19:59  +04,  19 ապրիլի, 2012

Բադմինտոնով չեն հետաքրքրվում, որովհետեւ շահույթ չկա. ՀԲՖ նախագահ

Դեռեւս 2004 թվականին բադմինտոնի համաշխարհային դասակարգման վարկանիշային ցուցակում Հայաստանը աղջիկների զուգախաղերի լավագույն ցուցակում 70-րդ հորիզոնականում էր։ Այսօր բադմինտոնով ոչ ոք չի հետաքրքրվում, բոլորը հեռացել են օլիմպիական այս մարզաձեւից, քանի որ շատ շահույթ չունի։ Իսկ եթե մեզ ֆինանսավորեին, Հայաստանը աշխարհի 100 լավագույնների ցուցակում կլիներ, միանշանակ։ Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Պողոսյանը։ Ֆեդերացիայի նախագահը դժգոհում է Սպորտի նախարարության, ինչպես նաեւ ՀԱՕԿ-ի անտարբերությունից։

Պարոն Պողոսյան, խորհրդային տարիներին հայկական բադմինտոնն ունեցել է ԽՍՀՄ չեմպիոններ, ինչպես օրինակ՝ Վարդիթեր Պողոսյան։ Ինչպիսի՞ն է հայկական բադմինտոնի ներկան եւ հեռանկարները։

Հայկական բադմինտոնի վերածննդի փուլը կայացել է։ Կայուն անցկացնում ենք Հայաստանի առաջնություններ։ Մասնակցություն ունենք  Իրանի ամենամյա առաջնությանը։ 2000 թվականին Իրանի մրցաշարում գրանցեցինք առաջին տեղ աղջիկների զուգախաղում, 3-րդ տեղ՝ անհատականում։ Այդ սերունդը՝ Աննա Նազարյան, Ռուզաննա Հակոբյան, Հայկ Միսակյանը, լավ արդյունքներ են արձանագրել բադմինտոնում: Ամենալավը խաղացել է Հայկը, քանի որ նրա արդյունքներն ու խաղային ոճը շատ մոտ է եվրոպականին: Այժմ նա հավաքականի գլխավոր մարզիչն է: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ամեն տարի մասնակցում ենք ուսումնամարզական հավաքի, որը կազմակերպում է եվրոպական  ֆեդերացիան: Անցյալ տարի Պորտուգալիայիում մասնակցեցինք Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Հայաստանը ներկայացրեց Գուրգեն Պողոսյանը, որն առաջին շրջանում  պարտվեց էստոնացի մրցակցին 1։2 հաշվով: Պատճառը փորձի պակասն էր: Պետք է թիմը գնար` 2 տղա, 2 աղջիկ:  Բայց ֆինանսի պատճառով չգնացին:

Ի՞նչ խնդիրներ է լուծում Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիան։

Մեր գերխնդիրն է Հայաստանում զարգացնել բադմինտոնը: Այդ նպատակից ելնելով, ստեղծել ենք խմբեր Գյումրիում, Վանաձորում, Իջեւանում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում։ Մարզերում կան խոստումնալից երեխաներ, որոնք կարող են հաջողություններ ունենալ, բայց, ցավոք, ֆինանս չեն տրամադրում, որպեսզի այդ երեխաները, ինչպես իրենց մարզերից, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս գան միջազգային ասպարեզ: Փորձի պակասի պատճառով Եվորպայի, աշխարհի մրցումներին վատ ենք մասնակցում: Իսկ եթե մրցումներին մասնակցելու փորձը լինի, բնականաբար, լավ կմասնակցենք: Տարվա ընթացքում, եթե կարողանանք գոնե 5 միջազգային մրցման մեկնել, մեր նախկին տեղը կգրավենք այս մարզաձեւում: Ունենք համապատասխան ներուժ, երեխաներ, կկարողանանք Եվրոպայում լավ ներկայանալ, քանի որ մեր ոճը եվրոպական է:

Դուք բազմիցս նշել եք, որ բադմինթոնը առաջատար հայկական դպրոց է ունեցել։ Պահպանվե՞լ են այսօր այդ դպրոցի ավանդույթներն ու հիմքերը:

Պահպանել եւ պահպանում ենք: Ես կարողացել եմ պահել այս մարզաձեւը, հիմքից վերսկսել: Ֆեդերացիայի գործունեության տարիների եկել-գնացել են բազմթիվ նախագահներ, այդ ժամանակ ես խաղացող էի: Հետագայում այս մարզաձեւի խնդիրները վերցրել եմ իմ ուսերին, քանի որ մեջների սրտացավ մարդը ես եմ եղել, որովհետեւ տարիների ընթացքում բոլորը հեռացան այս մարզաձեւից: Ինձ ոչ ոք չի օգնել: Բոլորը հեռացել են բադմինտոնից, որովհետեւ շատ շահույթ չկա: Այսօր հասել ենք  այն մակարդակի, որ կարողացել եմ կազմավորել ֆեդերացիան եւ մրցումներ կազմակերպել։
Ֆեդերացիան իր գործն անում է, ամբողջ խնդիրը ֆինանսի մեջ է, որը ես ներդնում եմ իմ գրպանից։ Ինձ ոչ ոք չի օգնում,  բացի բուլղարահայ Բյուզանդ Կասաբյանից:

Փաստորեն, դուք, լինելով ՀԱՕԿ անդամ, չունեք աջակցություն կոմիտեից, ինչպես նաեւ Սպորտի նախարարությունից։

Ոչ, ՀԱՕԿ-ից ֆինանսական աջակցություն չունենք, բայց կոմիտեն մեզ աջակցեց այլ տեսակետից։ Անցյալ եւ այս տարի կազմակերպվեց չորս անգամյա սեմինար, որը վարում էր գերմանացի մասնագետ, միջազգային ֆեդերացիայի մարզաձեւի զարգացման տնօրեն Գյունտեր Հուբերը: Սեմինարին մասնակցում էին ինչպես Երեւանի, այնպես էլ մարզերի մարզադպրոցներն ու խմբերը։ Այս ամենը տանում է մարզաձեւի զարգացման՝ նախ մասսայականացման, ապա նոր զարգացման։ Սրանով  ՀԱՕԿ-ի աջակցությունն այս մարզաձեւին սահմանափակվել է։

Իսկ երբեւէ փորձե՞լ եք դիմել սպորտի նախարարությանը, կամ նույն՝ ՀԱՕԿ-ին, բադմինտոնին աջակցելու համար։

Այո, անցյալ տարի Եվորպայի պատանեկան առաջնության համար դիմեցինք կոմիտե, չօգնեցին. Ասացին՝ ֆինանս չկա։ Այդ ինչպե՞ս է լինում, որ մնացած մարզաձեւերի համար  լինում է ֆինանս, բադմինտոնի համար՝ ոչ։ Բայց դե դա իրենց խնդիրն է։ Առջեւում Օլիմպիական խաղերն են։ Եթե միջազգային մրցաշարերի մասնակցության փորձ ունենայինք, օլիմպիական այս մարզաձեւից հաստատ ներկայացուցիչ կունենայինք Լոնդոնում, հատկապես, որ երկու պատրաստի մարզիկներ ներկայումս ունենք։ 2004թ. համաշխարհային դասակարգման վարկանիշային ցուցակում Աննա Նազարյան-Ռուզաննա Հակոբյան զույգը աղջիկների զուգախաղի լավագույնների ցուցակում 70-րդ հորիզոնականում էր, ինչը հնարավորություն էր տալիս մասնակցել Աթենքի Օլիմպիական խաղերին, սակայն միավորների անբավարարության պատճառով չմասնակցեցիք: Այդ ժամանակ էլ դիմեցի նախարարություն եւ ինձ պատասխանեցին, որ պարտադիր չէ մասնակցությունը Օլիմպիական խաղերին։ Ստացվում էր՝ մենք հնարավորություն ունեինք մասնացելու՝ 70-րդ տեղը լինելով, բայց քանի որ կարող էինք միայն մասնակցություն ապահովել, մեզ շանս չտվեցինք։

Մինչեւ նախագահ ընտրվելը, դուք եղել եք ազգային հավաքականի գլխավոր մարզիչը: Այսօր ունե՞նք ազգային հավաքական, եւ ո՞վ  է գլխավոր մարզիչը:

Ազգային հավաքական ունենք, գլխավոր մարզիչը Հայկ Միսակյանն է։ Հավաքականում հիմնականում ընգրկված են 5 տղա, 5 աղջիկ՝ մինչեւ 18 տարեկան։ Դրանից հետո բանակ, որից հետո բադմինտոնիստները չեն վերադառնում սպորտ։

Իսկ եթե ֆինանսական խնդիր կա, ի՞նչ է, ուրեմն այդպես էլ  չեք մասնակցելո՞ւ առաջնությունների։

Հոկտեմբերին Ճապոնիայում տեղի կունենա բադմինտոնի աշխարհի առաջնություն։ Կրկին, եթե ֆինանսական հնարավորությունները թույլ տան, Հայաստանի առաջին ռակետներ Լիլիթ եւ Գուրգեն Պողոսյաններին կուղարկենք։ Բայց արդյունքների հույս չունենք, քանի որ փորձ չկա։

Հույսեր չունե՞ք այս մարզաձեւի հետ կապված։

Անհույս ենք, որովհետեւ չինացիները, ճապոնացիները մեզանից ուժեղ են։ Գոնե միայն կարողանանք, հնարավորություն ունենանք մասնակցել։ Մնացածը՝ հաղթանակները, արդյունքները ժամանակի խնդիր են։ Իսկ այժմ այս մարզաձեւում արդյունքներ լավ կլինի չակնկալենք։

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Լուսանկարում՝ Հայաստանի առաջին ռակետներ Գուրգեն եւ Լիլիթ Պողոսյանները հոր՝ ՀԲՖ նախագահ Հրաչյա Պողոսյանի հետ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ