09:27  +04,  18 ապրիլի, 2012

Հենրիխ Մխիթարյան. Մոտ եմ օպտիմալ մարզավիճակիս

Ուկրաինայի առաջնության 27-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը»  5:1 հաշվով հաղթեց  Լուգանսկի «Զարյային»: Երկու գոլի հեղինակ դարձավ  2011թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Նա նաեւ 11 մետրանոց վաստակեց:

Այս հաղթանակից հետո «Շախտյորը» կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Առաջնության արդյունքում, եթե «Շախտյորն» ու «Դինամոն» ունենան նույնքան միավոր, կանցկացվի լրացուցիչ «Ոսկե խաղ»:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի հետ:

Հենրիխ, մրցաշարը մոտենում է ավարտին, բոլորն ուժասպառ են եղել, բայց դու վերջին խաղում  երկու գոլի հեղինակ դարձար, ինչպես նաեւ երրորդ գոլի համահեղինակն էիր: Որտեղի՞ց քեզ այդքան ուժ:

Երբ թիմը լուրջ նպատակներ է դնում իր առջեւ, մենք պարզապես իրավունք չունենք թուլանալու: Մենք պետք է խաղանք մեր ուժերի 100%-ով:

Այս տարի հնարավոր է Ուկրաինայի առաջնությունում «Ոսկե խաղի» ականատեսը լինենք: Արդեն մտովի տրամադրվու՞մ եք այդ խաղին:

Մինչեւ «Ոսկե խաղը» մենք դեռ երեք խաղ ունենք եւ պետք է ամեն բան անենք, որպեսզի չպարտվենք: Սայթաքելու իրավունք չունենք: Ամեն խաղին մենք նախապատրաստվում ենք միայն հաղթանակ տանելու համար:

«Շախտյորն» ի տարբերություն  «Դինամոյի» շարունակում է մրցապայքարը նաեւ Ուկրաինայի գավաթի խաղարկությունում եւ, կարելի է ասել, ավելի շատ ուժ եւ ջանք է թափում: Անդրադառնու՞մ է դա ձեր խաղի վրա:

Իհարկե, դժվար է, երբ մեկ շաբաթում երկու կարեւոր խաղ ես անցկացնում, բայց մենք միակ թիմը չենք, ով խաղում է չեմպիոնության եւ գավաթի համար միաժամանակ: Մենք կանենք ամեն բան, եւ հուսամ այս տարի կարժանանք երկու տիտղոսներին:

Մեկ ամիս առաջ վնասվածք էիր ստացել: Արդեն ամողջությամբ ապաքիվե՞լ ես:

Այո, ամեն ինչ կարգին է: Աշխատում եմ շատ զգույշ լինել, որպեսզի նոր վնասվածքներ չստանամ:

Կարո՞ղ ես ասել, որ դու լավ մարզավիճակում ես կամ գո՞հ ես քո մարզավիճակից:

Կարծում եմ` կողքից ավելի լավ է երեւում: Կարող եմ ասել, որ մոտ եմ իմ օպտիմալ մարզավիճակին: Կփորձեմ պահպանել եւ ավելի լավացնել այս մարզավիճակս առաջիկա  խաղերում լավ հանդես գալու համար:

Մարզիչը գո՞հ է քո խաղից:

Չգիտեմ, չեմ խոսել նրա հետ:

Չմեպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղերի կանխատեսումը կարո՞ղ ես անել:

Կիասեզրափակիչ են դուրս եկել չորս ուժեղագույն թիմերը: Բոլորն էլ արժանի են, որ հաղթեն: Կանխատեսումներ չեմ կարող անել:

Լավ, իսկ ո՞ր զույգը կտեսնենք եզրափակիչում:

Ֆուտբոլում ամեն բան հնարավոր է: Կհաղթի այն թիմը, ով ավելի լավ է պատրաստված, եւ իհարկե, ով ավելի ուժեղ է:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ