11:44  ,  20 մայիսի, 2013

Դերենիկ Դումանյան. Չեմպիոններ եք, որովհետեւ առաջին հերթին հաղթել եք ձեր հիվանդությունը

ԱՊՀ-ում առաջին անգամ կազմակերպված հայկական տրանսպլանտ խաղերի փակմանը մասնակցել է նաեւ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: «Դինամո» մարզահամալիրում անցկացված խաղերի նախաձեռնողը «Արաբկիր» բժշկական համալիրն էր։ Հինգ մարզաձեւով իրենց ուժերը չափեցին փոխպատվաստված երիկամով 17 մարզիկ։

Սպորտային խաղերին մասնակցությունը եւ հետագա մարզումները կնպաստեն Հայաստանի փոխպատվաստված օրգանով մարդկանց կյանքի որակի, նրանց ֆիզիկական եւ հոգեկան վիճակի բարելավմանը:

Շնորհավորելով խաղերի մասնակիցներին Դերենիկ Դումանյանն ասաց. «Հարգարժան պրոֆեսոր Բաբլոյան, հարգելի հյուրեր, սիրելի մարզիկներ, այսօր ես հպարտ եմ, որ պատիվ ունեմ ողջունելու տրանսպլանտ առաջին խաղերի մասնակիցներին։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ դուք բոլորդ չեմպիոններ եք։ Չեմպիոններ եք, որովհետեւ առաջին հերթին հաղթել եք ձեր հիվանդությունը։ Դուք չեմպոն եք, որովհետեւ ուժեղ մարդիկ եք եւ հաղթել եք նրանով, որ ապացուցել եք, որ հաղթող տեսակ եք։

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ։  Կուզեի, որ ձեր նման հաղթող ոգի ունեցող մարդիկ մեր շրջապատում շատ լինեն` ամեն պարագայում։ Ուզում եմ նշել նաեւ, որ ձեր հաղթանակն ապահովել են նաեւ մեր հարգարժան բժիշկները` պրոֆեսոր Բաբլոյանի գլխավորությամբ։

Ուզում եմ, որ բոլորն իմանան, որ մեզանից ամեն մեկը կարող է հաղթել  հիվանդությունը` բժիշկների օգնությամբ եւ յուրաքանչյուր պահի։

Ես բոլորիդ շնորհավորում եմ եւ ցանկանում, որ ձեր հաջորդ մրցասպարեզը լինեն օլիմպիական խաղերը։ Արիություն ձեզ»։

Համաշխարհային տրանսպլանտ խաղերը հիմնադրվել են 1978 թվականին Լոնդոնում բժիշկ Մորիս Սլապակի կողմից, ով Հայաստան էր ժամանել հատուկ այս միջոցառմանը մասնակցելու նպատակով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English