17:17  ,  18 հուլիսի, 2013

Հայ մրցավարի որոշումները Եվրոպայի լիգայում ու 300 հազար եվրոյի խաղադրույքը. ՀՖՖ-ի արձագանքը

Հուլիսի 11-ին հայաստանյան մրցավարական անձնակազմը՝ Անդրանիկ Արսենյանի գլխավորությամբ, սպասարկել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Ինտեր» (Տուրկու, Ֆինլանդիա) - «Վիկինգուր» (Ֆարերյան կղզիներ) հանդիպումը:

Խաղն ավարտվել է 0:1 հաշվով եւ հաջորդ փուլ է դուրս եկել «Վիկինգուրը»: 

Հանդիպման ընթացքում Անդրանիկ Արսենյանը երկու 11 մետրանոց է նշանակել երկու թիմերի օգտին: Ֆարերցիները դիպուկ են իրացրել 11 մետրանոցը, իսկ ֆինլանդացիները վրիպել են:

Նկատի առնելով այն հանգամանքը, որ այդ խաղի հետ կապված սովորականից բարձր՝ մոտ 300 հազար եվրոյի խաղադրույք է կատարվել երկու թիմերի կողմից էլ գոլ խփելու բուքմեյքերական հարցումում, անկողմնակալ մրցավարության հետ կապված խնդիր է առաջացել, որն էլ պատճառ է հանդիսացել, որպեսզի կասկածներ առաջանան խաղի գլխավոր մրցավար Անդրանիկ Արսենյանի մրցավարության վերաբերյալ: 

Այդ առթիվ ՀՖՖ-ն հանդես է եկել հայտարարությամբ.

«Տարբեր ԶԼՄ-ներ դիմել են ՀՖՖ մամուլի քարտուղարություն, որի կապակցությամբ ցանկանում ենք նշել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան թիվ մեկ շահագրգիռ կողմն է այս հարցի պարզաբանման տեսանկյունից եւ ինքն է հետամուտ լինելու, որ այն պարզաբանվի մինչեւ վերջ, քանի որ այն առընչվում է հայաստանցի մրցավարի մասնակցությամբ հանդիպման հետ: ՀՖՖ մրցավարական բաժնում տեղի են ունեցել դիտումներ եւ մասնագիտական քննարկումներ, սակայն, հաշվի առնելով, որ այս պահին ընթանում է  հետաքննություն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առայժմ զերծ կմնա գնահատականներից»,- նշվում է հայտարարությունում:

Bookmakersrating.ru-ի համաձայն՝ Տուրկուի «Ինտերը» դիմել է ՈւԵՖԱ՝ պահանջելով չեղյալ հայտարարել «Վիկինգուրի» դեմ խաղը, քանի որ այն պայմանավորված բնույթի է եղել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում