17:20 20 ապրիլի, 2012Ապրիլի 20-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի առաջին վարկանիշային մրցաշարը։ Հայաստանի հավաքականը ներկայացված չէ միայն 55 կգ քաշային կարգում, քանի որ Միհրան Ջաբուրյանն աշխարհի առաջնությունում նվաճել է օլիմպիական ուղեգիր:
Մյուս քաշային կարգերում հայ ըմբիշները դեռ պետք է ապացուցեն իրենց հավակնությունների իրավունքը:
NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի հետ:
Պարոն Բաղդադյան, ինչպիսի՞ մրցաշար է սպասվում տղաներին:
Հիմա հեշտ մրցաշարեր չեն լինում: Բոլոր երկրներից էլ ըմբիշները Սոֆիա ժամանելու են օլիմպիական վարկանիշ վաստակելու համար: Այնպես որ, թեժ պայքար է լինելու: Եթե հաշվի առնենք նաեւ այն, որ վարկանիշ վաստակելու են միայն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները արդեն պարզ է, որ յուրաքանչյուր գոտեմարտ լինելու է կարեւոր ու անսահման լարված: Չնայած այս ամենին, ես հուսով եմ, որ տղաները աչքի կընկնեն իրենց կամային հատկանիշներով ու կկարողանանք ուրախացնել մեր երկրպագուներին:
Իսկ մեր մարզիկներից ո՞վ է առավել մոտ հաջողությանը:
Ես առանձնացնել չեմ կարող ոչ մեկին: Բոլորն էլ պատրաստվել են ջանասիրաբար ու մեծ ծանրաբեռնվածությամբ, եւ բոլորն էլ կարող են հասնել հաջողության: Սուրեն Մարկոսյանը 74 կգ քաշային կարգում երկար ժամանակ է, ինչ նման մարզավիճակում չի եղել, 96 կգ քաշային կարգում վնասվածքի պատճառով երկար ժամանակ բացակայելուց հետո մրցագորգ դուրս կգա Էդգար Ենոքյանը: Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Սաֆարյանը հանդես կգա 66 կգ քշային կարում, Նարեկ Սանոյանը՝ 60 կգ քաշային կարգում, 84 կգ քաշային կարգում՝ Հաջիմուրադ Նումագոմեդովը եւ գերծանր քաշային կարգում Ռուսլան Բասիեւը: Նորից կրկնեմ ակնկալիքներ ունեմ բոլորից, բայց մրցաշարը ցույց կտա, թե ինչ արդյունքի կհասնենք: Այսօր մրցավարական սխալներն այնքան շատ են, որ ոչ ոք չի կարող արդյունքի մասին խոսել: Բացի այդ էլ, հիմա ըմբշամարտում ընդգծված առաջատարներ չկան, բոլոր ըմբիշներն էլ գրեթե հավասար են իրենց ուժերով: Չնչին տարբերություն միգուցե եւ կա, բայց այդ տարբերությունն էլ օգտագործել է հարկավոր գորգի վրա:
Փաստորեն, բացի այս մրցաշարից, վարկանիշային եւս երկու մրցաշար կա դեռ առջեւում:
Սակայն որոշակի տարբերություն կա: Սոֆիայում վարկանիշ են ձեռք բերելու եզրափակիչի մասնակիցները, Չինաստանում առաջին երեք տեղ զբաղեցրածները եւ Ֆինլանդիայում նորից միայն եզրափակիչի մասնակիցները: Շատ դժվար մրցաշարեր են լինելու: Բացի այդ, Բուլղարիայում դժվար է լինելու նաեւ այն առումով, որ ֆուտբոլային լեզվով ասած դաշտի տերերն էլ ձգտելու են հասնել իրենց նպատակին:
Մրցավարական սխալներ մենք շատ ենք տեսել, ու Եվրոպայի առաջնությունում Ռոման Ամոյանի հետ կատարվածը դրա վառ ապացույցն է:
Դե, Ռոմանի մասնակցությամբ մենամարտի տեսագրությունը տեսել են շատերը, ազատ ոճում մեր մարզիկների նկատմամբ այդ կարգի կողմնապահություն չեղավ, սակայն վրիպումներ ի վնաս մեզ եղան: Ճիշտն ասած չեմ էլ ուզում այդ մասին մտածել հիմա: Տղաներին պատրաստել ենք նաեւ հոգեբանորեն, ու դժվար վիճակահանությունից ու մրցավարական սխալներից կարելի է խուսափել միայն լավ գոտեմարտ անցկացնելով:
Փաստորեն երրորդ տեղը Բուլղարիայում ձախողում է համարվում: Իսկ հաջորդ երկու մրցաշարերում մեր թիմի կազմում փոփոխություններ հնարավո՞ր են:
Այո, փոփոխություններ կլինեն այն քաշային կարգերում, որոնցում մենք կարող է վարկանիշ չվաստակենք: Համարյա բոլոր քաշային կարգերում էլ մեծ մրցակցություն կա, բացի 84, 96 եւ 120 կգ քաշային կարգերից: Էդգար Ենոքյանին, Հաջիմուրադ Նուրմագոմեդովին ու Ռուսլան Բասիեւին ցավոք Հայաստանում արժանի փոխարինող ըմբիշներ չունենք: Այնպես որ նրանք են հանդես գալու եւ այս մրցումներում եւ առաջիկա երկու մրցաշարերում: Հուսանք որ վարկանիշի հարցը կլուծվի Սոֆիայում ու այս քաշային կարգերի մասին այլեւս չենք մտածի:
Հաջողություն եմ ցանկանում ձեզ Սոֆիայի մրցաշարում:
Շնորհակալ եմ, կձգտենք հասնել ցանկալի նպատակին:
Զրուցեց Խաչիկ Չախոյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.