի եղել, 96 կգ քաշային կարգում վնասվածքի պատճառով երկար ժամանակ բացակայելուց հետո մրցագորգ դուրս կգա Էդգար Ենոքյանը: Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Սաֆարյանը հանդես կգա 66 կգ քշային կարում, Նարեկ Սանոյանը՝ 60 կգ քաշային կարգում, 84 կգ քաշային կարգում՝ Հաջիմուրադ Նումագոմեդովը  եւ գերծանր քաշային կարգում Ռուսլան Բասիեւը:  Նորից կրկնեմ ակնկալիքներ ունեմ բոլորից, բայց մրցաշարը ցույց կտա, թե ինչ արդյունքի կհասնենք: Այսօր մրցավարական սխալներն այնքան շատ են, որ ոչ ոք չի կարող արդյունքի մասին խոսել: Բացի այդ էլ, հիմա ըմբշամարտում ընդգծված առաջատարներ չկան, բոլոր ըմբիշներն էլ գրեթե հավասար են իրենց ուժերով: Չնչին տարբերություն միգուցե եւ կա, բայց այդ տարբերությունն էլ օգտագործել է հարկավոր գորգի վրա:

Փաստորեն, բացի այս մրցաշարից, վարկանիշային եւս երկու մրցաշար կա դեռ առջեւում:

Սակայն որոշակի տարբերություն կա: Սոֆիայում վարկանիշ են ձեռք բերելու եզրափակիչի մասնակիցները, Չինաստանում առաջին երեք տեղ զբաղեցրածները եւ Ֆինլանդիայում նորից միայն եզրափակիչի մասնակիցները: Շատ դժվար մրցաշարեր են լինելու: Բացի այդ, Բուլղարիայում դժվար է լինելու նաեւ այն առումով, որ ֆուտբոլային լեզվով ասած դաշտի տերերն էլ ձգտելու են հասնել իրենց նպատակին:

Մրցավարական սխալներ մենք շատ ենք տեսել, ու Եվրոպայի առաջնությունում Ռոման Ամոյանի հետ կատարվածը դրա վառ ապացույցն է:

Դե, Ռոմանի մասնակցությամբ մենամարտի տեսագրությունը տեսել են շատերը, ազատ ոճում մեր մարզիկների նկատմամբ այդ կարգի կողմնապահություն չեղավ, սակայն վրիպումներ ի վնաս մեզ եղան: Ճիշտն ասած չեմ էլ ուզում այդ մասին մտածել հիմա: Տղաներին պատրաստել ենք նաեւ հոգեբանորեն, ու դժվար վիճակահանությունից ու մրցավարական սխալներից կարելի է խուսափել միայն լավ գոտեմարտ անցկացնելով:

Փաստորեն երրորդ տեղը Բուլղարիայում ձախողում է համարվում: Իսկ հաջորդ  երկու մրցաշարերում մեր թիմի կազմում փոփոխություններ հնարավո՞ր են:

Այո, փոփոխություններ կլինեն այն քաշային կարգերում, որոնցում մենք կարող է վարկանիշ չվաստակենք: Համարյա բոլոր քաշային կարգերում էլ մեծ մրցակցություն կա, բացի 84, 96 եւ 120 կգ քաշային կարգերից: Էդգար Ենոքյանին, Հաջիմուրադ Նուրմագոմեդովին ու Ռուսլան Բասիեւին ցավոք Հայաստանում արժանի փոխարինող ըմբիշներ չունենք: Այնպես որ նրանք են հանդես գալու եւ այս մրցումներում եւ առաջիկա երկու մրցաշարերում: Հուսանք որ վարկանիշի հարցը կլուծվի Սոֆիայում ու այս քաշային կարգերի մասին այլեւս չենք մտածի:

Հաջողություն եմ ցանկանում ձեզ Սոֆիայի մրցաշարում:

Շնորհակալ եմ, կձգտենք հասնել ցանկալի նպատակին:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով