17:33  ,  6 օգոստոսի, 2013

ՀՖՖ-ն ցմահ որակազրկեց Եվրոպայի լիգայի սկանդալային հանդիպումը սպասարկած մրցավարներին

Այսօր ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ: Նիստն անդրադարձավ ս.թ. հուլիսի 11-ին Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Ինտեր» Տուրկու (Ֆինլանդիա) - «Վիկինգուր» (Ֆարերյան կղզիներ) հանդիպումը սպասարկած հայաստանյան մրցավարական անձնակազմի՝ գլխավոր մրցավար Անդրանիկ Արսենյանի (Երեւան) եւ Հովհաննես Ավագյանի (Արտաշատ) կողմնակալ մրցավարության եւ խաղադրույքներ կատարելու նպատակով խաղի ելքի վրա ազդելու միտումնավոր գործողություններ կատարելու խնդրի հետ կապված հանգամանքներին:

Օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կրկին անդրադարձել էր հիշյալ խնդրին՝ հատուկ նշելով, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան թիվ մեկ շահագրգիռ կողմն է այս հարցի պարզաբանման տեսանկյունից եւ հետամուտ է լինելու, որ այն պարզաբանվի մինչեւ վերջ:

ՀՖՖ նախագահը գործադիր կոմիտեի անդամներին ներկայացրեց ինչպես ՀՖՖ փորձագիտական կոմիտեի, այնպես էլ ՀՖՖ նախագահի ներկայացուցիչների կատարած մանրակրկիտ ուսումնասիրություններն ու դրանց արդյունքները: 

Գործադիր կոմիտեին ներկայացվեց, որ հիշյալ մրցավարական անձնակազմը ներգրավված է եղել պայմանավորված խաղի գործընթացում, կատարել է անթույլատրելի, պատժելի գործողություններ, որոնք ապացուցված են ինչպես ՈւԵՖԱ-ի, այնպես էլ ՀՖՖ-ի կողմից արված բազմաթիվ ուսումնասիրություններով:

Պայմանավորված խաղում իրենց ներգրավվածության մասին հանգամանորեն պատմեցին նաեւ մրցավարներ Անդրանիկ Արսենյանը (Երեւան) եւ Հովհաննես Ավագյանը (Արտաշատ), որոնք այդ մասին գրել էին նաեւ բազմաթիվ ապացույցների ճնշման տակ: 

Նշվեց նաեւ, որ տվյալ գործընթացին մասնակցել են «Շահումյան» ֆուտզալի թիմի ղեկավար Գրիգոր Հովասափյանը եւ «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Էդգար Սաֆարյանը:

ՀՖՖ նախագահը, ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամները նշեցին, որ մրցավարների նման անթույլատրելի գործողությունը ստվեր է գցում հայկական ֆուտբոլի հեղինակության վրա, եւ կարող է կասեցնել բոլոր այն ջանքերը, որ գործադրվում են ՀՖՖ-ի կողմից, որպեսզի հայկական մրցավարական անձնակազմերը մասնակցեն միջազգային հանդիպումների, կատարելագործեն իրենց գիտելիքները, ստանան բարձր կարգ, միջազգայնորեն սահմանված վարձատրություն եւ այլն:  

Խստորեն քննադատելով կատարվածը, ՀՖՖ գործադիր կոմիտեն որոշեց հիշյալ մրցավարներին ցմահ որակազրկել ֆուտբոլային գործունեության իրականացումից, կարգապահական վարույթ իրականացնել այս գործընթացում ընդգրկված մյուս անձանց նկատմամբ եւ կիրառել կարգապահական կանոնակարգերով պայմանավորված խաղերի հետ կապված խստագույն միջոցները, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս