15:25  ,  22 սեպտեմբերի, 2013

«Սպարտակ» - ԲԿՄԱ՝ 3:0. Արաս Օզբիլիսը՝ գոլի հեղինակ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում կայացավ մոսկովյան դերբին: «Սպարտակն» ընդունել էր առաջատար ԲԿՄԱ-ին եւ առավելության հասավ 3:0 հաշվով:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիսը խաղադաշտ էին դուրս եկել «Սպարտակի» մեկնարկային կազմում: Խաղի սկբնամասում հավասար պայքար էր ընթանում: 36-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը կարող էր բացել հաշիվը, սակայն 26-ամյա հարձակվողը մի քանի մետրից չկարողացավ գրավել դատարկ դարպասը՝ հարվածելով դարպասաձողին: Այն, ինչ չարեց Մովսիսյանը, քիչ անց արեց Արաս Օզբիլիսը, ով 40-րդ րոպեին առաջ մղեց դաշտի տերերին՝ Ռուսաստանի առաջնությունում խփելով իր առաջին գոլը «Սպարտակի» կազմում:

Ընդմիջումից հետո գնդակը եւս 2 անգամ հայտնվեց բանակայինների դարպասում: 52-րդ րոպեին Ռուսաստանի հավաքականի խաղացող Դմիտրի Կոմբարովը կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը, իսկ 7 րոպե անց ռուս պաշտպան Սերգեյ Պարշավլյուկը խփեց «Սպարտակի» երրորդ գնդակը՝ վերջակետ դնելով խաղին:   

Արաս Օզբիլիսը փոխարինվեց 85-րդ րոպեին, իսկ Յուրա Մովսիսյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Այս հաղթանակի շնորհիվ Վալերի Կարպինի թիմը հավասարվեց մրցաշարային աղյուսակը գլխավորող ԲԿՄԱ-ին՝ հավաքելով 20 միավոր: Այս տուրում առաջատարներին կարող է հավասարվել նաեւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»:

Ռուսաստանի առաջնություն9-րդ տուր 

«Սպարտակ» - ԲԿՄԱ՝ 3:0

Արաս Օզբիլիս, 40, Դմիտրի Կոմբարով, 52, Սերգեյ Պարշավլյուկ, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում