20:40  ,  17 սեպտեմբերի, 2013

Աշխարհի կրկնակի չեմպիոն. Եզրափակիչում ադրբեջանցի մարզիկին հաղթելն ինձ համար ազգի հարց էր

Սեպտեմբերի 1-8-ը Լեհաստանի Գդինա  քաղաքում անկացված  բազկամարտի աշխարհի առաջնությունում 20-ամյա երեւանցի Աշոտ Ադամյանը, եզրափակիչում հաղթելով ադրբեջանցի մրցակցին, հռչակվեց աշխարհի չեմպիոն (մինչեւ 60կգ քաշային կարգ): Աշխարհի առաջնություններում սա հայ բազկամարտիկի երկրորդ ոսկե մեդալն էր, իսկ երեք ամիս առաջ Աշոտ Ադամյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն: Այժմ նա պատրաստվում է բազկամարտի Հայաստանի առաջնությանը, իսկ նոյեմբերին  կմասնակցի Վարշավայում կայանալիք «Նեմիրովի Գավաթ» հեղինակավոր մրցաշարին:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Աշոտ Ադամյանի հետ։

Աշոտ, շնորհավորում եմ քեզ աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալու կապակցությամբ: Կպատմե՞ս եզրափակիչի մասին, այն փաստը, որ եզրափակիչում ադրբեջանցի մարզիկի հետ էիր հանդիպելու,  քեզ ո՞ւժ էր տալիս թե՞ հուզվածություն կար:

Ասեմ, որ ադրբեջանցին աշխարհի քառակի չեմպիոն է եւ շատ ուժեղ մարզիկ: Պայքարը նրա հետ  շատ բարդ ստացվեց: Ես շատ ազգասեր եմ եւ ամեն ինչ արեցի, որպեսզի հաղթեմ նրան եւ ազգիս պատիվը բարձր պահեմ: Աշխարհի առաջնությանը մասնակցում էին մոտ 1500 մարզիկներ: Եզրափակիչում ադրբեջանցի մարզիկին հաղթելն ինձ համար ազգի հարց էր:

Վերադառնանք մի փոքր հետ: Քանի՞ տարի է  զբաղվում ես բազկամարտով:

16 տարեկանից, արդեն 4 տարի է:

Ինչո՞ւ ընտրեցիր հենց բազկամարտը:

Դեռ փոքր տարիքից ձեռքերս ուժեղ են եղել, հենց դրա համար:

Երբ սկսեցիր մարզվել, պատկերացնո՞ւմ էիր, որ այսքան կարճ ժամանակահատվածում կհասնես այսպիսի լուրջ նվաճումների:

Եթե ինչ-որ բան մտածել եմ, որ կանեմ, ուրեմն ամեն կերպ ձգտել եմ հասնել ուզածիս: Այս դեպքում էլ հավատում էի, որ կարող եմ:

20 տարեկան ես եւ արդեն հասցրել ես դառնալ Եվրոպայի, աշխարհի կրկնակի չեմպիոն: Ինչպե՞ս է հաջողվել հասնել ֆիզիկական այսպիսի որակների:

Շատ եմ մարզվում եւ մեծ ձգտում ունեմ, երեւի դա է պատճառը:

Աշոտ, արդեն աշխարհի կրկնակի չեմպիոն ես, կարելի է ասել՝ նվաճել ես ամենաբարձր գագաթը: Այսպիսի հաղթանակներից հետո նորից  չեմպիոն դառնալու ձգտումը գնալով  չի՞ պակասում:

Ոչ, ես միշտ հետաքրքրություն եմ գտնում:  Չեմ հոգնում եւ նայում եմ ավելի առաջ ու առաջ:

Շուշանիկ Հակոբյան (ֆոտո` NEWS.am Sport)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով