17:17 18 հուլիսի, 2013Հուլիսի 11-ին հայաստանյան մրցավարական անձնակազմը՝ Անդրանիկ Արսենյանի գլխավորությամբ, սպասարկել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Ինտեր» (Տուրկու, Ֆինլանդիա) - «Վիկինգուր» (Ֆարերյան կղզիներ) հանդիպումը:
Խաղն ավարտվել է 0:1 հաշվով եւ հաջորդ փուլ է դուրս եկել «Վիկինգուրը»:
Հանդիպման ընթացքում Անդրանիկ Արսենյանը երկու 11 մետրանոց է նշանակել երկու թիմերի օգտին: Ֆարերցիները դիպուկ են իրացրել 11 մետրանոցը, իսկ ֆինլանդացիները վրիպել են:
Նկատի առնելով այն հանգամանքը, որ այդ խաղի հետ կապված սովորականից բարձր՝ մոտ 300 հազար եվրոյի խաղադրույք է կատարվել երկու թիմերի կողմից էլ գոլ խփելու բուքմեյքերական հարցումում, անկողմնակալ մրցավարության հետ կապված խնդիր է առաջացել, որն էլ պատճառ է հանդիսացել, որպեսզի կասկածներ առաջանան խաղի գլխավոր մրցավար Անդրանիկ Արսենյանի մրցավարության վերաբերյալ:
Այդ առթիվ ՀՖՖ-ն հանդես է եկել հայտարարությամբ.
«Տարբեր ԶԼՄ-ներ դիմել են ՀՖՖ մամուլի քարտուղարություն, որի կապակցությամբ ցանկանում ենք նշել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան թիվ մեկ շահագրգիռ կողմն է այս հարցի պարզաբանման տեսանկյունից եւ ինքն է հետամուտ լինելու, որ այն պարզաբանվի մինչեւ վերջ, քանի որ այն առընչվում է հայաստանցի մրցավարի մասնակցությամբ հանդիպման հետ: ՀՖՖ մրցավարական բաժնում տեղի են ունեցել դիտումներ եւ մասնագիտական քննարկումներ, սակայն, հաշվի առնելով, որ այս պահին ընթանում է հետաքննություն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առայժմ զերծ կմնա գնահատականներից»,- նշվում է հայտարարությունում:
Bookmakersrating.ru-ի համաձայն՝ Տուրկուի «Ինտերը» դիմել է ՈւԵՖԱ՝ պահանջելով չեղյալ հայտարարել «Վիկինգուրի» դեմ խաղը, քանի որ այն պայմանավորված բնույթի է եղել:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.